Միջազգային դիտարկում. ընտրությունները դրական են գնահատում, բայց չեն մոռանում բացթողումների մասին

Միջազգային դիտորդները 2012թ.
մայիսի 6–ի Ազգային ժողովի ընտրությունները բնութագրում են դրական, սակայն նաև արձանագրում
են՝ «քվեարկողների վրա գործադրած ճնշումները, բողոքների քննարկման անկատար գործընթացը
ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ»:

Միջազգային դիտորդները հայտնում
են, որ մինչև ընտրությունները ընկած հատվածում ընտրացուցակների հնարավոր չարաշահումն
ավելացրել է գործընթացի նկատմամբ թերահավատությունը: Նախընտրական շրջանում տեղի ունեցած
խախտումներից առանձնացրել են ևս երկու երևույթ՝ ընտրողներին 500 տրակտոր նվիրելը
և վարչական ռեսուրսների չարաշահումը:

«Դատարաններն աչք են թեքել խոշոր
նվիրատվություններից, անտեսվել են նաև այն գանգատները, որ որոշ կուսակցություններ օգտագործել
են դպրոցների ռեսուրսները քարոզչություն իրականացնելու համար»,- հայտնում է ԵԱՀԿ կարճաժամկետ
դիտորդական առաքելության հատուկ համակարգող, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Խաիեր
դե Դոննեան:

Դիտորդները չեն նշել անուններ,
բայց բոլորն էլ քաջ գիտեն, որ տրակտորներ բաժանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,
իսկ վարչական ռեսուրսները չարաշահել է իշխող ու ընտրություններում հաղթած Հայաստանի
հանրապետական կուսակցությունը:

Ամեն դեպքում միջազգային
դիտորդները կարծում են, որ նմանատիպ խախտումներն ու ընտրությունների օրն
արձանագրած խախտումները զգալի կերպով չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա:
Նրանք պարզապես նշում են և պահանջում ուշադրություն դարձնել մի քանի
մտահոգությունների վրա, որոնք նկատել են այս ընթացքում:

«Որոշ քաղաքական կուսակցությունների
լայնածավալ միջամտությունների վերաբերյալ հաղորդումները լուրջ մտահոգությունների տեղիք
են տալիս»,- ասում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար՝
Վինթերբորնի Բարոնուհի Նիքոլսոնը:

Նա նաև հայտնում է, որ որոշ դեպքերում
խոչընդոտվել է ընտրողների տեղաշարժվելու իրավունքը, և խորհուրդ է տալիս իշխանություններին
խստիվ անդրադառնալ նաև այս հարցին, որ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին
նման սխալներ չլինեն:

Միջազգային դիտորդները համոզված
են, որ միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանը կամովին է ստանձնել, ոչ միշտ
են հարգվում: Նրանք դրական են գնահատում Ընտրական նոր  օրենսգիրքը, բայց համարում են, որ այն ամբողջությամբ
չի կիրառվել ընտրատեղամասերի կողմից, ուստի այս ոլորտում ՀՀ կառավարությունը ևս անելիքներ
ունի:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների
և մարդու իրավունքենրի գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար
Ռադմիլա Շեկերինսկան խոսեց կանանց ԱԺ-ում ներգրավված լինելու խնդրի մասին:

«Իհարկե գովելի է, որ այս տարի
ավելացել են քվոտաները կանանց համար, բայց քվոտան միայն գրանցման գործընթացին է վերաբերում,
որից հետո կանայք ինքաբացարկ են հայտարարում, ու իմաստը դրանից հետո կորում է»,- ասում
է Շեկերինսկան:

Անդրադառնալով այն հարցին, որ
ընտրատեղամասերում ընտրության օրը կնիքը ցնդում էր ու դրա պատճառով կասկածներ առաջացան,
որ մարդիկ կրկնակի են ընտրության մասնակցել՝ Ֆրանսուա-Խաիեր դե Դոննեան նշեց, որ մեղքը
ընտրատեղամասերի ղեկավարներին է պատկանում, ովքեր չեն ցնցել ներկանյութը օգտագործելուց
առաջ:

Դիտորդները միաբերան պնդեցին,
որ լրատվամիջոցներն այս տարի ապահովել են հավասար պայմաններ նախընտրական քարոզչության
համար: