DIY ակումբին սատարողները բոլոր ազգայնականներին զգուշացնում են՝«ֆաշիզմ Հայաստանում չի լինելու»

Չնայած հրկիզված լինելուն, մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված DIY ակումբը շարունակում է հյուրընկալել իր այցելուներին: Նրանք երեկոյան գալիս են, նստում ակումբի բակում ու գարեջուր խմելով քննարկում այն հարցը, որ Հայաստանում կան ֆաշիստական գաղափարներին հարող տասնյակ երիտասարդներ, որոնք սահմանափակում են ՀՀ քաղաքացիների ազատությունը:

Այստեղ հավաքվում են մշակութային տարբեր ճանաչված գործիչներ, հասարակական կազմակերպություններ ներկայացնող անհատներ, քաղաքացիական ակտիվիստներ: DIY-ը չի ճանաչում սեռային ու կրոնական խտրականություններ՝ հիմնվելով ՀՀ սահմանադրության և միջազգային այլ իրավական ակտերի վրա:

Նրանց համոզմամբ՝ հենց օրենքին հավատարիմ մնալու ու անկախ երկրում ազատ հայացքներով ապրելու ցանկության պատճառով մայիսի 8-ին ակումբը հրկիզվեց երկու ազգայնականների կողմից. այրվեցին DIY-ի սեղանները, աթոռները, դարակները, սառնարանները, խմիչքները, օդորակիչը, ՀԴՄ ապարատը և փայտե իրերը:
Ակումբի սեփականատեր Ծոմակ Օգանեզովան, ով նաև հայտնի ռոքեր է Հայաստանում, ի սկզբանե, ասում էր, որ ազգայնականներ են հրկիզել իր սեփականությունը, ովքեր նախօրոք երևացել են Dark Armenian powerful («Հայաստանի սև ուժեր») վերտառությամբ պաստառով: Նրանց քանակը, Օգանեզովայի տվյալներով, անցնում է 40-ը, իսկ նրանց մեջքին հզոր հովանավորներ են կանգնած:

Այս դեպքից առաջ գողացել են Օգանեզովայի հեծանիվը, դրանից առաջ սպառնացել են ինչպես DIY-ի, այնպես էլ այդ տարածքում գտնվող այլ ակումբների աշխատողներին:

Սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացնելուց ու հեղինակություն վայելող մարդկանց միջամտությունից հետո միայն ՀՀ ոստիկանությունը սկսեց զբաղվել այս խնդրով և ձերբակալվեց երկու կասկածյալ՝1992 թ. ծնված Մկրտիչ և 1993 թ. ծնված Համբիկ Խ.-երին:

Ոստիկանությունը պարզեց, որ նրանք նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:

«Ես հարգում եմ այս ակումբի սեփականատերերին, քանի որ նրանք շատ հստակ քաղաքացիական դիրքորոշում են արտահայտել տարբեր բնապահպանական և այլ կարևոր հարցերում: Դրա համար միանգամից արձագանքեցի, երբ ասացին, որ ոստիկանությունն անգործություն է ցուցաբերում: Ու չնայած ձերբակալվածներ կան, ես շարունակելու եմ աջակցել, քանի որ դեռ լուծված չէ փոխհատուցում տալու հարցը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

DIY ակումբին սատարող համերգին ներկա էր նաև նույն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նշեց, որ նման հակամարդկային գաղափարների պատճառով էր, որ հայերն ունեցան հայկական ցեղասպանությունը 1915թ.-ին ու նման կեցվածքը հայ մարդուն հարիր չէ:

Ակումբի սեփականատեր Օգանեզովան, վերցնելով իր կիթառը ռոքի լեզվով ասում է բոլոր ազգայնականներին, որ իրենք պայքարելու են մինչև վերջ ու «ֆաշիզմ Հայաստանում չի լինելու»: Նույն միտքը կրկնում են ակումբին սատարող քաղաքացիական ակտիվիստները:

ՀԳ.Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից մայիսի 15–ին Մկրտիչ Խ.–ին բաց են թողել 1 մլն գրավի դիմաց, իսկ Համբիկ Խ.–ի նկատմամբ կիրառվել է հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու պայմանը: ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով`ուրիշի գույքին դիտավորությամբ վնաս հասցնելու համար սահմանվում է 2-6 տարվա ազատազրկում: Գործի առիթով կատարվում է նախաքննություն: