Բանակային միջադեպերի քրոնիկոն

ՊՆ-ն հաստատեց. ականի պայթյունից զինվոր է մահացել

Մայիսի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի զորամասերից մեկում մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգսի Հարությունյանը: Դեպքը տեղի է ունեցել ուսումնավարժական պարապմունքների ժամանակ՝ հողի մեջ տեղադրված ականի պայթյունի հետևանքով: Այս մասին www.hra.am –ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Նշենք, որ ուսումնավարժական պարապմունքների ժամանակ օգտագործվում են ոչ թե մարտական, այլ՝ վարժական, անվտանգ ականներ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Կալանավորվածներ կամ ձերբակալվածներ դեռ չկան:

Արմեն Հարությունյանը բանակ էր զորակոչվել 2011թ. դեկտեմբերի 28-ին: ՊՆ քննչական վարչությունից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մինչ պաշտոնական տեղեկատվության հրապարակումը, դեպքին անդրադարձել էր Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Ըստ www.asparez.am կայքի՝ զինվորի մահվան բժշկական փաստաթղթում գրված է. «Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին և ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք»:

Զինվորը հանկարծամահ է եղել

Մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել: Առավոտյան ժամը 7:10-ի սահմաններում ֆիզպատրաստության ժամանակ շարահրապարակում վազելիս զինվորը ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, սակայն զինվորն արդեն մահացած է եղել:

ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը www.hra.am –ին հայտնեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունից է կախված՝ քրեական գործ կհարուցվի՞, թե՝ ոչ:

Գոռ Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղից էր, բանակ էր զորակոչվել մոտ մեկ տարի առաջ:

Հրազենային վիրավորում

Մայիսի 8-ին մեկ այլ միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի զորամասերից մեկում: Սամվել Ավետիսյանը կոկորդից կրակել է իրեն, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ ՊՆ քննչական վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Սամվել Ավետիսյանն այդ քայլին է դիմել ընտանեկան խնդիրների պատճառով: Նա բանակ է զորակոչվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատից:

Մարտական հենակետում զինվոր է մահացել

Ապրիլի 27-ին ժ. 19:35-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում հրազենային վիրավորումից մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը:

ՀՀ ՊՆ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Զինվորի մահվան գործով ձերբակալվածներ դեռ չկան

Ապրիլի 18-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ «Մեհրաբներ» զորամասի հենակետում, հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանի գործով ձերբակալվածներ դեռ չկան. տեղեկացնում է ՊՆ քննչական ծառայությունը:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), և կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Զորիկ Մարգարյանի հետ հրազենային վիրավորում էր ստացել նաև ժամկետային զինծառայող 22-ամյա Կարեն Մովսիսյանը. ՊՆ–ից տեղեկացնում են, որ Մովսիսյանի կյանքին վտանգ չի սպառնում: