Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկները շարունակ անտեսվում են

«Ռազմական դատավարությունների կենտրոնի»  կողմից պատրաստված հաշվետվության համաձայն՝ Խոշտանգումների
կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) Հայաստանին ուղղված
առաջարկությունները բազմիցս անտեսվել են. ԽԿԿ անդամների  հինգ այցելությունների արդյունքում արված առաջարկություններից  4-ը կրկնվում է արդեն 3-րդ անգամ, իսկ 19 առաջարկություն՝
երկրորդ անգամ:

Այս տվյալներն այսօր հրապարակվեց իրավապաշտպան, վաղվանից արդեն
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով իր ուսումնասիրությունը՝ «ՀՀ կողմից
խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունների իրականացման մոնիթորինգի
արդյունքների հաշվետվությունը»:

Հաշվետվության համաձայն՝ ԽԿԿ-ն Հայաստանում ընդհանուր առմամբ
ամրագրել է 592 դիտողություն: Պետական մարմիններին արվել է մոտ 172 բարեփոխման առաջարկություն,
որոնցից 23-ը կրկնվել են տարբեր թվականներին:

Oրինակ՝ Երևան քաղաքի ներքին գործերի վարչության ժամանակավոր
կալանավորման կենտրոնի հակահիգիենիկ պայմանները մնացել են նույնը, ինչ 2002թ. այցելության
ժամանակ էր, այսինքն՝ վատ: Դրա համար Կոմիտեն կրկնում է 2002 թ. այցելության առաջարկությունները՝
մասնավորապես շեշտելով տարածքի, լուսավորության, օդափոխության, հիգիենայի և վերանորոգման
հետ կապված հարցերը: Նույն կերպ Կոմիտեն անդրադառնում է գերբնակեցմանը Նուբարաշենի
քրեակատարողական հիմնարկում, ցմահ բանտարկյալների իրավունքներին և այլն:

12 առաջարկությունների դեպքում ՀՀ կառավարությունը ոչ մի պատասխան
չի տվել, 10-ի դեպքում նշվել է, որ առաջարկությունը կապ չունի տվյալ մարմնի հետ,
26-ի դեպքում՝ կառավարությունը տվյալ փուլում չի կարող բարելավել վիճակը, 4-ի դեպքում
առկա են եղել ֆինանսական խնդիրներ:

«Մենք առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք վերաբերում
են այն ծրագրերին, որոնք ՀՀ պետական մարմինները խոստացել են ԽԿԿ-ին կատարել, բայց այդպես
էլ կյանքի չեն կոչել: Կոմիտեի զեկույցներում կան կոնկրետ կետեր, որոնց պետք է պատասխանել,
իսկ մեր կառավարությունը, որ կետի պատասխանը չունի, այդ կետից թռչում է մյուս կետ»,-
ասում է Էդմոն Մարուքյանը:

Նա նշում է, որ պետությունը հոգեկան առողջության հետ կապված
համապարփակ ծրագիր է խոստացել ներկայացնել, ոստիկանություն բերման ենթարկված անձանց
համար իրենց պարտականություններն ու իրավունքները բացատրող ռուսերենով և անգլերենով
հուշաթերթիկներ են խոստացել պատրաստել, էլեկտրոնային արձանագրություն կազմելու համակարգ
են որոշել ներդնել, ինչը թույլ կտար, որ տեսանելի լինի, թե ով որ բաժանմունքում է գտնվում՝
բացառելով բերման ենթարկելուց հետո ինչ որ մեկին չգտնելու պրակտիկան ՀՀ ոստիկանությունում:

«Այս ամենը խոստացվել է, բայց մեր ուղարկած հարցումները ցույց
տվեցին, որ չի իրականացվել, որոշ դեպքերում չեն էլ պատրաստվում իրականացնել»,- մտահոգություն
հայտնեց Մարուքյանը:

Նա նշեց, որ պետք է նաև մշակվեր ՀՀ ոստիկանության հակակոռուպցիոն
վարքագծի ուղեցույց, ձերբակալվածների նկատմամբ ուժ գործադրելու դեպքում ծառայողական
քննություն լիներ, պետք է փակ հաստատություններում գործող ներքին կանոնակարգերը չկրեին
միայն  ձևական բնույթ, իսկ ՀՀ ոստիկանության
քննչական բաժանմունքներում պետք է դրվեին տեսաձայնագրման հայելային սենյակներ:  

Հաշվետվությունն անդրադառնում է հոգեբուժարաններում չկատարված
աշխատանքներին, որոնց մեջ հիմնականներից է համարվում անձնակազմի համալրումը ու կրթական
ծրագրերի անցկացումը ինչպես հիվանդների, այնպես էլ՝ նրանց սպասարկող անձնակազմի համար:

Մարուքյանը կարևորեց նաև այն հարցը, որ փակ հաստատություններում
կատարված ինքնասպանությունների կամ մահերի դեպքում ևս պետությունը չի կատարում իր պոզիտիվ
պարտականությունը՝ չանցկացնելով պատշաճ քննություն:

«Ինքնավնասումների ու կախվելու հետ կապված առաջին տեղում են
միշտ գտնվում այն մարդիկ, ովքեր դժգոհ են քրեական գործերից, անարդար դատավճռից կամ
նախաքննության հետ կապված խնդիրներից: Պետության կողմից հատուկ ցուցակով հիվանդություններ
կան, որոնց դեպքում մարդուն պետք է ազատ արձակեն, բայց դա չի արվում, և այս դեպքում
էլ են գրանցվում  մահվան ու ինքնավնասման դեպքեր»,-
ասաց Մարուքյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ մահացության դեպքերը հոգեբուժարաններում մեծ թիվ են կազմում,
քանի որ վերջին 5 տարվա ընթացքում 230-ից ավելի դեպք կա. որևէ փաստով քրեական գործ
հարուցված չէ, 3-4 գործով էլ հիմքերի բացակայության պատճառով քրեական գործերը կարճվել
են:

«Հիմնականում գրում են, որ մահացել են ինֆարկտից ու այլ հիվանդությունների
պատճառով, բայց չենք կարող ասել, որ դա ոչ պատշաճ բժշկության արդյունք է, թե՝ չէ: Խոշտանգումների
կանխարգելման կոմիտեն մշտապես դնում է պատշաճ քննության հարցը, այսինքն՝ մահացության
ցանկացած դեպքի վերաբերյալ պետությունը պետք է կատարի բազմակողմանի քննություն ու ոչ
միայն կատարի, այլև դրանց վերաբերյալ տվյալները ներկայացնի հանրությանը: Այսինքն՝ եթե
հարազատի կողմից չկա բողոք, այդ ինքնասպանության ու մահվան հետ կապված քրեական գործի
հարուցումն ընդամենը կարճում են»,- մտահոգություն հայտնեց Սաքունցը:

Իրավապաշտպան, իսկ վաղվանից արդեն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը
Սաքունցին առաջարկեց պատրաստել օրենսդրական մի նախագիծ, որի համաձայն՝ իրավապաշտպան
կազմակերպություններին պետք է իրավունք տրվի պաշտպանել մահացած կամ սահմանափակ հնարավորություններ
ունեցող մարդկանց իրավունքները:

Մարուքյանն առաջարկում է բոլոր հասարակական կազմակերպություններին
իրենց հուզող խնդիրներն իրեն ներկայացնել, որ վաղվանից՝ մայիսի 30-ից ԱԺ պատգամավորի
մանդատը ստանալուց
հետո, սկսի մտածել հասարակական կազմակերպություններին հուզող խնդիրները Ազգային ժողովում
բարձրաձայնելու մասին: