Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում. ՀԱԿ դիմումի քննարկումն ավարտվեց

Մայիսի 30-ին ՀՀ սահմանադրական դատարանն ավարտեց ՀԱԿ-ի դիմումի քննությունը և անորոշ ժամանակով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշումը, որտեղ արձանագրված են մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները:

Այսօր դատարանում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով:

ՀԱԿ ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը կրկին անգամ նշեց ՀՀ նախագահի և Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասանական ցուցակում ընդգրկված ևս 90 պետական պաշտոնյաների (կազմում են ցուցակի 36%-ը) կողմից իրենց պաշտոնեական լիազորություններին զուգահեռ նախընտրական քարոզչություն անելու և իրենց դիրքը և պետական ռեսուրսները ՀՀԿ-ին ծառայեցնելու հանգամանքը:

Փաստաբանը նաև նկատեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ նախընտրական քարոզչության ավարտից հետո նախագահի պաշտոնական այցերի թիվը կտրուկ նվազել է:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի վերահսկել պաշտոնատար անձանց կողմից քարոզչության իրականացմանը, ինչը հանգեցրել է հավասարության սահմանադրական սկզբունքի խախտմանը»,- հայտարարեց Վահե Գրիգորյանը:

ԿԸՀ-ն իր պատասխանում նշել էր, որ նախընտարական քարոզչության ժամանակ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ ՀԱԿ-ը որևէ բողոք չի ներկայացրել իրենց: Սրան ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչը նշեց.

«Այս մոտեցումն անհարիր է ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու մարմնի համար: Ստացվում է, որ դիմողն է պատասխանատու ընտրությունների անցկացման օրինականության վերահսկողության համար, եթե նա դիմում չի ներակայցրել, ապա կարելի է թույլ տալ, որպեսզի պաշտոնատար անձինք շարունակեն իրենց լիազրություններին զուգահեռ քարոզչությամբ զբաղվել»:

Վահե Գրիգորյանը մատնանշեց ևս մի քանի հանգամանք, որոնց մանրամասն անդրադարձել է իրենց պահանջը ներկայացնելիս, և խնդրեց դատարանին բավարարել հայցը:

Պատասխանող կողմի եզրափակիչ ելույթը ներկայացրեց ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը: Նա հիմնականում կրկնեց նույն հակափաստարկներն ու առարկությունները, որոնք նախորդ օրը դատարանին ներկայացրեց ԿԸՀ նախագահը:

Սմբատյանի խոսքերով՝ դիմող կողմի բերած ապացույցներն ընդամենը սուբյեկտիվ գնահատականներ ու եզրակացություններ են, իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում և բավարար չեն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նույնիսկ մեկ ընտրատարածքում:

«Դիմողի տրամաբանությունից բխում է, որ թեկնածու լինելը և քարոզչության մասնակցելը պետական որևէ պաշտոն չունեցող անձի մենաշնորհն է»,- անդրադառնալով պետական պաշտոնյաների կողմից իրենց լիազորություններին զուգահեռ քարոզչությամբ զբաղվելու հանգամանքին՝ եզրակացնում է Սմբատյանը:

Խոսելով դրոշմակնիքների արագ անհետացման խնդրից՝ ԿԸՀ քարտուղարն ասաց, որ այդ խնդիրը չափազանց շատ է քաղաքականացվում:

«Դրոշմակնքումը կրկնակի քվեարկությունը բացառելու միայն մեկ, լրացուցիչ միջոց է և չի կարող ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,- նշեց Սմբատյանը:

ՀԱԿ պնդումը, թե ընտրությունների օրը «քվեարկել է» հանրապետությունից բացակայող կամ մահացած շուրջ 700,000 անձ, ԿԸՀ քարտուղարը համարեց անհեթեթ, և հետաքրքրվեց, թե ի՞նչ մեթոդոլոգիայով է այդ թիվը հաշվարկվել:

Առհասարակ, պատասխանող կողմը գտնում է, որ դիմողի ներկայացրած թվային տվյալները և վերլուծությունները իրականությանը չեն համապատասխանում, իսկ ԿԸՀ թիվ 265-Ա որոշումը իրավաչափ է, ընդունվել է ՀՀ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ուստի պետք է դիմումը մերժել:

Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դեռ հայտնի չէ, թե որոշումը երբ կհրապարակվի: