ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻՊ արտահերթ զեկույցը` ԱԺ ընտրություններից հետո և նախագահական ընտրություններին ընդառաջ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մինչև նախագահական ընտրություններն
առաջարկում է օրենսդրական փոփոխությունների միջոցով ՀՀ ոստիկաններին իրավունք տալ նախընտրական
ցուցակներից հանել այն մարդկանց անունները, ովքեր երկար ժամանակ է բացակայում են Հայաստանից:
Նա համոզված է, որ այս քայլով բնակչության մոտ կվերանա քվեարկության հնարավոր կեղծման մտավախությունը:
Սա մեկն էր Անդրեասյանի առաջարկություններից, որի մասին նա բարձրաձայնել է իր 2012թ.
խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցում: Մարդու իրավունքների
պաշտպանն ընտրությունները վերլուծել է մի քանի տեսանկյունից՝ ընտրական ցուցակների շուրջ
անճշտություններ, նախընտրական քարոզչություն, քվեարկության օր: Անդրադարձել է ընտակաշառքներին,
վարչական ռեսուրսների չարաշահմանն ու բռնություններին, ինչպես նաև բողոքարկման մեխանիզմներին:
Ընտրացուցակների թվի
շուրջ աղմուկը բարձրացավ, երբ պարզ դարձավ, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների
ընտրացուցակներում 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ
ներառված են ավելի մեծ թվով ընտրողներ: Նշված
խնդրի կապակցությամբ հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն: Այս խնդրի շուրջ դատախազության հայտարարության համաձայն` 2008թ. փետրվարից հետո
ընտրողների ռեգիստրից դուրս եկած և նոր ընդգրկված ընտրողների քանակական տարբերությունը
2012թ. ապրիլի դրությամբ համապատասխանում է փաստացի վիճակին:
Բայց մարդիկ մինչև
հիմա թերհավատորեն են վերաբերում այդ տվյալներին, ուստի Անդրեասյանն առաջարկում է ընտրացուցակներից
հանել բոլոր այն մարդկանց անունները, ովքեր մշտապես կամ երկար ժամանակով բացակայում
են Հայաստանից: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ներկայիս օրենսդրությամբ դրա իրավունքը
չունի:
«Բռնության մասին եղել են մեկ տասնյակ
դեպքեր: Օրինակ՝ ընդդիմադիր ներկայացուցչի քիթը կոտրել են, սպասում ես, որ այդ դեպքում լուծում կլինի, բայց հետո հաշտվում
են ու հասարակությունը չի տեսնում այդ գործով մեղավորներին: Մեկ այլ դեպքով, էլի ընդդիմադիր
դաշտից եղել է ահազանգ, որ խոչընդոտում են իրենց քարոզարշավին, բայց հետագայում դիմումատուն
չի ներկայացել ոստիկանություն»,- արձանագրել է Անդրեասյանը:
Առաջին դեպքը վերաբերում է Բաբկեն Գարոյանին, ում մի խումբ երիտասարդներ ծեծի էին ենթարկել և կոտրել նրա քիթը: Բռնության էին ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը: Գայանե Առուստամյանի հաղորդման
հիման վրա 2012թ. ապրիլի 16-ին հարուցվել էր քրեական գործ՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ
հոդվածի` դիտավորությամբ առողջությանը թեթև
վնաս պատճառելու հատկանիշներով:
«Հետագայում
2012թ. մայիսի 21-ին Բ. Գարոյանը Մալաթիայի քննչական բաժնում դիմում է ներկայացրել այն
մասին, որ ինքը պարտք և պահանջ չունի այդ հանցագործության մեջ իրեն մեղավոր ճանաչած
Վարդան Վարդանյանի հետ, ներել է նրան և խնդրել օրենքի սահմաններում Վ.Վարդանյանին պատասխանատվության
չենթարկել: Ելնելով վերոնշյալից` քրեական գործի վարույթը կարճվել է տուժող Բ.Գարոյանի և մեղադրյալ
Վ.Վարդանյանի միջև հաշտության արդյունքում»,- գրված է ՄԻՊ-ի զեկույցում:
Լրատվամիջոցները, Անդրեասյանի համոզմամբ, բազմակողմանի են լուսաբանել քարոզարշավն
ու ընտրության գործընթացը, սակայն նրանց լուսաբանումը զուրկ է եղել բովանդակությունից:
«Բովանդակություն այդպես էլ չի հայտնվել ընտրողի սեղանին, որ նա կարողանա ճիշտ
ընտրություն կատարել: Ներկայացրել են վերացական, ոչ ծրագրային խնդիրներ, ինչն էլ նպաստել
է ընտրակաշառքի ինստիտուտի զարգացմանը, քանի որ եթե մարդը չունի գաղափար, որի մեջ կարող
է ընտրել, նա սկսում է ընտրել 5000 կամ 10000 դրամի մեջ»,- համոզված է Անդրեասյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը կարծում
է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ զանգվածային բնույթ էին կրում լցոնումները, ձայների հաշվարկի
ընթացքում կեղծումները, բռնությունները, բազմակի քվեարկությունները, այս ընտրություններն էականորեն և դրականորեն տարբերվել են:
«Բոլոր արձանագրված խախտումներից ամենամտահոգիչը եղել է ընտրակաշառքի բաժանման երևույթը: Հանրության որոշ մասի համոզմամբ՝ ընտրակաշառքի դեպքերը եղել են զանգվածային: Չնայած նման համոզմանը, այդ մասին փաստող ապացույցները և հիմնավոր վկայությունները բացակայում են: Ընտրակաշառքների վերաբերյալ արձանագրված շուրջ հարյուր ահազանգերի ծանրակշիռ մասը իրավապահ մարմինների կողմից ճանաչվել է անարժանահավատ»,- նշված է զեկույցի մեջ:
Ընտրակաշառքների բաժանման իրական ծավալների բացահայտման պարտականությունը, Անդրեասյանի պնդմամբ, կրում են հենց իրավապահ մարմինները, իսկ ոստիկանության և դատախազության աշխատանքի արդյունքները խիստ միատեսակ են եղել և չափազանց անբավարար:
«Նման գործելաոճը չի կարող կանխել ընտրակաշառքի բաժանման դեպքերը հաջորդ ընտրություններին և էականորեն նվազեցնում է հանրության վստահությունն այդ մարմինների ու ընտրությունների արդյունքների նկատմամբ»,- կարծում է Անդրեասյանը:
Անդրեասյանն ասում
է, որ վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերն
այս ընտրություններին չեն կրել զանգվածային բնույթ և հետևաբար հնարավոր չէ փաստել, որ վարչական ռեսուրսի կիրառումն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա:
www.hra.am–ի այն հարցին, թե արդյոք ընտրությունների
ընթացքի վրա չի ազդել այն փաստը, որ հանրակրթական դպրոցների, վարժարանների տնօրենների 70%-ը ՀՀԿ-ական են եղել, Անդրեասյանը պատասխանեց.
«Վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերում ահազանգեր գրեթե բացակայում են, ես
համաձայն եմ, որ որոշ հիմարկների ղեկավարները չլինեն կուսակցական գործիչներ, բայց բացի
դրանից մենք պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ եթե կա այդ երևույթը ինչո՞ւ
այդ մասին չեն բարձրաձայնում»։
Զեկույցում նաև ողջունելի է համարվում, որ էականորեն նվազել են դիտորդների, վստահված անձանց, լրագրողների և ընտրական գործընթացների այլ մասնակիցների գործունեությանը խոչընդոտելու դեպքերը և նրանց նկատմամբ բռնությունները:
ՄԻՊ-ը նաև արձանագրել
է, որ ընտրություններին մասնակցող բոլոր սուբյեկտները ունեցել են իրական և մատչելի հնարավորություն բողոքարկելու իրենց շահերը շոշափող մարմինների որոշումները: Բողոքարկման բոլոր ատյանները գործել են ողջամիտ ժամկետներում և պահպանել են օրենքի գործընթացային պահանջները:
