Վճիռ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու գործով. պատիժը մնաց անփոփոխ

Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու նկատմամբ նշանակված քրեական պատիժը մնաց անփոփոխ։

Հուլիսի 12-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Վլադիմիր Գրիգորյան) հրապարակեց դատական ակտը, որի համաձայն՝ 1996թ. ՀՀ գերագույն դատարանի կողմից Արսեն Արծրունու գործով կայացված որոշումը կվերանայվի և կհամապատասխանեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 222-ի առաջին մասին (Բանդիտիզմ) և 38-104 հոդվածների 2-րդ մասի 1-ին կետին (երկու կամ ավելի անձանց սպանությունը), իսկ նրա նկատմամբ նշանակված քրեական պատիժը՝ ցմահ ազատազրկումը, կմնա անփոփոխ:

«Անհասկանալի քաղաքականություն է մեր պետությունում. գտնում են, որ ցմահ դատապարտված ոչ մի անձ չպետք է դուրս գա և ցանկացած ճանապարհով փորձում են անել այնպես, որպեսզի չազատեն: Եվ դատարանի այսօրվա ապօրինի, անհիմն որոշումն այդ քաղաքականության շարունակությունն է»,- կարծում է Արսեն Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունին:

Արծրունու պաշտպանները մտադիր են որոշումը բողոքարկել՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ է արդեն 17 տարի: ՀՀ գերագույն դատարանը 1996թ նրան մեղավոր է ճանաչել երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին:

Տարիներ անց՝ 2011թ., Արծրունու փաստաբանը պարզել է, որ 2006թ. կայացրած դատական ակտում մեղադրանքին ավելացվել է ևս մեկ հոդված (երկու և ավելի անձանց սպանություն), որը չկար 1996թ. կայացրած վճռում: Փաստաբանը բողոքարկել է վճիռը, և 2011թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է 2006թ. կայացված դատական ակտը և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Այսօր դատական ակտի հրապարակումից և նիստի ավարտից հետո դատավորը մեկնաբանեց, որ 104 հոդվածի 1-ին մասը (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) «կլանվել է երկրորդ մասի 1-ին կետի մեջ՝ որպես երկու կամ ավելի անձանց սպանություն»:

Արծրունու փաստաբանները շարունակում են պնդել, որ Արծրունու գործողությունները չպետք է վերաորակվեին 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը), քանի որ մի սպանությունը տեղի է ունեցել 1993 թվականին, մյուսը՝ 1994-ին, և դեռևս 1996թ. ՀՀ գերագույն դատարանը գտել է, որ այդ երկու սպանությունները որևէ կապ չունեն իրար հետ և պետք է դիտարկել առանձին:

«Արծրունու գործողությունները կարող էին որակվել որպես «երկու կամ ավելի անձանց սպանություն» միայն և միայն այն դեպքում, եթե այդ երկու սպանությունները կատարված լինեին մեկ հանցագործության ընթացքում կամ իրար հետ փոխկապակցված լինեին»,- www.hra.am –ին մեկնաբանեց Նարինե Ռշտունին:

Նրա խոսքերով՝ Արծրունու գործողությունները կարող էին որակվել 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով (սպանություն, որը կատարվել է նախկինում սպանություն կատարած անձի կողմից): Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011թ. փոփոխությունների հետևանքով 104 հոդվածի 15-րդ կետը հանվել է: Հետևաբար, Ռշտունու կարծիքով, իր վստահորդի գործողությունները պետք է որակվեն ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12տ ժամկետով)՝ երկու առանձին դրվագներով, և հաշվի առնելով, որ Արծրունին արդեն 17 տարի ազատազրկված է, նրան պետք է ազատ արձակեին:

Դատարանի կայացրած որոշումն անակնկալի չբերեց փաստաբաններին:

«Հայաստանի արդարադատության պայմաններում սպասելի էր նման որոշումը, և ես շատ խիստ կասկածում էի, որ դատավորն իր մեջ այդքան ուժ կգտնի և այնքան խիզախ կլինի, որ դեմ կգնա դատախազության կարծիքին»,- լրագրողներին ասաց Նարինե Ռշտունին:

Իսկ Արծրունու մյուս պաշտպանը՝ փաստաբան Ռուբեն Ռշտունին, պնդեց իր՝ բազմիցս արտահայտած տեսակետը. «Դատարանները շարունակում են մնալ դատախազության կցորդները և երբեք չեն համարձակվի դուրս գալ դատախազության խոսքի դեմ: Մեր դատարանները հոգեվարք են ապրում, մահացել են, չկան: Մենք արդարադատություն չունենք, մոռացե՛ք»:

Երկար տարիների փաստաբանական փորձից ելնելով՝ Ռուբեն Ռշտունին մոտավորապես հաշվարկել է, որ դատապարտյալների 1/3-ը կա՛մ անմեղ են, կա՛մ կրում են չափազանց խիստ պատիժ:

Հ.Գ. Արսեն Սրծրունու գործով արտագնա դատական բոլոր նիստերին ներկա են նրա ընտանիքի անդամները և հարազատները: Այսօր նրանք նույնպես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էին, սակայն չկարողացան ներկա լինել որոշման հրապարակմանը, քանի որ նրանց ներս թողեցին միայն դատական ակտի հրապարակումից հետո: Դատավորն ասաց, որ ինքը կարգադրել է բոլորին ներս թողնել, իսկ հիմնարկի աշխատակիցները հավանաբար իրեն ճիշտ չեն հասկացել:

Լուսանկարը՝ Իննա Մխիթարյանի.Վահան Իշխանյանի բլոգից