Ոստիկանությունում բռնության ենթարկվելու փաստը կոծկվել է մակերեսային քննությամբ

Դատավոր Գայանե Կարախանյանը չվերացրեց քննիչի որոշումը. այսպիսով՝ լուրջ քննության չի ենթարկվում Վաղարշապատի ոստիկանությունում տեղի ունեցած խոշտանգման փաստը։ 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ.Կարախանյան) 2012թ. հունիսի 15-ին մերժել է քաղաքացի Արման Սահակյանի հայցը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ hատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Եփրեմյանի կայացրած՝ «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 13.01.2012թ. որոշումը:

Արման Սահակյանը պնդում է, որ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2010թ. հոկտեմբերի 22-ին իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ կիրառվել են ֆիզիկական և հոգեբանական բռնություններ, որոնց ազդեցության տակ իրենք տվել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

Նրա փաստաբան Գարիկ Մալխասյանն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել Ընդհանուր իրավասության դատարանի և ՀՔԾ որոշումները, խոշտանգման փաստով հարուցել քրեական գործ և կատարել բազմակողմանի քննություն:

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ 1982թ. ծնված Արման Սահակյանը մեղադրվում է 2010թ. հուլիսի 8-ին՝ 00:30-01:00 սահմաններում, տեղի ունեցած ավազակային հարձակման մասին իմանալու և ոստիկանությանը չհայտնելու մեջ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը): Ներկայումս նշված գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Վ.Խալաթյան): Առաջիկա նիստը հուլիսի 25-ին է։

Գործի նախապատմությունը

2010թ. հոկտեմբերի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Վաղարշապատի բաժին է բերման ենթարկվել (ըստ քրեական գործի նյութերի՝ հրավիրվել) Արման Սահակյանը: Ըստ փաստաբանի՝ նրա հետ ոստիկանություն են բերվել նաև մայրը՝ Էլմիրա Սահակյանը և 17-ամյա քույրը՝ Հայաստան Սահակյանը, ինչը ոստիկանությունում չի արձանագրվել: Ավելի ուշ ոստիկանություն են բերել նաև Սահակյանի կնոջը՝ Մերի Ծատուրյանին՝ մանկահասակ երկու երեխաների` 2 տարեկան տղայի և 40 օրական դստեր հետ:

Արման Սահակյանի հետ բերման է ենթարկվել նրա ընկերը՝ Արթուր Շահբազյանը՝ ավազակային հարձակմանը մասնակցելու կասկածանքով: Ըստ գործի նյութերի՝ նա Արման Սահակյանին առաջարկել է իր հետ մասնակցել հարձակմանը, սակայն Արմանը հրաժարվել է, բայց նախապատրաստվող հանցագործության մասին չի հայտնել ոստիկանությանը, ինչը քրեորեն պատժելի արարք է:

Դատարանում փաստաբաններին հաջողվել է բավարար ապացույցներ ներկայացնել, որոնք հաստատում են, որ Արթուր Շահբազյանը հանցագործության կատարման պահին այլ վայրում է եղել և չէր կարող մասնակցություն ունենալ:

Իսկ կատարված հանցագործությանն Արման Սահակյանի առնչությունն ապացուցող փաստեր չկան: Միակ ապացույցն Արմանից և նրա ընտանիքի անդամներից վերցված ցուցմունքներն են, որոնք, ինչպես իրենք են պնդում, կորզվել են սպառնալիքների, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների արդյունքում:

Հետագայում նրանք դիմել են իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ հոկտեմբերի 22-ին տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, սակայն խոշտանգման հիմքերով քրեական գործ չի հարուցվել:

Ոստիկանության բաժնում կատարված խախտումները

Փաստաբան Գարիկ Մալխասյանը պատմում է, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության բաժին բերելուց հետո Արման Սահակյանին և նրա ընտանիքի մյուս անդամներին պահել են առանձին-առանձին: Կինը 40 օրական կրծքով կերակրվող երեխայի հետ պահվել է տղամարդ ոստիկանների շրջապատում, և ժամեր շարունակ չի կարողացել կերակրել երեխային: Առանձին է պահվել նաև Արմանի անչափահաս քույրը:

Ըստ փաստաբանի՝ ոստիկանության օպերատիվ աշխատողները հարցեր են տվել կատարված ավազակային հարձակման մասին իմանալու, մասնակցելու առաջարկ ստանալու և այլնի մասին: Բոլորն ասել են, որ ավազակային հարձակման մասին իրենք ոչինչ չեն իմացել և ոչ մի առաջարկ էլ չի եղել:

«Այդ ընթացքում բռնություններ են կիրառվում Արման Սահակյանի նկատմամբ: Նրան ծեծում են և նրա ձայները լսում են կողքի սենյակներում գտնվող կինը, քույրը: Վերջիններիս սպառնում են, թե «ամեն ինչ պետք ա պատմես, դու լավ էլ գիտես ինչ ա եղել, թե չէ ստեղից չես գնա, ավազակային հարձակման համար Արմանին 10 տարով կփակենք, կգնա»: Նման ձևով քննիչները ժամեր շարունակ, մինչև գիշերվա 10-11-ը նրանց պահում են ոստիկանությունում»,- նշում է Գարիկ Մալխասյանը:

Սպառնալիքների հետևանքով Արման Սահակյանի քույրը, մայրը և կինը ոստիկանների ասած սցենարով ցուցմունքներ են տալիս, որպեսզի Արմանին այլևս չտանջեն: Նրանք պատմում են, որ իբր Արմանի ընկերը եկել է իրենց տուն և առաջարկել է Արմանին մասնակցել ավազակային հարձակմանը: Այդ մասին պատահաբար լսել է նրա քույրը՝ Հայաստան Սահակյանը և ասել մորը: Մայրը միջամտել է խոսակցությանը և ասել, որ իր տղային չխառնեն նման պատմությունների: Արմանը չի համաձայնել մասնակցել, բայց իմացել է, որ ավազակային հարձակում է պլանավորված:

Արման Սահակյանը շարունակել է ժխտել իր առնչությունը հանցագործությանը և նույն օրը կատարված առերես հարցաքննությունների ժամանակ ասել է, որ իր հարազատները սուտ են ասել, նման խոսակցություն իրենց տանը չի եղել:

Ուշ երեկոյան Արման Սահակյանի մայրը՝ Էլմիրա Սահակյանը, ով առողջական խնդիրներ ունի, ոստիկանության բաժնում ուշագնաց է լինում:

Փաստաբանի հավաստմամբ՝ մոր վատանալուց հետո Արման Սահակյանը ոստիկաններին խնդրում է իր ընտանիքի անդամներին տուն ուղարկել: «Ինչ որ պետք է, կասեմ»,- ասում է նա և ոստիկանների թելադրած սցենարով ցուցմունք տալիս:

«Բոլոր հարցաքննությունների արձանագրությունները կազմված են քննիչի կողմից: Հարազատներին բաց են թողել միայն բոլոր ցուցմունքները արձանագրելուց և ստորագրել տալուց հետո: Այդ ընթացքում նրանք զրկված են եղել ազատ տեղաշարժվելու իրավունքից, ո՛չ սնվել են, ո՛չ ջուր են խմել, զուգարանից օգտվել են խիստ սահմանափակումներով և ոստիկանի ուղեկցությամբ»,- նշում է փաստաբանը:

Մեկօրյա քննչական գործողությունների արդյունքում քննիչը Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրում ՀՀ Քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մա¬սով (հանցագործության մասին չհայտնելը) և նա ձերբակալվում է:

Ըստ փաստաբանի՝ խոշտանգումների մասով լուրջ քննություն չի իրականացվել

Արման Սահակյանը 2010թ. հոկտեմբերի 25–ին՝ ժամը 21:30-ին, ազատ է արձակվել ոստիկանությունից։ Օրեր անց՝ հոկտեմբերի 28-ին, նա դիմում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին և Ներքին անվտանգության ծառայության (ՆԱԾ) պետին, որ իրենց նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններ և վատ վերաբերմունք է եղել, ինչի հետևանքով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել:

ՆԱԾ-ը ծառայողական քննություն է կատարում: Բացատրություն են տալիս միայն Արման Սահակյանը, Վաղարշապատի ոստիկանության բաժնի աշխատակիցները, Արմանի անչափահաս քրոջ հարցաքննությանը մասնակցած մանկավարժը:

Ոստիկանները պնդում են, որ բռնություններ չեն եղել: Իսկ ոստիկանության բաժնի պետը, ում անունը նույնպես շոշափվում է Արման Սահակյանին ծեծողների մեջ, գրություն է ներկայացնում, որ հոկտեմբերի 18-26-ն ընկած ժամանակահատվածում իր կնոջ հետ հանգստացել է «Ջերմուկ» առողջարանում:

«Ծեծի ենթարկվելու փաստը ստուգելու համար Արման Սահակյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվում, մինչդեռ խոշտանգաման մասին հաղորդում ներկայացնելուց անմիջապես հետո պետք է նշանակվեր փորձաքննություն»,- ասում է փաստաբան Գարիկ Մալխասյանը:

ՆԱԾ ավագ տեսուչ Մ.Նահապետյանը 2011թ. հունվարի 27–ին որոշում է կայացնում, որ ծառայողական քննության ընթացքը պետք է կասեցնել և դիմումներին անդրադառնալ նախաքննության ավարտից հետո:

Դատական փուլում ևս խոշտանգման փաստն անտեսվել է

Գործը դատարան ուղարկելուց հետո դատաքննության փուլում Արման Սահակյանը և նրա ընտանիքի անդամները կրկին ցուցմունքներ են տվել իրենց նկատմամբ ոստիկանության բաժնում կիրառված վատ վերաբերմունքի մասին: Պաշտպանը միջնորդել է խոշտանգման մասին տեղեկությունները պատշաճ ստուգման ենթարկել:

Դրանից հետո դատարանը հաղորդում է ներկայացրել դատախազություն, որտեղից հաղորդումն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ): 2011թ հունվարին նյութեր են նախապատրաստվել և ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երեմյանը 2012թ. հունվարի 13–ին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

ՀՔԾ-ում Արման Սահակյանը բացատրություն է տվել և մանրամասն պատմել է հոկտեմբերի 22-ին ոստիկանության բաժնում տեղի ունեցածը:

«Դա որակվել է որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց: Քննիչը եզրակացության մեջ գրել է, որ Արման Սահակյանը խոշտանգման մասին դիմում է ներկայացրել, որպեսզի ցուցմունքները որակվեն որպես անընդունելի ապացույց և ինքն ու իր ընկերն ազատվեն քրեական պատասխանատվությունից: Սա քննիչների ստանդարտ ձևակերպումն է»,- մեկնաբանում է փաստաբանը:

ՀՔԾ քննիչը նաև որոշել էր, որ քրեական պատասխանատվությունից ազատվելու նպատակով Արման Սահակյանը սուտ մատնություն է կատարում, և միջնորդել էր, որպեսզի Սահակյանի դեմ քրեական գործ հարուցվի սուտ մատնության հոդվածով:

Ոստիկանության Աշտարակի մարզային վարչության քննչական բաժնում մերժվել է քրեական գործի հարուցումը այն պատճառաբանությամբ, որ եթե բռնության հանգամանքը չի հաստատվել, ապա դա դեռ չի նշանակում, որ բռնություն չի եղել և Արման Սահակյանը սուտ մատնություն է կատարում:

Գործում առկա հակասություններն ու խախտումները

Ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս և ձերբակալվելիս ո՛չ Արման Սահակյանը, ո՛չ նրա ընտանիքի անդամները փաստաբան չեն ունեցել:

Փաստաբան Գարիկ Մալխասյանի խոսքերով՝ Սահակյանին և նրա հարազատներին չեն բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչն օրենքով պարտավոր էին անել բերման ենթարկելու և արգելանքի վերցնելու պահից:

«Նորմալ ընտանիքում, որտեղ թշնամություն կամ կոնֆլիկտներ չկան, եթե քննիչը կամ ոստիկանության աշխատակիցը բացատրեր ընտանիքի անդամներին, որ Սահմանադրության 22 հոդվածի համաձայն պարտավոր չեն ցուցմունքներ տալ իրենց մերձավոր ազգականի վերաբերյալ, ի՞նչ եք կարծում մայրը, կինը կամ քույրը նման ցուցմունքներ կտայի՞ն»,- հռետորական հարց է տալիս փաստաբանը:

Արգելանքից (ձերբակալությունից) ազատվելուց հետո Սահակյանը դիմել է բուժօգնության: Ռենտգեն հետազոտությամբ նրա մոտ հայտնաբերվել է «փուշելունների շեղում միջին գծից»: Ըստ բժշկի՝ ողնաշարի նման վնասվածք կարելի է ստանալ միայն ուժեղ հարվածի հետևանքով: Սակայն քննության ընթացքում բացատրություններ չեն վերցրել ո՛չ բժշկից, ո՛չ այն մարդկանցից, ովքեր տեսել են Սահակյանի վրայի վնասվածքները և նրա հետ գնացել են բժշկական հետազոտության:

Սահակյանի 17-ամյա քույրը հարցաքննվել է մանկավարժի մասնակցությամբ, ով, ըստ քրեական գործի նյութերի, Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի ուսուցիչ է: Փաստաբանը հարցում է կատարել և ստացել է դպրոցի տնօրենի պաշտոնական գրությունը, որ Վլադիմիր Հայիրյան անունով մանկավարժ իրենց դպրոցում երբևէ չի աշխատել: Այս փաստը ներկայացվել է դատարանում, սակայն որևէ անդրադարձ կամ գնահատական չի տրվել:

Մյուս փաստը, ըստ Գարիկ Մալխասյանի, այն է, որ վերջնականապես չի հաստատվել կամ հերքվել Ոստիկանության Վաղարաշապատի բաժնի պետ Գևորգ Խաչատրյանի մասնակցությունը Արման Սահակյանի ծեծին: Թեև «Ջերմուկ» առողջարանի տնօրենը գրությամբ հայտնել է, որ Գևորգ Խաչատրյանը 2010թ. հոկտեմբերի 18-26-ը կնոջ հետ հանգստացել է իրենց մոտ, սակայն իր բացատրություններում ասել է, որ չի կարող վստահաբար ասել այդ բոլոր օրերին նա Ջերմուկո՞ւմ է եղել, ինչ-որ տեղ գնացե՞լ է, թե՞ ոչ:

«Պետն իր բացատրություններում նշել է, որ հեռախոսով կապի մեջ է եղել իր աշխատակիցների հետ: Կարելի էր ընդամենը վերցնել բջջային հեռախոսի վերծանումները և պարզել՝ նա Ջերմուկո՞ւմ է եղել, թե՞ Վաղարշապատում, որը չի արվել»,- ասում է փաստաբանը:

Գործում առկա է նաև զննության արձանագրության հակասություն: ՀՔԾ է ներկայացվել մի արձանագրություն, ըստ որի՝ ձերբակալվելու պահին զննել են Արման Սահակյանի մարմինը և վնասվածքներ չեն հայտնաբերել նրա վրա: Այդ փաստաթղթի վրա կա նաև Արման Սահակյանի ստորագրությունը:

Փաստաբանը պնդում է, որ Արմանի ստորագրությունն այդ փաստաթղթում կեղծված է և դա երևում է անզեն աչքով: Արման Սահակյանի խոսքերով՝ ձերբակալման պահին իրեն չեն զննել և արձանագրություն չի կազմվել:

«Դա հաստատվել է նաև իրենց կողմից: 2012թ հունվարի 25-ին դատարանի պահանջով ստացված գրության համաձայն՝ Արման Սահակյանը ՁՊՎ ընդունելիս զննության չի ենթարկվել: Դատարան չի ուղարկվել զննության մասին այն արձանագրությունը, որը ՀՔԾ են ներկայացրել, որովհետև մենք անպայման միջնորդելու էինք ձեռագրաբանական փորձաքննություն նշանակել, քանի որ փաստաթղթի վրայի ստորագրությունը ակնհայտ տարբերվում է Արման Սահակյանի իրական ստորագրությունից»,- ասում է փաստաբանը:

Նրա խոսքերով՝ հարցումներից պարզ է դառնում նաև, որ քննիչի կազմած արձանագրությունները պարունակում են կեղծիքներ:

«ՁՊՎ-ում գտնվելու և քննչական գործողությունների համար ՁՊՎ-ից հանվելու որևէ ժամ չի համապատասխանում իրար: Այն ժամերին, երբ ըստ քննիչի արձանագրությունների՝ Արմանի հետ կատարվել են քննչական գործողություններ, ըստ ՁՊՎ-ից ստացած գրության՝ Արման Սահակյանը եղել է ՁՊՎ-ում և նրա մոտ ոչ ոք մուտք չի գործել»,- փաստում է Գարիկ Մալխասյանը:

Այս բոլոր հակասությունները ներկայացվել են դատարան, սակայն, ըստ փաստաբանի, պատշաճ գնահատական չեն ստացել: Դատարանի որոշումը նա գնահատում է «մակերեսային և միակողմանի» և վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Մեղադրյալների անմեղությունն ապացուցող շատ փաստեր գործին կցված չեն

Արման Սահակյանի դեմ հարուցված քրեական գործը 2011թ. հունիսից ուղարկվել է դատարան:

Նախագահի հայտարարած համաներման ակտով  Արման Սահակյանը ենթակա էր ազատման, սակայն նա հրաժարվել է համաներումից, շարունակում է պնդել, որ ինքը խոշտանգման հետևանքով է ցուցմունքներ տվել և պետք է արդարացվի:

Արման Սահակյանի ընկերոջ՝ Արթուր Շահբազյանի պաշտպանին հաջողվել է դատարանում ապացուցել, որ նա մասնակցություն չի ունեցել ավազակային հարձակմանը: Նրա հեռախոսային վերծանումներից երևում է, որ հանցագործության կատարման պահին Արթուր Շահբազյանը գտնվել է այլ վայրում, այդ ընթացքում կատարել է բազմաթիվ հեռախոսազանգեր և SMS-ներով է փոխանակվել:

«Հեռախոսային այս վերծանումները, ինչպես նաև Արմանի և Արթուրի անմեղությունն ապացուցող շատ այլ փաստեր քննիչը քրեական գործին չի կցել»,- ասում է փաստաբանը: