ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Գործը շինծու է» պնդում է փաստաբանը՝ բողոք տանելով Վերաքննիչ դատարան

Երևանի Կենտրոն և
Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Հայ ազգային
կոնգրեսի 4 ակտիվիստ երիտասարդների ազատազրկման դատապարտելու հուլիսի 20-ի
որոշումը մինչև օգոսոտոսի 20-ը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ դատարանում: Այս
մասին www.hra.am –ին հաղորդեց ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Նշենք, որ այս դատական
գործի համար հիմք էր դարձել 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ
տեղի ունեցած միջադեպը ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև: Միջադեպի հետևանքով
կոտրվել է ոստիկաններից մեկի քիթը, ինչը ոստիկանների պնդմամբ որակվել է որպես բռնություն իշխանության ներկայացուցչի
նկատմամբր մեղադրանք առաջադրվել Տիգրան Առաքելյանին: Մյուս երիտասարդներին՝ Սարգիս
Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին մեղադրել են խուլիգանության
մեջ:
Գործով Տիգրան Առաքելյանը
մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր
բռնություն գործադրելու (Քր.օր.՝ հոդված 316, մաս 1 և 2) և խուլիգանության մեջ՝ մի
խումբ անձանց կողմից կատարված և զուգորդված իշխանության ներկայացուցչին կամ
հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրությամբ (Քր. օր.՝ հոդված 258,
մաս 3–ի 1 և 2 կետեր)։
Սարգիս Գևորգյանին, Դավիթ
Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նույն՝ Քր. օր.՝ հոդված
258, մաս 3–ի 1 և 2 կետերով, Արտակ Կարապետյանին նաև՝ Քր.օր.՝ հոդված 316, մաս 1–ով։
Գրեթե մեկ տարի տևած
դատավարությունից հետո դատավոր Գագիկ
Պողոսյանը ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման,
Գևորգյանին, Քիրամիջյանին և Կարապետյանին՝
2-3 տարի ազատազրկման՝ կատարելով մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությունը,
որի հետ պաշտպանական կողմը համաձայն չէ: Փաստաբան Ստեփան Ոսկանյանը նշում է, որ
տղաները մեղավոր չեն ու գործը շինծու է:
«Մեղադրանքի հիմքում ընկած են բացառապես
ոստիկանության աշխատակիցների ցումցունքները, նախաքննության ժամանակ առաջ է քաշվել
այն փաստը, որ ոստիկանները մինչև միջադեպը նկատողություն են տվել առանց վզկապի շան
հետ զբոսնող երիտասարդին, որից հետո առաջացել է վիճաբանությունը: Մենք մեր ճառում
ասացինք, որ այդ վարկածն առաջարկվել է, որ միջադեպից առաջ ոստիկանների կողմից
արված ապօրինությունները կոծկվեն»,- www.hra.am –ին հաղորդում է
Ոսկանյանը:
Նա նշում է, որ ոստիկանների ցուցմունքները ոչ մի այլ
ապացույցով չեն հիմնավորվել դատարանում, իսկ ոստիկաններն ու վկաները նախաքննության
և դատական քննության ընթացքում տվել են իրարամերժ ցուցմունքներ:
«Վկաներն ասում են, որ իրենց կանչել են ոստիականության
բաժանմունք՝ սպառնալով, որ աշխատանքից կզրկեն, եթե վկայություն չտան: Վկաներից
մեկն անգամ ասել է, որ իրեն մի քանի անգամ է, ինչ կանչում են որպես վկա ու իր տեղն
արդեն արել են: Վկաներ կան, ովքեր ականատես չեն եղել, բայց տվել են ցուցմունքներ,
թե անմիջական ականատես են եղել»,- պնդում է փաստաբանը:
Նա նշում է, որ Առաքելյանը գլխի դիտավորյալ շարժումով չէր կարող կոտրել ոստիկանի քիթը, քանի որ
ոստիկանը երկու ձեռքերով անշարժացրել է Առաքելյանին ու փորձել խեղդել:
«Այդ վիճակում հնարավոր է, որ անկանոն շարժումների
հետևանքով առաջացած լինի այդ վնասվածքը, ու նա որևէ դիտավորյալ պատճառ չի ունեցել
նրան հարվածելու համար»,- ասում է Ոսկանյանը:
Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն,
որով քննադատում է Կենտրոն-Նորք Մարաշ
վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի որոշումը` համոզված լինելով, որ սա քաղաքական և քաղաքացիական
հակառակորդներին հետապնդելու, հալածելու, զրկանքների մատնելու ավանդական գործելաոճ
է:
