Շաքարային դիաբետով հիվանդների թիվն աճում է

Շիրակի մարզում շարքային դիաբետով հիվանդ երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 50 տոկոսով և հայտնաբերվել են հիվանդ երեխաներ, ովքեր 5 տարեկանից փոքր են. ամենափոքրը 1.5 տարեկան է: Այս մասին հայտնում է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» Շիրակի մարզի մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Գենադի Պալոզյանը՝ ասելով, որ եթե նախորդ տարի հիվանդ երեխաների թիվը 20-ն էր, ապա այս տարի նրանց թիվը հասել է 30-ի:

Պոլոզյանի փոխանցմամբ՝ հիվանդների թվի աճի ստույգ պատճառը հայտնի չէ ամբողջ աշխարհում ինչպես փոքրահասակների այնպես էլ մեծահասակների համար: Բելգիացիների հետազոտությունները նշում են վիտամին D-ի պակասի մասին: Շատերը հիվանդության պատճառները կապում են սթրեսի հետ:

Այս տվյալները մանկական գլխավոր էնդոկրինոլոգը հայտնեց հուլիսի 27-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կայացած կլոր սեղանի ժամանակ, որտեղ հրապարակվեցին «Գյումրի քաղաքի շարքային դիաբետով չափահաս հիվանդների իրավունքների պաշտպանությունը առողջապահության ոլորտում պետպատվերի շրջանակներում» մոնիթորինգի արդյունքները:

Շաքարային դիաբետն աշխարհում և Հայաստանում

1970 թ., աշխարհում հաշվվում էր շաքարային դիաբետով հիվանդ 30 մլն մարդ, իսկ այսօր արդեն բուժում ստացող գրանցվածների թիվը 285 մլն է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 1990 թ. ՀՀ-ում գրանցված էր 35.500 հիվանդ, այժմ նրանց թիվը 45500-ն է: 2007 թ. Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) առողջապահության տեղեկատվական-վերլուծական հանրապետական կենտրոնի և ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բուրգում շաքարային դիաբետը (4,9%) զբաղեցնում է երրորդ տեղը:

Հայաստանն ունի շաքարային դիաբետից մահացության ամենաբարձր ցուցանիշը տարածաշրջանում՝ 50,9 մահվան դեպք 100.000 բնակչի հաշվով. Վրաստանը, Իրանն ու Թուրքիան՝ 20,9 և Ադրբեջանը՝ 30,9 մահվան դեպք:

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ Հայաստանում հաշվառված հիվանդներից ամենամեծ թիվը՝ 3513-ը (այդ թվում` 1026-ն ինսուլինակախյալ, 2487-ը` ոչ ինսուլինակախյալ) ապրում են Շիրակի մարզում, որտեղ կա գործազրկություն, անօթևանների մեծ քանակ և սոցիալապես անապոհ մեծ խավ:

Շաքարային և ոչ շաքարային դիաբետն ընդգրկված է այն հիվանդությունների ցուցակում, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար (2006թ. ՀՀ կառավարության թիվ 1717-Ն որոշման համաձայն):

Բժիշկների հավաստմամբ՝ շաքարային դիաբետով բոլոր հիվանդների համար, ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն այցելության դեպքում, անկախ բժշկական ցուցումներից, պետք է իրականացվի ամսվա ընթացքում առնվազն մեկ արյան հետազոտություն (գլյուկոմետրիա) և տարեկան մեկ անգամ ակնահատակի զննում` ակնաբույժի կողմից:

Շիրակի մարզում անվճար դեղերը ոչ միշտ են տրամադրվում ժամանակին

Մոնիթորինգի համաձայն՝ հարցված 90 հիվանդների 96,9%-ի (95 հարցված) հավաստմամբ՝ բժիշկը նշանակել է անվճար դեղորայք, սակայն նրանց 32,6%-ը (32 հարցված) դեղեր է գնել սեփական միջոցներով, քանի որ նշանակված դեղորայքի քանակությունը չի բավարարել տվյալ ժամանակահատվածի համար: Եղել են դեպքեր, երբ բուժհաստատությունը ժամանակին չի տրամադրել անհրաժեշտ դեղերը (65,6% - 21 հարցված), կամ անհրաժեշտ դեղորայքն ընդգրկված չէ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցուցակում (34,4% - 11 հարցված):

Ինսուլինի գինը Գյումրի քաղաքում տատանվում է 6-8 հազար դրամի սահմաններում, իսկ ինսուլինի ներարկիչների գինը 25-50 դրամ է:

«Թեև պետությունը սահմանել է, որ շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ բուժօգնությունը և սպասարկումը արտահիվանդանոցային պայմաններում տրամադրվելու է անվճար, 2%-ը (2հարցված) նշել է, որ վճարումներ է կատարել լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար: Հարցվածների գերակշիռ մասը (72,4%) բավարարված էր իրեն տրամադրվող մասնագիտացված բուժօգնության որակից, 27,6%-ը բավարարված էր մասամբ: Նրանք դժգոհում են մասնագիտացված բուժօգնության որակից»,- նշված է մոնիթորինգի արդյունքում հրապաակված զեկույցում:

Դժգոհությունները հիմնականում բացատրվում են այն փաստով, որ թեև պետությունը տրամադրում է անվճար դեղեր, բայց ոչ միշտ են դեղերը տրամադրվում ժամանակին, և ոչ միշտ է դրանց քանակությունը բավարարում հիվանդներին: Բացի այդ, պետությունը հիվանդին չի տրամադրում ինսուլինի ներարկիչներ, որոնք ինսուլինակախյալ հիվանդին նույնքան անհրաժեշտ են, որքան ինսուլինը:

Շիրակի մարզի գլխավոր էնդոկրինոլոգ Ալլա Թադևոսյանը նշում է, որ շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ է ամբողջական բուժում, որը Հայաստանում իրականացվում է մասամբ:

«Հիվանդը ինքն է վճարում նախնական ուսումնասիրության համար, որը արժե 30 հազար դրամ, իսկ կոմպլեկս բուժվելու համար անհարժեշտ են այնպիսի թանկ դեղամիջոցներ, որոնք ամսական հիվանդի վրա կարող են նստել 60 հազար դրամ, իսկ Շիրակի մարզի բնակչությունը վճարունակ չէ»,- ասաց Թադևոսյանը www.hra.am –ին:

«Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» Շիրակի մարզի մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Գենադի Պալոզյանը նշեց, որ անգամ ամենաթանկ դեղամիջոցների պարագայում հիվանդությունը չի բուժվի, եթե հիվանդն անընդհատ չհետևի իրեն ու բժշկի ցուցումներին:

ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` իրենք ստանում են պահանջվող դեղամիջոցների ընդամենը 30%-ը, և, բնականաբար, այդ քանակությունը չի կարող բավարարել բոլորին:

Չնայած նրան, որ նույն մարզպետարանի աշխատակիցներն ասում են, որ շաքարային դիաբետը հաշմանդամություն չէ, այլ ապրելակերպ, բայց պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժում ստանալու իրավունք ունեն շաքարային դիաբետով տառապող միայն այն հիվանդները, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից հաշմանդամ են ճանաչվել:

Կհիմնվի ճարպակալման առաջին դպրոցը Հայաստանում

Շիրակի մարզը միակն է մարզերից, որտեղ կա հատուկ բաժանմունք մանուկ հիվանդների համար: Մյուս մարզերից ծնողները ստիպված են լինում երեխաներին պարբերաբար տանել Երևան՝ բուժման նպատակով կամ էլ ֆինանասական խնդիրների պատճառով ոչ մի տեղ էլ չեն տանում: Պոլոզյանի համոզմամբ՝ սա ամենամեծ խնդիրներից մեկն է Հայաստանի համար:

«Հայաստանում սա միակ մարզն է, որտեղ հավաքագրված են մոտ 2500 դպրոցականների տվյալներ, որի շնորհիվ մենք պարզել ենք, որ նրանց 25-30 տոկոսն ունի ճարպակալում, որը շարքային դիաբետի հիմնական պատճառն է: Դրա համար մենք պատրաստվում ենք սեպտեմբերին Հայաստանում ստեղծել մանկական առաջին ճարպակալման դպրոցը Շիրակի մարզում, որը կանխարգելիչ նպատակ է հետապնդում: Մենք նաև պարբերաբար դասընթացներ ենք անցկացնում ծնողների համար, որի շնորհիվ նրանք հասկանում են իրենց երեխայի հիվանդությունն էնդոկրինոլոգի պես»,- ասաց Պոլոզյանը:

Մոնիտորինգն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի Գյումրիի տարածքային զարգացման ծրագրի և «Մուշ» զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն։