ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արթուր Գրիգորյանը կդիմի ոչ թե ՄԻԵԴ, այլ՝ Մարդու իրավունքների կոմիտե
Փաստաբան Արթուր
Գրիգորյանը, «Հրապարակի» կայքում գրված մեկնաբանությունների դեմ հայցերով
ներպետական բոլոր դատական ատյանները սպառելուց և պարտվելուց հետո չի դիմելու Մարդու իրավունքների եվրոպական
դատարան:
«Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ այդ դատարանում գործերի քննությունները չափից ավելի շատ են ձգձգվում և, բացի այդ, պատվի և արժանապատվության պաշտպանության հետ կապված նախադեպային իրավունքը բավականին հեղեղուկ է, ինչը հետագայում կամայական
հետևությունների համար պարարտ հող կարող է ստեղծել»,– www.hra.am –ին մեկնաբանել
է Գրիգորյանը:
Նա նշել է, որ մտադիր է դիմել Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեին՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրության դրույթներին համապատասխան ՀՀ դեմ գործընթաց սկսելու համար։
Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր
Գրիգորյանը զրպարտիչ էր համարել «Հրապարակ» թերթի կայքում՝ hraparak.am-ում
«Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ ընթերցողների թողած վեց մեկնաբանությունները:
Փաստաբանն օրաթերթից 18 միլիոն դրամ էր պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը
վիրավորելու համար:
«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանն էլ
նշում էր, որ չի կարելի լրատվամիջոցին դատի տալ ընթերցողների
մեկնաբանությունների համար և պահանջել այնպիսի գումար, որը թերթին կարող է
սնանկացման հասցնել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանը մարտի 7-ին մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի՝ անհիմն
լինելու պատճառաբանությամբ: Դրանից հետո Գրիգորյանը դիմեց ՀՀ վերաքննիչ դատարան,
որն էլ ապրիլի 16-ին հրաժարվեց քննության առնել նրա
բողոքը: Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը հունիսի 6-ին վերադարձրեց Վերաքննիչ
դատարանի կայացրած որոշման դեմ բերված բողոքը:
Վերաքննիչ դատարանը գտավ,
որ Արթուր Գրիգորյանի պահանջը գույքային է, հետևապես,
բողոք ներկայացնելիս նա պետք է նախապես վճարեր պետական տուրք՝ հայցագնի 3 տոկոսի չափով:
«Ի հակակշիռ այս թյուր տեսակետի՝ ես իմ վճռաբեկ բողոքում նշել էի, որ պատվի և արժանապատվության պաշտպանության հետ կապված իրավահարաբերությունները
դասվում են անձնական ոչ գույքայինների շարքին։ Դա ակնհայտ է նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի ցանկացած ուսանողի համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր Վճռաբեկ դատարանն այսօր կոչված է իրականացնելու իսկական հեղափոխություն՝ խեղաթյուրելով իրավագիտության հիմքում ընկած անգամ ամենատարրական կատեգորինաերը»,- համոզված
է Գրիգորյանը:
Գրիգորյանը
կարծում է, որ ներպետական դատարաններում ինքը զրկվել է իր գործի արդարացի քննության,
իր պատվի և արժանապատվության դեմ հարձակումներից պաշտպանվելու իրավական արդյունավետ միջոց ունենալու իրավունքներից:
