ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինվորների ծնողներին հաշվետվություն չեն ներկայացրել

Բանակում խաղաղ պայմաններում մահացած 8 զինծառայողների ծնողների և մարդու
իրավունքների պաշտպանի համատեղ տեղեկանքները մնացել են անպատասխան։ Զինվորների
մահվան գործերի քննության ընթացքում տեղ գտած խախտումներն ուսումնասիրելու
նպատակով ԱԺ–ում ստեղծված ոչ ֆորմալ աշխատանքային խումբը մեկ տարվա ընթացքում ոչ
մի պարզաբանում կամ հաշվետվություն չի ներկայացրել ծնողներին:
Աշխատանքային խմբում ընդգրկված պատգամավորներից մի քանիսն էլ այլևս
խորհրդարանում չեն և ծնողներին հայտնել են, որ չեն կարող ոչնչով օգտակար լինել։ Ծնողները
պահանջում են ԱԺ–ում ստեղծել իրենց որդիների գործերը քննող նոր հանձնաժողով։
Հիշեցնենք, որ 2011թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ խաղաղ պայմաններում
բանակում մահացած ութ զինվորների ծնողները հանդիպեցին Ազգային ժողովի
պատգամավորների հետ։ Նրանք բողոքում էին իրենց որդիների գործերի քննության
ընթացքում կատարված խախտումներից։ ՄԻՊ գրասենյակի աջակցությամբ ծնողները պատգամավորներին
ներկայացրին յուրաքանչյուր գործի վերաբերյալ տեղեկանք, որտեղ ներկայացված էին
զինծառայողների մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի
վարկածը, գործի քննության ընթացքում տեղ գտած խախտումներն ու թերացումները:
ԱԺ-ում ձևավորվեց ոչ ֆորմալ աշխատանքային
խումբ, որի մեջ ընդրգվեցին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, Մարդու իրավունքների հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, Պաշտպանության, ներքին գործերի և ազգային
անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը և «Ժառանգություն»
խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրեր
բոլոր գործերը և արձագանքեր ծնողների ներկայացրած խնդիրներին։ www.hra.am –ի հարցմանը ԱԺ–ից պատասխանել էին, թե գործերի վերաբերյալ հարցումներ են
արվել տարբեր գերատեսչություններին, որոնց պատասխանները կհամակարգվեն, կվերլուծվեն
և կներկայացվեն հանրությանը։ Հարցումների պատասխանները ո՛չ հրապարակվեցին և ո՛չ էլ
ներկայացվեցին զինծառայողների ծնողներին։
«Ես չգիտեմ՝ ինչ ցուցանիշներով պետք է գնահատել նրանց
աշխատանքը, բայց մի բան կարող եմ ասել հաստատ՝ նրանք մեզ համար ոչինչ չեն արել:
Մենք տեղյակ չենք եղել, թե ու՞մ են դիմել, ե՞րբ, ի՞նչ հարցեր են տվել, ի՞նչ
պատասխաններ են ստացել»,- վրդովված ասում է 2001թ. դեկտեմբերի 30-ին մահացած
Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:
Նա տասը տարի շարունակ պնդում է, որ իր որդուն չորս վկայի ներկայությամբ սպանել է գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը, ով եղել է ալկոհոլի ազդեցության տակ և ցանկացել է «պատժել» տղային արձակուրդի դիմաց պահանջած գումարը չբերելու համար: Սակայն վկաները վախեցել են
ցուցմունք տալ, և գործը կոծկվել է ինքնասպանության վարկածի տակ։
2012–ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից հետո Ազգային ժողովի կազմը փոխվեց։
Զինվորների ծնողներին աջակցող նախկին պատգամավորները խոստովանեցին, որ խորհրդարանում
ոչինչ չեն կարող անել։ Ծնողները դիմեցին նորընտիր պատգամավորներին:
«Նիկոյանը մեզ ասում է, որ այժմ չեն կարող պատասխանել
մեր հարցերին, ու մենք միայն եկող նստաշրջանի ընթացքում պարզաբանումներ կստանանք: Իսկ
ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն
Նահապետյանը հայտնում է, որ պատասխաններն ունեն, բայց չեն կարող տրամադրել մեզ,
քանի որ ղեկավարությունը թույլ չի տալիս»,- www.hra.am –ին հաղորդում է 2007 թ. Վարդենիսի
Կարճաղբյուրի զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի
մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Պաշտոնական վարկածով Օհանջանյանը մահացել է
էլեկտրահարումից, սակայն հինգ տարի շարունակվող նախաքննության ընթացքում այդ
վարկածը մի քանի անգամ հերքվել է լուրջ փաստարկներով։ Ծնողները համոզված են, որ
իրենց տղային սպանել են:
Ծնողները
նոր հանձնաժողով են պահանջում
Խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները սեպտեմբերի
9-ին ԱԺ շենքի առջև բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով, որ խորհրդարանում ստեղծվի
զինվորների գործերը քննող նոր հանձնաժողով:
Նրանք դիմել են ԱԺ բոլոր 7 խմբակցությունների
ներկայացուցիչներին: Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը մայրերին
հրավիրել է իրենց գրասենյակ՝ խնդիրները քննարկելու համար: Հայաստանի հանրապետական
կուսակցություն խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը ծնողներին ասել է, որ բոլորից
շատ են ցավում այդ դեպքերի համար ու ամեն ինչ անելու են, որ մեղավորները պատժվեն:
Ազգային ժողովի շենքի դիմաց ծնողներին են հանդիպել նաև ՀՀԿ խմբակցության
պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Արամ
Մանուկյանը և «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը:
Ծնողները մեծ սպասումներ չունեն, բայց հուսով են, որ խորհրդարանում
ընդդիմադիր քաղաքական ուժերը միգուցե «անիվը շարժեն»:
Պաշտպանը պատրաստակամ
է ընդգրկվել նոր հանձնաժողովում
Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանը սեպտեմբերի 10-ին հայտարարություն է տարածել, որ համաձայն կլինի ընդգրկվել զոհված
զինվորների ծնողների առաջարկած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում:
«Գիտակցելով
ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները,
այնուամենայնիվ, խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների առանձին
քրեական գործերի քննության ընթացքում տեղ գտած թերացումների, խախտումների
վերաբերյալ դեռևս կան հիմնավոր մտահոգություններ»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարության
մեջ:
Պաշտպանի կարծիքով՝
քրեական գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու արդարության վերականգնումը միայն
կարող են ապահովել նախաքննության նկատմամբ վստահության վերականգնումը և վաղվա
բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:
Զինվորների գործերն ուսումնասիրող նախկին աշխատանքային
խմբի անդամ, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը անարդյունավետ
է գնահատում խմբի գործունեությունը։
«Մենք, փաստորեն, հանձնաժողովի շրջանակներում այդպես
էլ չենք քննարկել հարցումների արդյունքում ստացված պատասխանները։ Եվ ես, որպես խմբում
կամավոր ընդգրկված անձ, համարում եմ, որ արդյունավետ աշխատանք չի տարվել այդ
ուղղությամբ: Ասում էին՝ սպասեք բոլոր հարցումների պատասխանները ստանանք, նոր
կքննարկենք։ Ստանալուց հետո էլ ասում էին, որ գործերը դեռ նախաքննության փուլում
են, կիսատ բաներ կան ու այդպես ամեն ինչ ձգձգվում էր»,- www.hra.am –ին հայտնում է Ալավերդյանը:
Նա հույս ունի, որ նոր հանձնաժողովի
դեպքում գոնե հստակություն կլինի. ձևակերպված կլինեն բոլոր անդամների պարտականությունները, և կնշվի ծնողներին հաշվետվություն ներկայացնելու վերջնաժամկետը: Նա նշում է, որ անգամ
պետական մարմիններից պատասխան չստանալու դեպքում աշխատանքային խումբը պարտավոր էր տեղեկացնել
ծնողներին և հաշվետու լինել նրանց առջև, ինչն այդպես էլ չարվեց նախորդ խմբի գործունեության
ընթացքում։
