«Մարդու իրավունքները ՀՀ մարզերում». ներկայացվեցին մոնիթորինգների արդյունքները

Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի
մարզի համայնքային հասարակական կազմակերպությունների անդամները մոնիթորինգներ են իրականացրել՝
պարզելու իրենց համայնքներում մարդու իրավունքների որևէ ոլորտի  իրական վիճակը։ 

Մոնիթորինգներն արվել են 2011թ. մեկնարկած «Համայնքների ձայնը
հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում
է «Վորլդ Վիժն ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը՝
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» իրավապաշտպան
հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։

Ծրագրի նպատակն է հզորացնել համայնքային կազամակերպությունների՝
մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու կարողությունները։ Համայքային ՀԿ–ների
45 ներկայացուցիչներ մասնակցել են դասընթացների՝ հմտանալով իրավունքների մոնիթորինգի
և շահերի պաշտպանության ոլորտում։

Սեպտեմբերի 28-ին հանրությանը ներկայացվեցին կատարված մոնիթորինգների
արդյունքները։

2011թ մայիս–սեպտեմբեր ամիսներին
Գեղարքունիքի և Լոռու մարզերի մի քանի համայնքներում իրականացվածԵրեխաների
կրթության իրավունքի պաշտպանությունը 
թեմայով
մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել է կրթությունից դուրս մնացած 10 երեխա։

«Երեխաները կրթությունից դուրս
են մնում հիմնականում սոցիալական խնդիրների, սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներում
ներգրավված լինելու, հաճախակի բնակավայրը փոխելու, կրթության առանձնահատուկ պայմանների
կարիք ունենալու պատճառով: Հայտնաբերել ենք նաև երեխաներ, ովքեր դպրոց չեն հաճախում
ծննդյան վկայական չունենալու պատճառով»,– մոնիթորինգի արդյունքները ներկայացնելիս նշեց
Գավառի տարածքային զարգացման ծրագրի աշխատակից Մարիամ Մուրադյանը։

Մոնիթորինգային խմբի համար խնդիրներ
է ստեղծել այն, որ օրենքով որևէ կերպ սահմանված չէ, թե որ երեխան է համարվում «կրթությունից
դուրսմնացած»։ Մյուս կողմից, ըստ մոնիթրինգն
իրականացնողների, կան երեխաներ, ովքեր հաշվառված են դպրոցում, բայց շատ բացակայելու
պատճառով կրթությունից մասամբ դուրս են մնում։

Մեկ այլ խումբ ուսումնասիրել է
երեխաների
կրթության իրավունքը Թալինի տարածաշրջանի ութ եզդիական համայնքներում
։

Ուսումնասիրությունը
 ցույց է տվել, որ թեև ՀՀ օրենսդրությամբ ազգային
փոքրամասնությունները իրավունք ունեն դպրոցում կրթությունը կազմակերպել հատուկ ծրագրով,
սակայն մասնագետներ չլինելու պատճառով երեխաները զրկվում են մայրենի լեզվով կրթություն
ստանալու իրավունքից։

«Դդմասար համայնքի աշակերտներն իրենց մայրենի լեզվով գրել-կարդալ
չգիտեն, որովհետև դպրոցում արդեն ութ տարի է՝ եզդիերեն առարկան չի դասավանդվում մասնագետ
չունենալու պատճառով: Երեք տարի եզդիերեն չի դասավանդվել Հակո համայնքում, քանի որ
ուսուցիչը մեկնել է Ռուսաստան»,- ասում է «Թալին-հույս» ՀԿ նախագահ Անահիտ Աբգարյանը:

Նրա խոսքերով՝ ուսումնասիրված բոլոր դպրոցներում տնօրենները
և ուսուցիչները ազգությամբ հայ են, իսկ եզդիերեն դասավանդող ուսուցիչները չունեն բարձրագույն
կրթություն, ինչպես պահանջում է ՀՀ օրենքը։ Առհասարակ, այս համայնքներում կրթության
նկատմամբ հետաքրքրությունը ցածր է, ինչը տիկին Աբգարյանը բացատրում է եզդիների ազգային
առանձնահակություններով։

«Հաշմանդամություն ունեցող երեխաների բուժսպասարկումը Կապանում» թեմայով մոնիտորինգը  բացահայտել է, որ թեև օրենքով ամրագրված է  հաշմանդամ երեխաների անվճար բուժսպասարկման իրավունքը,
սակայն ծնողները ստիպված են լինում վճարել։

«Օրինակ՝ թերապիայից օգտվել է 29 մարդ, վճարել է 11 հոգի, իսկ
վճարի չափը կազմել է 5000-90.000 դրամ»,– արդյունքները ներկայացնելիս նշեց «Վորլդ Վիժնի»
Կապանի տարածքային զարգացման ծրագրի աշխատակից Կատերինա Գաբրիելյանը:

Նրա խոսքերով՝ ծնողների մի մասը նաև տեղյակ չէ, որ իրենց երեխան
անվճար դեղորայք ու սարքավորումներ ստանալու իրավունք ունի։ Իսկ մի մասն էլ, թեև տեղյակ
է, սակայն ստիպված է գնել ավելի որակյալ ու թանկարժեք դեղեր ու սարքավորումներ, քանի
որ անվճար տրամադրվողները ոչ միշտ են ցանկալի արդյունք տալիս։

Մոնիթորնգի արդյունքում պարզվել է նաև, որ առաջնային բուժսպասարկում
իրականացնող բժշկական հաստատությունների շենքերը հարմարեցված չեն հաշմանդամություն
ունեցող մարդկանց համար, հագեցած չեն անհրաժեշտ սարքավորումներով ու տեխնիկայով։

Սյունիքի մարզի մոնիտորինգային խումբն ուսումնասիրել է Շաղատ,
Սառնակունք, Սալվարդ, Շամբ և Հալիձոր համայնքներում կենսաթոշակառու ծերերի առաջնային
բուժօգնության հասանելիության և մատչելիության խնդիրը
:

Դիտարկված բուժկետերը հիմնականում ապահովված չեն եղել կոմունալ-կենցաղային
պայմաններով: Որոշ բուժկետեր չեն ունեցել սանհանգույց, հոսող ջուր, էլեկտրականություն,  ջեռուցում։

Շահառուների շրջանում կատարված հարցումները պարզել են, որ կենսաթոշակառուներն
այսօր առողջապահական խնդիրներից առաջնային են համարում դեղամիջոցների թանկությունը
(30%), առողջապահական ծառայությունների թանկ լինելը (21%), համայնքը սպասարկող բուժամբուլատորիայի
հեռու գտնվելը իրենց բնակության վայրից (20%):

«Մուշ» զարգացման կենտրոն ՀԿ ներկայացուցիչ Մարիամ Ղարագյուզյանը
ներկայացրեց «Գյումրի քաղաքի շարքային դիաբետով չափահաս հիվանդների իրավունքների պաշտպանությունը
առողջապահության ոլորտում պետպատվերի շրջանակներում»
 մոնիթորինգի արդյունքները:

Շաքարային դիաբետով հիվանդ 98 անձանց շրջանում կատարված հարցման
արդյունքներով՝ հիվանդների 97%-ին բժիշկը նշանակել է անվճար դեղորայք, սակայն նրանց
32,6%-ը ստիպված է եղել դեղեր գնել նաև սեփական միջոցներով, քանի որ նշանակված դեղորայքի
չափաբաժինը բավարար չի եղել։ Հարցվածներից  21–ը նշել է, որ բուժհաստատությունը ժամանակին չի
տրամադրել անհրաժեշտ դեղերը, իսկ 11–ը նշել է, որ բժշկի նշանակած դեղորայքն ընդգրկված
չէ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցուցակում:

«Թեև պետությունը սահմանել է, որ շաքարային դիաբետով հիվանդներին
անհրաժեշտ բուժօգնությունը և սպասարկումը արտահիվանդանոցային պայմաններում տրամադրվում
է անվճար, սակայն հարցվածների 2%-ը նշել է, որ վճարումներ է կատարել լաբորատոր-գործիքային
հետազոտությունների համար: Հարցվածների 72,4%–ը գոհ է, իսկ 27,6%-ը դժգոհ է իրեն  տրամադրված մասնագիտացված բուժօգնության որակից»,-
նշված է մոնիթորինգի զեկույցում:

Տավուշի մարզի մոնիթորինգային խումբն ուսումնասիրել է «Աշխատանքային
իրավահարաբերությունները Իջևանի և Բերդի տարածաշրջանների հաց, հացաբուլկեղեն և հրուշակեղեն
արտադրող ձեռնարկություններում»
։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է,
որ որոշ ձեռնարկություններում աշխատանքային պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ
սահմանված չափանիշներին, արտաժամյա աշխատանքը չի վարձատրվում,  շատ դեպքերում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր
չի կնքվում, ոչ բոլորն են օգտվում իերնց հասանելիք արձակուրդից։ Կան դեպքեր, երբ աշխատողներն
իրենք են խնդրում գործատուներին չգրանցել իրենց` նպաստից չզրկվելու համար: Գործատուներն
էլ գանգատվել են հարկային մարմինների դեմ անպաշտպան լինելուց։

«Դրամահավաքը Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներում»  մոնիթորինգը բացահայտել է, որ թեև դպրոցի տնօրենները
նշում են, որ աշակերտներից գումար է հավաքվում միայն դասագրքեր գնելու նպատակով, սակայն
աշակերտները և նրանց ծնողները նշում են, որ դրամահավաք է իրականացվում նաև դպրոցի ջեռուցման,
վերանորոգման, տնտեսական այլ ծախսեր հոգալու, էքսկուրսիաներ կազմակերպելու համար։

Մոնիթորինգի շրջանակում հարցված ծնողների միայն 8 տոկոսն է պատասխանել,
որ իրենց դպրոցում դրամահավաք չկա։

Հարցված աշակերտների 37 տոկոսը նշել է, որ վերջին անգամ հավաքել
են 5000-10.000 դրամ, 37 տոկոսը՝ 1000-3000 դրամ, իսկ 1000 դրամից ցածր հավաքել են
հարցվածների 26 տոկոսից։

«Խնդիր է այն, որ թեև գումարներ հավաքելու և տնօրինելու ավելի
ցիվիլ ձև կա՝ գումարը դպրոցի հաշվեհամարին փոխանցելը, սակայն նախընտրում են դրամահավաքի
ստվերային տարբերակին, քանի որ հակառակ դեպքում հավաքված գումարից հարկ պիտի մուծեն»,–
նշեց «Վորլդ Վիժնի» Վարդենիսի ՏԶԾ ներկայացուցիչ Լիաննա Հարությունյանը։

Կլոր սեղան–քննարկման կազմակերպիչները հավաստիացրեցին, որ կատարված
մոնիթորինգները «դարակում չեն մնա»։ «Հետևողական ենք լինելու, որպեսզի մեր կողմից բարձրացված
խնդիրները չանտեսվեն։ Առաջիկայում էլ նախատեսում ենք հանդիպումներ կազմակերպել Կրթության
և գիտության նախարարության ներկայացուցիչների հետ և ներկայացնել մեր առաջարկությունները»,–
նշեց «Վորլդ Վիժնի» Ալավերդու տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Վահրամ Պետրոսյանը։

Կատարված ուսումնասիրություններն արդեն ուղարկվել են իրավասու
պետական մարմիններին։

«Մարդու իրավունքները
ՀՀ մարզերում» մոնիթորինգների զեկույցների ամբողջական տարբերակները՝ հայերեն և անգլերեն։