ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախագահն իրավունք ունե՞ր մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված ներման հրամանագիրը իսկական պատուհաս է դարձել նախկինում մահապատժի, իսկ 2003 թվականից՝ ցմահ ազատազրկման դատապարտված 38 անձանց համար։ Նրանք տարիներ շարունակ պայքարում են իրենց գործերի վերանայման համար և բաց նամակներով հայտարարում, որ ներման հրամանագրով իրենց պատիժը ոչ թե մեղմացել է, այլ իրենք «դատապարտվել են աննկարագրելի տանջալից ու դանդաղ մահվան, ինչը մահապատժի դեպքում գոնե կարող էր րոպեական լինել»:
2003 թվականի օգոստոսի 1-ին նախկինում մահապատժի դատապարտված 42 անձինք ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից ներման արժանացան։ Իսկ այնուհետ` Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, առանց անհատական վերանայումների, 42 նախկին մահապարտների պատիժները փոխարինեց ցմահ ազատազրկմամբ։ Այսօր, պաշտոնական տվյալներով, նրանցից միայն 38-ն են մնացել, մյուս չորսը քրեակատարողական հիմնարկում մահացել են:
Նախագահի ներման հրամանագրի վերաբերյալ խոսելուց այսօր խուսափում է ՀՀ պետական ատյանների ներկայացուցիչների մեծ մասը։ Իսկ իրավաբաններն ու փաստաբանները շարունակում են քննարկել այն հարցը, թե հանրապետության նախագահն իրավասո՞ւ էր ներում շնորհելուց հետո նոր պատժատեսակ նշանակել, թե՞ դա պետք է արվեր դատարանների որոշմամբ։ Կարծիքները տարբեր են ու հակասական։
«Նախագահն իրավասու չէր նոր պատժատեսակ նշանակել»
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, ով դատարան է ներկայացրել համակուրսեցուն սպանելու համար մահապատժի, այնուհետև՝ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի բողոքը նախագահի հրամանագրի դեմ, այն կարծիքին է, որ նախագահ Քոչարյանը ՆՀ 103-Ա հրամանագրով նոր պատժատեսակ է սահմանել, որը գործող քրեական օրենսգրքով ոչ միայն գոյություն չուներ, այլ նաև՝ ավելի խիստ էր:
Փաստաբանը հիմնավորում է, որ նախագահն իրավասու է միայն ներում շնորհել, սակայն իրավունք չունի մեկ այլ պատիժ նշանակել, ինչը տվյալ դեպքում արվել է: Նա հղում է անում Սահմանադրութան 91-րդ հոդվածին, ըստ որի՝ ՀՀ–ում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները։
«Երբ դատարանները հին քրեական օրենսգրքի հոդվածը համապատասխանեցնում էին նոր քրեական օրենսգրքի հոդվածին, նրանք նշում էին, որ նախագահի հրամանագրով սահմանվել է պատիժ, այսինքն` ընդունում էին, որ նախագահն արդեն պատիժ է նշանակել»,- ասում է Ռևազյանը:
Ի վերջո դիմելու են ՄԻԵԴ
«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունու խոսքերով` «ներումը» կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 83 հոդվածով։ Այն սահմանում է, որ «հանցագործության համար դատապարտված անձը ներման ակտով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չլրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»։
«Այս դեպքում ես և ինձ հետ համամիտ շատ իրավաբաններ գտնում ենք, որ հնարավոր չէ ասել, որ մահապատժի փոխարինումը ցմահ ազատազրկմամբ մեղմացում է, որովհետև մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը գործող Քրեական օրենսգրքում ընդհանրապես չկար «ցմահ ազատազրկում» կոչված պատժատեսակ: Այսինքն` ներում շնորհելու դեպքում մահապատիժը կարող էր փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով` մինչև 15 տարի ազատազրկմամբ»,- պարզաբանում է փաստաբանը:
Նարինե Ռշտունու կարծիքով՝ 38 ցմահ դատապարտվածները այսօր կարող են հրամանագրի դեմ պայքարել միայն բողոքելով և, եթե ներպետական ատյաններում չհաջողեն, Եվրադատարան դիմելով: «Այդպես է արել Մհեր Ենոքյանը։ Իսկ Արսեն Արծրունու գործով մենք դիմել ենք Վճռաբեկ ատյան։ Եթե Վճռաբեկն էլ որոշումը թողեց ուժի մեջ, դիմելու ենք նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասում է Նարինե Ռշտունին:
Ներում է շնորհվել՝ առանց դատապարտյալի դիմումի
ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՀՀ նախագահի ներման հրամանագրում մեկ այլ խնդիր է տեսնում. նախագահն իրավասո՞ւ էր ներում շնորհել առանց դատապարտյալի դիմումի, թե՞ ոչ։ Նրա խոսքերով՝ ներում շնորհելիս պարտադիր է, որ ներման խնդիրագիր լինի, այսինքն՝ ներում հայցող կողմ լինի։
«Դատապարտյալն ինքը պետք է նախաձեռնի դիմել հանրապետության նախագահին` իրեն ներում շնորհելու խնդրանքով: Այսինքն` առաջին հերթին նախագահն ինքը դրույթ է խախտել։ Բացի դրանից` ներում շնորհելով ոչ թե ՀՀ նախագահը պետք է մեղմացնող պատժի հարցը լուծեր, այլ՝ դատարանը: Հանրապետության նախագահը նման լիազորություն չունի: Իմ տեսակետն այն է, որ դատարանը պետք է մահապատիժը փոխարիներ այն ժամանակ գործող մահապատժից ավելի նվազ պատժատեսակով, այսինքն` 15 կամ 20 տարով»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը։
Փաստաբանի կարծիքով՝ նախագահի ներման հրամանագիրը դատավարական նորմերի խախտմամբ է ստեղծվել, և ցմահ դատապարտյալները պետք է դիմեն դատարան` պահանջելով նախագահի ներման հրամանանգիրը վերացնել:
Ըստ դատարանների՝ նախագահի հրամանագիրը իրավաչափ է
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն արդեն իսկ դատարաններում վիճարկել է նախագահի հրամանագիրը և մերժում ստացել։
Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը, իսկ այնուհետ՝ նաև ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը իրավաչափ են համարել նախագահի կողմից պատժի նշանակումը` հաստատելով, որ երկրի նախագահը նման որոշում կայացնելու իրավունք ուներ:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցներով կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ալեքսան Մուրադյանի կարծիքով՝ նախագահն, ըստ էության, ուներ Սահմանադրությամբ օժտված ներում շնորհելու իրավասություն: Իսկ մնացյալ խնդիրները, թերևս, Սահմանադրական դատարանի քննարկման հարցեր են։
Մահապատիժ կամ ցմահ ազատազրկում. ո՞րն է ավելի մեղմ
Իրավաբան-փորձագետ Կարեն Չատինյանի համոզմամբ` խնդիրն այն է, թե որքանո՞վ է ցմահ ազատազրկումն ավելի մեղմ պատիժ, քան մահապատիժը. «Մենք ունեցել ենք հետևյալը. 15 տարվա ազատազրկում առավելագույնը և դրանից ավելի խիստ՝ մահապատիժ։ Եթե ներվում էր մահապատիժը, ուրեմն առավելագույնը կարող էր տրվել 15 կամ 20 տարվա ազատազրկում, քանի որ ցմահ ազատազրկում չկար: Բայց Քրեկան օրենսգրքի 2003թ. փոփոխություններից հետո հայտնվեց նոր պատժատեսակ` ցմահ ազատազրկումը։ Անգամ եթե այն մահապատժից ավելի մեղմ է, այնուհանդերձ, ավելի խիստ է, քան 25 տարին»,- ասում է փորձագետը։
Նրա խոսքերով՝ նախագահ Քոչարյանն էլ կարող է հիմնավորել, որ ինքն ընտրել է նոր կիրառության մեջ մտած պատիժ, և, ամեն դեպքում, այն ավելի մեղմ է, քան մահապատիժը։
Պատժաչափերի վերաբերյալ վեճն, ըստ փորձագետի, միշտ էլ կա, և դժվար է ընդհանուր հայտարարի գալը: Կարեն Չատինյանի կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ, որ ցմահ դատապարտյալները մի կողմ թողեն հրամանագիրը և վերադասության կարգով դիմեն դատարան՝ պահանջելով վերանայել իրենց գործերը։
«Սակայն քչերն են դիմում և մերժվում են։ Այ հենց այդ մերժումը պետք է վիճարկվի»,- խորհուրդ է տալիս իրավաբան-փորձագետը:
Ցմահների խնդիրը մնում է չլուծված
Ցմահ դատապարտյալները իրենց պատժի վերանայման պահանջով բազմիցս նամակներ են հղել հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, սակայն առ այսօր պետականորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվել դատապարտյալների բարձրաձայնած խնդիրներին լուծում տալու համար։
Ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր փաստաբաններ, իրավաբաններ և փորձագետներ բազմիցս արտահայտել են այն տեսակետը, որ օրենքի խախտում է տեղի ունեցել։ Սակայն, ինչպես ցույց է տալիս իրականությունը, պետությունը դեռ պատրաստ չէ այդ սխալն ընդունել և ուղղել։
Դեռևս 2004 թվականին մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինված դատապարտյալների խնդրին անդրադարձել է նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը` կոչ անելով ՀՀ իշխանություններին խնդիրը լուծել յուրաքանչյուր առանձին դեպքի քննարկմամբ և պատժի փոփոխության կամ գործի վերանայման դիմում ներկայացրած անձանց գործերի վերաքննմամբ:
Այսօր ցմահ դատապարտված 38 անձինք, ովքեր պայքարում են իրենց պատժաչափերի վերանայման համար, ներպետական դատական ատյաններից մեծ ակնկալիքներ չունեն։ Մհեր Ենոքյանն արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա փաստաբանը համոզված է, որ ներպետական ատյաններում որևէ դատավոր չի կարող նախագահի դեմ վճիռ կայացնել:
Վերջին բաց նամակում ցմահ դատապարտյալները գրում են, որ միայն հանրապետության նախագահից է կախված իրենց՝ անլուծելի թվացող «ցմահների» խնդրի լուծումը:
Գայանե Առաքելյան
