ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռազմաբժշկական փորձաքննության կարգերը և որոշումները զորակոչիկներին մատչելի չեն
2012 թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի կողմից պատրաստված «Բժշկական ծառայությունների հետ կապված
զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակի մասին» զեկույցի
շնորհանդեսը:
Զեկույցում ներկայացված է նախազորակոչային տարիքի անձանց և
զորակոչիկների առողջական վիճակի զննության վերաբերյալ ՀՀ օրենսդրության վերլուծությունը
և իրավակիրառ պրակտիկայի խնդիրները:
ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ այն
իրավական ակտը, որը կարգավորում է ըստ առողջական վիճակի զինծառայության
պիտանելիության տեսակները, մատչելի չէ հանրությանը, այդ թվում՝ զորակոչիկներին: Խոսքը
մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի այն հրամանների մասին է, որով սահմանվում է
այն հիվանդությունների ցանկը, որոնց հիման վրա որոշվում է նաև զինվորական
ծառայության պիտանելիության տեսակը:
Բացի այդ, այս տարի փոփոխությունների է ենթարկվել «Զինապարտների
բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը», որի մասին զորակոչիկները
տեղյակ չեն։ «Նման մոտեցումը, երբ հասկանելի չէ առողջական վիճակի զննության
իրականացման կարգում սահմանված հիվանդությունների ցանկի փոփոխությունները,
կոպտորեն խախտում է իրավական կանխատեսելիության սկզբունքը»,– ընդգծեց Սաքունցը:
Զեկույցի հեղինակները նշեցին, որ անհասկանալի է նաև
հիվանդության պատճառով տարկետման տրամադրման կարգը։ Իրենց կողմից հայտնաբերվել են
դեպքեր, երբ նույն անձին, առողջական վիճակից ելնելով, մի տարի տվել են տարկետում,
սակայն հաջորդ տարի նույն հիվանդության առկայության պայմաններում զորակոչել են։
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված մյուս խնդիրն
այն է, որ զինծառայության պիտանելիությունը որոշվում է ցանկով սահմանված հիվանդությունների
առկայության հիման վրա, իսկ այն դեպքում, երբ զորակոչիկն ունի ցանկում չընդգրկված
մի քանի հիվանդություն, իրավիճակը կարգավորված չէ:
Բացի այդ, զեկույցի հեղինակներին մտահոգում է այն, որ
բուժզննությամբ ախտորոշվում է միայն տվյալ պահին անձի առողջական վիճակը, սակայն առաջիկա
տարվա կտրվածքով կանխատեսումներ չեն արվում, չեն գնահատվում ռիսկերը՝ զինծառայությանը
բնորոշ ծանրաբեռնվածության և առողջական
վիճակի վրա դրա հնարավոր ազդեցության հետ կապված: Նման իրավիճակը բերում է նրան,
որ զինծառայողը կամ վաղաժամկետ զորացրվում է, կամ էլ պետբյուջեից միջոցներ են
ծախսվում նրա բուժման վրա։
Սաքունցի խոսքերով՝ զորակոչիկներին միշտ չէ, որ տրամադրվում
է իրենց առողջության վիճակի մասին բժշկական եզրակացությունը, ինչը լուրջ խոչընդոտ
է հանդիսանում այն բողոքարկելու համար:
Զեկույցի հեղինակները անդրադարձան նաև զինծառայության
ընթացքում ժամկետային զինծառայողներին տրամադրվող բժշկական ծառայությունների հետ
կապված խնդիրներին: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք
խնդիրներ՝ ծառայության ընթացքում ոչ բավարար վերահսկողություն, դեղորայքի ու
անհրաժեշտ սարքավորումների անբավարարություն, ծառայության ընթացքում առաջացած
առողջական խնդիրների համար ոչ պատշաճ բուժծառայության մատուցում և այլն:
Զեկույցը ներկայացնելիս հեղինակները հանդես եկան մի շարք
առաջարկություններով, այդ թվում՝
·
ապահովել զորակոչիկների և զինծառայողների իրավունքների
վերաբերյալ բոլոր ենթաօրենսդրական ակտերի հանրային մատչելիությունը,
·
ամրագրել զորակոչիկին նրա առողջական վիճակի
ուսումնասիրության վերաբերյալ բժշկական զննության եզրակացության մասին ակտի
պարտադիր տրամադրումը, ինչպես նաև, այդ եզրակացության մեջ ներառել զինծառայությանը
բնորոշ ծանրաբեռնվածության պայմաններում նրա առողջական վիճակի հնարավոր
զարգացումների վերաբերյալ կանխատեսումների գրառումը,
·
կարգավորել զորակոչիկի մոտ մի քանի հիվանդությունների
առկայության դեպքում զինծառայության պիտանիության խնդրի լուծումը,
·
ամրագրել զորացրումից առաջ զինծառայողների առողջական վիճակի
պարտադիր բուժզննության անցկացումը և եզրափակիչ ակտի պարտադիր տրամադրումը
զինծառայողին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ովքեր
ներկա էին զեկույցի շնորհանդեսին, խոստացան մանրամասն ուսումնասիրել բոլոր
առաջարկությունները և հնարավորության դեպքում իրականացնել համապատասխան փոփոխություններ:
Աննա Մելիքյան
