Ավարտվեց «Հարսնաքարի» գործով տուժողների հարցաքննությունը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Հարսնաքարի» հայտնի գործով ավարտվել է գործով տուժողների՝ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Արկադի Աղաջանյանի և Էդգար Նիկոյանի հարցաքննությունները, որոնք տևեցին երկու ամսից ավելի։

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել է Երևանի կայազորի հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը, իսկ իր չորս ընկերների առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի վնաս: Այդ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6 և 14, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1 և 2 կետերի և 118 հոդվածի հատկանիշներով։

Նախաքննական մարմնի որակավորմամբ՝ Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Գործով նախաքննությունն ավարտվել է օգոստոսին, իսկ դատաքննությունը սկսվել է սեպտեմբերին (նախագահող դատավոր Դավիթ Հարությունյան):

Դատարանում առաջինը հարցաքննվել է տուժող Արտակ Բայադյանը: Նա պատմել է, որ 2012 թ. հունիսի 17-ին իրենց ընկերոջ՝ Արկադի Աղաջանյանի ծննդյան օրը նշելու համար ընկերներով գնացել են Արզնու ձոր: Ներկա են եղել 6 հոգի՝ ինքը՝ Արտակ Բայադյանը, Արկադի Աղաջանյանը, Էդգար Նիկոյանը, Գարիկ Սողոմոնյանը, Վահե Ավետյանը և Վահեի ծանոթներից մեկը՝ Դիանա Նավոյանը: Երեկոյան որոշում են նույն կազմով խնջույքը շարունակել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Բայադյանի խոսքերով՝ «Հարսնաքար»-ում իրենց ուղեկցում են նախապես պատվիրված սեղանի մոտ: Որոշ ժամանակ անց Վահե Ավետյանը հեռանում է ձեռքերը լվանալու և 5 րոպե անց վերադառնում է անտրամադիր և ասում, որ իր կրած տաբատի պատճառով խնդիր է առաջացել, քանի որ սպորտային հագուստով մուտքը ռեստորան չի թույլատրվում: Որոշում են վճարել պատվերի համար և հեռանալ ռեստորանից, սակայն Վահեն մտափոխվում է և առաջարկում մնալ։ Նա գնում է տուն տաբատը փոխելու։

Արտակ Բայադյանը պատմել է, որ սեղանի մոտ վերադառնալիս նկատում է, որ մենեջերը զրուցում է Էդգարի հետ և հարցնում՝ «ձեզանից ո՞վ է հայհոյել»: Բայադյանը դատարանում պնդել է, որ իրենցից ոչ ոք որևէ մեկի հասցեին հայհոյանք չի տվել և որևէ կերպ չի խանգարել ռեստորանում ներկա այլ անձանց հանգիստը, հետևաբար՝ մենեջերի հարցադրումը լուրջ չի ընդունել:

Վահե Ավետյանի վերադառնալուց քիչ անց, մատուցող Դավիթ Ադամյանը կրկին մոտեցել է սեղանին՝ սպասարկելու։ Վահեի և մատուցող Դավիթի միջև խոսակցություն է եղել, որի արդյունքում մատուցողը առաջարկել է դուրս գալ սրահից և դրսում պարզել հարցերը: Մեկ րոպե անց Արտակ Բայադյանը դուրս է եկել սրահից և նկատել է, որ Վահեն կքանստած վիճակում ձեռքով պահել է քիթը, որից արյուն էր հոսում:

Ըստ տուժողի՝ այնտեղ են եղել նաև մի քանի անծանոթ տղամարդիկ, որոնցից մեկը՝ թիկնապահ Նորայր Հայրապետյանը, առաջարկել է իրենց հեռանալ սրահի մուտքի մոտից՝ խոստանալով պատժել մատուցող Դավիթին իր արարքի համար:

Բոլորը գնում են դեպի ավտոկայանատեղի, որտեղ, Արտակ Բայադյանի խոսքով, բոլորովին անսպասելի շրջապատվում են 15-20 հոգու կողմից: Տուժողի պատմելով՝ կրկին հնչում է հայհոյելու մասին հարցադրումը և այդ 15-20 հոգին անսպասելի սկսում են հարվածել իրեն և իր ընկերներին:

Բայադյանը դատարանում պնդել է, որ բոլոր ամբաստանյալները ներկա էին դեպքի վայրում և մասնակցել են ծեծին, սակայն չի կարողացել մանրամասնել, թե ով ինչ գործողություն էր անում, ում էր հարվածում և ինչպես, քանի որ հարվածների հետևանքով ընկել է գետնին և ուշագնաց եղել։ Բայց լսել է այսպիսի արտահայտություն՝ «լավ, մեռավ, էլ մի՛ խփեք»:

Նրան ուշքի է բերել Էդգար Նիկոյանը։ «Առատորեն արյուն էր հոսում դեմքիցս, տեսա հագիս մայկա չկա, կոշիկները հագիս չէին… մեր շուրջը ասես անապատ լիներ… ոտաբոբիկ վազեցի Վահեի մոտ, գիտակցություն չկար, ռեակցիա չկար, պուլսը շոշափեցի՝ քիչ հաճախականությամբ էր: Արկադին վազեց սրահ՝ մեքենայի բանալիները վերցնելու… Արագ հասցրինք Մուրացանի հոսպիտալ… Ճանապարհին զանգել եմ մեր բժիշկներին, պատգարակով բարձրացրել 3-րդ հարկ, միացրել արհեստական շնչառություն Վահեին… Անհնարինն արվեց, բայց հրաշք տեղի չունեցավ»,- ուշքի գալուց հետո կատարվածն այսպես է նկարագրել տուժող Բայադյանը:

Պաշտպանները տարբեր հարցեր ուղղելով՝ փորձում էին տարանջատել ամեն ամբաստանյալի գործողությունները և այդ գործողություններով պատճառված վնասը: Սակայն տուժողը պատասխանել է, որ չի կարող առանձնացնել, իրեն հարվածել են 5-6 հոգի, հարվածները եղել են խառը և այնքան շատ, որ ոչ մի ուղղությունից չի կարողացել պաշտպանվել, իսկ հետո ընկել է և չի կարողացել տեսնել իրեն հարվածողներին: Մեկնաբանելով պատահածը՝ Բայադյանը նշել է, որ, իր համոզմամբ, իր և իր ընկերների ոչ մի գործողություն չէր կարող հարվածողներին դրդել նման ագրեսիայի, և որ ծեծկռտուքը նախապես պլանավորված էր:

Գործով մյուս տուժողը՝ Գարիկ Սողոմոնյանը, դատարանում հարցաքննության ժամանակ ընդհանուր առմամբ կրկնել է Արտակ Բայադյանի կողմից ներկայացված հանգամանքները։ Նա ասել է, որ հստակ հիշում է միայն ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի գործողությունները, քանի որ նրա հետ զրուցում էր մինչ ավտոկայանատեղի հասնելը։ Իսկ ավտոկայանատեղի հասնելուց հետո Նորայրը, շուռ գալով, հանկարծակի հարվածել է իրեն, ինչից ուշագնաց է եղել:

Գարիկ Սողոմոնյանը նույնպես ասել է, որ բոլոր ամբաստանյալներին տեսել է ավտոկայանատեղիում, սակայն չի կարողացել մանրամասնել, թե ով ում էր հարվածում: Նա բացառել է ամբաստանյալներից որևէ մեկի կողմից վիճող կողմերին բաժանելը կամ հանդարտեցնելը: Տուժողը հերքել է նաև Վահե Ավետյանին հոսպիտալ տեղափոխելով նրա վիճակի վատթարացմանը նպաստելու հավանականությունը:

Գործով երրորդ տուժողը՝ Էդգար Նիկոյանը, դատարանում հայտնել է, որ իրենց շրջապատել են 20-25 անձինք, և տեսել է թե ինչպես են նրանցից մի քանիսը հարվածում Արտակ Բայադյանին: Պաշտպանների հարցերին, թե տեսե՞լ է՝ կոնկրետ ովքեր են եղել հարվածողներրը, պատասխանել է, որ ծեծելու ընթացքում որևէ մեկի դեմքը չի տեսել, որովհետև նրանք անընդհատ տեղաշարժվում էին և ոտքերով հարվածում:

Գործով չորրորդ տուժող Արկադի Աղաջանյանը դատարանին հայտնել է, որ ավտոկայանատեղիում տեսել է 10-15 հոգի, բայց իրեն հարվածողների թվում չի տեսել Գարիկ Մարգարյանին: Տուժողը հայտնել է, որ երբ զգացել է, որ իրավիճակը սրվում է, փորձել է զանգահարել եղբորը, և վեճը կանխելու նպատակով ներկայացել է որպես երկրապահ՝ չլինելով «Երկրապահ» կամավորական միության անդամ:

Հավելենք, որ գործով մյուս տուժողի՝ Վահե Ավետյանի իրավահաջորդը՝ հայրը դատավարության ընթացքում անձամբ չի մասնակցել նիստերին։ Նրա և մյուս տուժողների շահերը ներկայացնում են փաստաբաններ Լուսինե Հակոբյանը, Վահե Գրիգորյանը և Տիգրան Եգորյանը: Գործով մեղադրող դատախազը Արթուր Դավթյանն է, իսկ 2012 թ. նոյեմբերից նրան միացել է Արմեն Մարուխյանը:

Տուժողների հարցաքննությունից հետո դատարանը կլսի վկաներին, այնուհետև՝ ամբաստանյալներին։

Աննա Մելիքյան