Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ութ թեկնածուով

Այսօր՝ հունվարի 21-ին, մեկնարկեց ՀՀ նախագահի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև փետրվարի 16-ը ներառյալ։

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին նախագահի պաշտոնի համար կպայքարեն 8 թեկնածուներ՝ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը:

Խորհրդարանում ներկայացված «Բարգավաճ Հայաստան» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները, ինչպես նաև՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը թեկնածու չեն առաջադրել և չեն հայտարարել թեկնածուներից որևէ մեկին պաշտպանելու մասին։ Իսկ «Օրինաց երկիրը» պաշտոնապես հայտարարել է, որ սատարելու է գործող նախագահին։

Նախընտրական ծրագրերը կներկայացնեն քարոզարշավի ընթացքում

Նախագահի թեկնածուներն արդեն հրապարակել են իրենց նախընտրական կարգախոսները և մասամբ նաև՝ նախընտրական ծրագրերը:

Հանրապետությունում ամենամեծ թվով նախընտրական շտաբները (շուրջ 1500 շտաբ) կունենա Սերժ Սարգսյանը։ Նրա կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան», խորհրդանիշը՝ տերևը:

Հրանտ Բագրատյանի նախընտրական կարգախոսն է «Ընդամենը 100 քայլ»: Նա կունենա նախընտրական 40 շտաբ:

Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրել է «Հնարավոր է» կարգախոսը և հայտարարել, որ քարոզարշավի մեկնարկին հանրապետության ողջ տարածքում գործող «Ժառանգության» գրասենյակները կվերածվեն իր նախընտրական շտաբների:

Պարույր Հայրիկյանի կարգախոսն է «Հավատը՝ գործով»: Երևանում կգործի Հայրիկյանի նախընտրական 4 գրասենյակ, իսկ քանի գրասենյակ կլինի մարզերում, դեռ հստակեցված չէ:

Արամ Հարությունյանն ընտրություններին մասնակցում է «Ես ձեզնից մեկն եմ» կարգախոսով: Իրեն էպոսագետ անվանող թեկնածուն՝ Վարդան Սեդրակյանն առաջինն է շրջանառության մեջ դրել իր «Վերևում Աստված կա» կարգախոսը: Արման Մելիքյանն էլ ասել է, որ կարգախոսը կհրապարակի քարոզարշավի մեկնարկից հետո:

Իսկ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ քարոզարշավին չի մասնակցելու։ Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել էր չեղյալ համարել իշխող կուսակցության թեկնածուի գրանցումը՝ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման համար, այլապես խոստացել էր անժամկետ հացադուլ հայտարարել։

ԿԸՀ մերժումից հետո նա իր խոստումը կատարեց և նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև սկսեց անժամեկտ հացադուլ՝ «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով։

Թեկնածուները հայտարարել են, որ իրենց նախընտրական ծրագրերը հիմնականում կներկայացնեն քարոզարշավի ընթացքում: Որոշ թեկնածուներ՝ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանն արդեն գործարկել են իրենց պաշտոնական կայքերը, որտեղ տեղադրված է նաև նախընտրական ծրագիրը։

Չորս փորձառու և չորս «նորաթուխ» թեկնածուներ

Թեկնածուներից չորսը նախագահական ընտրություններին մասնակցելու փորձ ունեն։ Պարույր Հայրիկյանը 1991-ին մասնակցել է նորանկախ Հայաստանի հանրապետության նախագահական առաջին ընտրություններին և ստացել ընտրողների 8 տոկոսի քվեն: 1996-ին Հայրիկյանն առաջադրվել է, ապա՝ հրաժարվել պայքարից՝ սատարելով ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: 1998-ի նախագահական ընտրություններին Հայրիկյանը ստացավ ընտրողների 5,41 տոկոսի քվեները։

Արամ Հարությունյանն իր թեկնածություն առաջադրել է նաև 2003-ի և 2008-ի նախագահական ընտրություններին՝ հավաքելով մեկ տոկոսից քիչ քվե։ 2008-ին նրա օգտին քվեարկել էր 2892 ընտրող կամ ընտրողների 0,1 տոկոսը:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ևս ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցության փորձ ունի։ Նա առաջադրվել էր 2008-ին և ստացել 4399 քվե, որը կազմում է ձայների 0,2 տոկոսը։

2008-ի ընտրություններում ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը հավաքեց 862.000 քվե կամ քվեների 51,6 տոկոսը և ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը:

Մյուս չորս թեկնածուները ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրվում են առաջին անգամ:

Ամենաշատ դրամական միջոցներ ունեցող թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ամենաշատ անշարժ գույք ունեցողը՝ Վարդան Սեդրակյանը

ԿԸՀ կայքում տեղադրված են նախագահի ութ թեկնածուներից չորսի ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը: Ըստ այդմ՝ բոլոր չորս թեկնածուներն էլ ունեն մեկական ավտոմեքենա:

Բաժնետոմսեր ունեցող միակ թեկնածուն Հրանտ Բագրատյանն է, վերջինս 0,0003 տոկոս բաժնեմաս ունի ֆրանսիական «Pernod-Recard» ընկերությունում:

Թանկարժեք գույք բաժնում էլ թեկնածուներից գրառումներ է կատարել միայն Սերժ Սարգսյանը։ Նա ունի 18-20-րդ դարի հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ և այլն), կտավների հավաքածու (Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Եր.Քոչար, Կոջոյան, Աբեղյան), նաև 20-րդ դարի նկարիչների 32 կտավներ:

Ամենաշատ անշարժ գույք ունեցող թեկնածուն Վարդան Սեդրակյանն է: Նա հայտարարագրել է 4 հողամաս և անասնագոմ Կոտայքի մարզում, մեկ բնակելի տուն Երևանում:

Սեդրակյանին հաջորդում է Հրանտ Բագրատյանը, ով հայտարարագրել է մեկ առանձնատուն, երկու բնակարան և մեկ ավտոտնակ Երևանում:

Րաֆֆի Հովհաննիսյանն ունի երկու բնակելի տուն Երևանում։ Իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարագրել է մեկ շինություն Ստեփանակերտում:

Եկամուտներ բաժնում նշում կատարել են միայն Սերժ Սարգսյանը և Հրանտ Բագրատյանը: Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի եկամուտները գոյացել են ՀՀ Նախագահի 3 մլն 898 հազար 800 դրամ աշխատավարձից և 2 մլն 596 հազար 17 դրամ աշխատավարձին հավասարեցված վճարումներից, ինչպես նաև` «Արարատբանկ» ԲԲԸ-ին տրված փոխառությունների դիմաց ստացված 10 մլն 925 հազար 535,6 դրամ տոկոսից:

Հրանտ Բագրատյանը որպես եկամուտներ հայտարարագրել է ԱԺ պատգամավորի աշխատավարձ` 2 մլն 180 հազար 980 դրամ, Ռուս-հայկական համալսարանից ստացած 1 մլն 73 հազար 900 դրամ աշխատավարձ, Ուկրաինայի Ազգային բանկի Բանկային գործի համալսարանից` 91 հազար 439 հրիվնա աշխատավարձ, շահաբաժին «Pernod-Recard» (Ֆրանսիա)` 9 հազար 400 եվրո, վարձակալական վճար (Ասմուս Ռոտնե)` 7 մլն 342 հազար դրամ:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սերժ Սարգսյանն ունեցել է 108,4 մլն դրամ, Վարդան Սեդրակյանը՝ 9,9 մլն դրամ գումար, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 402 հազար դրամ և 51 հազար ԱՄՆ դոլար, Հրանտ Բագրատյանը՝ 65 հազար ԱՄՆ դոլար:

Ընտրությունների ելքը կանխորոշվա՞ծ է

Տարածաշրջանային հետազոտություների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կանխատեսում է, որ այս ընտրությունները Հայաստանի քաղաքական պատմության մեջ ամենաքիչ մրցակցայինը կլինեն, ինչն արտահայտում է Հայաստանի ներկայիս քաղաքական իրականությունը. չմիավորված ընդդիմություն, քաղաքական բանավեճերի ցածր մակարդակ։

Վերլուծաբանը կանխատեսում է նաև, որ ընտրությունների նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունը և մասնակցությունը բավականին ցածր կլինի։

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանն էլ կարծիք է հայտնել, որ նախագահի առաջադրված թեկնածուներից ընտրվելու ռեալ շանսեր ունի միայն Սերժ Սարգսյանը, մյուս յոթն ընտրվելու շանսեր չունեն: Նրա կարծիքով՝ այս նախագահական ընտրություններն շատ ավելի քիչ լարված մթնոլորտում են անցնում, քան վերջին խորհրդարանական ընտրությունները, մինչդեռ Հայաստանում, սովորաբար, ամենաթեժ պայքարը լինում է նախագահական ընտրություններին։

Փորձագետի կարծիքով՝ երկրորդ տեղի ամենահավանական թեկնածուները Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են: