Ընտրությունների հետաձգումը կախված է Հայրիկյանի առողջական վիճակից

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի վիրահատությունն անցել է բարեհաջող, նա գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այս մասին հայտում է նախագահի թեկնածուի մամուլի խոսնակ Մանյա Այվազյանը։

Հայրիկյանի առողջական վիճակից զատ բոլորին հետաքրքրում է նաև, թե փետրվարի 18-ին նշանակված ՀՀ նախագահի ընտրությունները կհետաձգվե՞ն, թե՞ ոչ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առայժմ որևէ հայտարարություն չի արել։ Երեկ՝ կեսգիշերից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրատվամիջոցներին ասել է, որ կոռեկտ չի համարում ընտրությունների հետաձգման վերաբերյալ խոսելուց, քանի դեռ Հայրիկյանի առողջական վիճակը չի հստակեցվել։ Այլ կերպ ասած՝ ընտրությունների հետաձգումը կախված է նախագահի թեկնածուի առողջական վիճակից։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հիվանդանոց այցելության ժամանակ նշել է, որ չի կարծում, թե դրա անհրաժեշտությունը կլինի, սակայն եթե Պարույր Հայրիկյանն ասի, որ ի վիճակի չէ քարոզարշավը շարունակել, ընտրությունները կհետաձգվեն:

Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն` նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն։

Քաղաքական և պետական տարբեր գործիչներ փորձում են գնահատական տալ կատարվածին և հասկանալ դրդապատճառները։

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը առայժմ սպանության փորձի ենթադրյալ պատճառների մասին չի ցանկանում խոսել՝ հավաստիացնելով, որ «հնարավոր բոլոր վարկածներով մանրամասն քննություն է ընթանալու»:

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ կատարվածը զարհուրելի ու դատապարտելի է և առաջին հերթին վնասում է ազգի ու երկրի հեղինակությանը, իսկ հանցագործության վարկածներից խոսելիս, նրա կարծիքով, պետք է զգույշ լինել և սպասել, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարեն:

Այսօր բժշկական կենտրոն է այցելել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով դատապարտել է կատարվածը և խորհուրդ տվել եզրակացություններ անելուց առաջ սպասել իրավապահ մարմիններին։

«...Դա ստոր և դավադիր հարված է ընտրական այս ժամանակահատվածում և, ըստ էության, կատարված էր Հայաստանի իշխանությունների դեմ։ ...Հանցագործության բացահայտումը կտա բազմաթիվ հարցերի պատասխանները, թե ում էր դա ձեռնտու, ինչու էր ձեռնտու, ինչու էր դա արված, և ում ձեռնտու չէ, որ մեր երկիրը խաղաղ ընթացք ստանա»,– նշել է ԱԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ հանրապետության նախագահի կողմից տրված է խիստ հանձնարարական արագ բացահայտելու կատարվածը:

Իշխող՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կատարվածի մեջ տեսնում են նաև սադրանք «բոլորի» և իշխանության դեմ և փնտրում նրան, ում այս ամենը ձեռնտու էր։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այն կարծիքին է, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է պետականության դեմ։ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դատապարտելով կատարվածը, տեսակետ է հայտնել, որ դա սադրանք է՝ ուղղված բոլորի դեմ, ժողովրդավարական, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման դեմ:

ԿԳՆ նախարար, ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մահափորձը «նենգ և ստոր արարք» է և հռետորական հարց հնչեցրել՝ «իսկ ո՞ւմ էր դա ձեռնտու» և «ի՞նչ նպատակներ էր հետապնդում»։ Նախարարը կատարվածի մեջ տեսնում է իրավիճակի ապակայունացման փորձ, ընտրությունները ստվերելու և միջազգային գնահատականները սաստկացնելու փորձ, ինչպես նաև՝ նոր ընտրությունների նշանակման նպատակ։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ի գիշերը՝ 23։30–ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում հրազենից կրակել են Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա։

Այսօր նա վիրահատվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Հաղորդում են, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա առայժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։