Փաստաբանները գործադուլ կանեն՝ ի նշան բողոքի

Հունիսի 10-ին և 11-ին մի խումբ փաստաբաններ երկօրյա գործադուլ կանեն՝ այդ կերպ բողոքելով Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ։ Նրանք չեն ներկայանա դատական նիստերին, չեն մասնակցի քննչական գործողություններին:

Նմանատիպ գործադուլ փաստաբաններն արեցին նաև անցած տարի՝ պահանջելով, որ Վճռաբեկ դատարանը օրենքը միանման կիրառի և խուսափի եկակի ստանդարտներից: Մեկ տարի է անցել, բայց, փաստաբանների պնդմամբ, ոչինչ չի փոխվել, հակառակը՝ ճգնաժամն ավելի է խորացել: Մինչդեռ Դատական դեպարտամենտը փաստաբանների դժգոհությունները հիմնավոր չի համարում։

Այս տարի Վճռաբեկ դատարանի որոշումների դեմ կազմակերպվող գործադուլին միացել են 50 փաստաբաններ` անցած տարվա 500–ի փոխարեն։ Փաստաբանների մի մասը թեև դժգոհ է իրավիճակից, բայց նախընտրում է պայքարի այլ տարբերակ։

«Մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել»

Փաստաբանների պալատի փաստաբան Սամվել Ջաղինյանը, ով միացել է գործադուլին, ասում է, որ այս տարվա գործադուլը նախորդի շարունակությունն է. հայտարարել էին, որ բարձրացված խնդիրները չլուծվելու դեպքում բողոքի ակցիաները կլինեն հետևողական, հիմա շարունակում են անել քայլեր, որոնք ուշադրություն կհրավիրեն խնդիրների վրա և, իրենց կարծիքով, արդարադատության համակարգը «տեղից կշարժեն»:

«Վճռաբեկ դատարանն իրավունք չունի հայեցողական կարգով մի գործին մյուսի նկատմամբ առավելություն տալ: Օրենքը նման հնարավորություն չի տալիս։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե օրենքն է, այլ այն, որ այդ օրենքը չի կիրառվում ընդհանրապես»,– ասում է Ջաղինյանը՝ նշելով, որ իրենք ընդամենը ուզում են, որ օրենքի պահանջը կատարվի առանց բացառությունների։ Իսկ այն պատճառաբանությունը, թե Վճռաբեկ դատարանը ծանրաբեռնված է և չի հասցնում նման ծավալի աշխատանք կատարել, իր համար անընդունելի է։

Որպես օրենքի հակասական կիրառության ապացույց՝ փաստաբանը վկայակոչում է իր գործերից մեկով կայացված որոշումը, որտեղ գրված է, որ փաստաբանին խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք չէ, մինչդեռ Քրեական օրենսգրքում հակառակն է գրված։ «Այսինքն՝ այստեղ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել, որն ակնհայտորեն հակասում է Քրեական օրենսգրքին։ Դա նույնն է, որ դատավորը գրեր, որ գողությունը հանցագործություն չէ. օրենսդրական առումով տարբերություն չկա, և դա դատարանները չնկատել ուղղակի չեն կարող։ Բողոքել եմ Վերաքննիչ դատարան, ապա՝ Վճռաբեկ, լուծում չեմ ստացել»,– նշում է Ջաղինյանը՝ հավելելով, որ իր վարույթում գտնվող գործերի առումով այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել. երեք բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որոնք վարույթ չեն ընդունվել:

«Այսօր կա օրենք և օրենքը պետք է կատարվի, ոչ թե քննարկվի: Չեմ կարող համակերպվել մի իրավիճակի հետ, որտեղ օրենքն ասում է մի բան, բայց իրականությունն այլ բան է»,- ընդգծում է փաստաբանը։

Նրա խոսքերով՝ բողոքի ակցիային չմիացած փաստաբանները նույնպես դժգոհ են Վճռաբեկ դատարանի գործունեությունից, պարզապես պայքարի այլ տարբերակ են նախընտրում:

Փաստաբանների մի մասը պայքարի այլ տարբերակ է ընտրել

Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը, ով այս տարի գործադուլին չի մասնակցելու, ասում է, որ անցած տարվա բողոքի ակցիաներից հետո դատական և գործադիր իշխանության ներկայացուցիչները պնդեցին, որ խնդիրը օրենսդրական է և այն կփորձեն լուծել:

«Մեզ՝ փաստաբաններիս, հարկավոր էր լուծում, և, իմ կարծիքով, կապ չունի, թե լուծումը կտային օրենսդրական ճանապարհով, թե՝ քաղաքական կամքի դրևորման: Հիմա մենք ունենք օրենքների նախագծեր, որոնք շրջանառության մեջ են դրվել։ Ճիշտ է, դրանք չեն փարատում մեր կասկածները, բայց մենք ունենք մեր առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն: Իմ կարծիքով, առանց այդ հնարավորություններն օգտագործելու ծայրահեղ բողոքի ակցիայի գնալն արդյունավետ միջոց չի ծառայի»,- նշում է Զոհրաբյանը։

Նրա խոսքերով՝ ինքը հարգում է իր գործընկերների` բողոքի ձայնն այս կերպ արտահայտելու որոշումը, սակայն փաստաբանների մի մասը պայքարի այլ տարբերակ է նախընտրում։

Դատական դեպարտամենտը փաստաբանների դժգոհությունները հիմնավոր չի համարում

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի կարծիքով` գործադուլի նախապատրաստվող փաստաբանների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ «դրանց հեղինակները կամ անտեղյակ են դատական համակարգի կառուցվածքից և ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից, կամ էլ միտումնավոր փորձում են այն խեղաթյուրել»:

Բաբայանն ասում է, որ ըստ օրենքի` արդարադատություն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքների միատեսակ կիրառությունը և դրանից բխող միասնական դատական պրակտիկան, բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր գործունեությամբ պետք է նպաստի իրավունքի զարգացմանը:

«Հետևաբար, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է առաջնորդվի նշված առաքելության իրականացման նպատակներով և որևէ պարտավորություն չունի վարույթ ընդունելու տարեկան ներկայացվող տարբեր որակի և բովանդակության շուրջ 4000 վճռաբեկ բողոք»,- ասում է Բաբայանը:

Սամվել Ջաղինյանի կարծիքով` բոլոր երկրներում էլ դժգոհություններ կան դատական համակարգից, սակայն անընդունելի է, երբ խնդիրը մեղմելու, լուծումներ փնտրելու փոխարեն փորձում են ընդդիմանալ, հերքել։

«Երբ սխալի վրա աչք ես փակում, այդ սխալն անընդհատ կրկնվում է: Այդպես արդարադատություն չի լինում: Սխալը պետք է ուղղել, հասկանալ` սխալ անողը դիտավորյա՞լ է արել, թե՞ պատահական: Բնական է, որ դատավորն էլ է մարդ, նա էլ կարող է սխալվել։ Պետք է հասկանալ սխալի պատճառը: Այսօր հենց սխալի դեմ աչք փակելն է խնդիրն առաջացնում»,– համոզված է փաստաբանը։

Բաբայանը, սակայն, պնդում է, որ Դատական դեպարտամենտը մերժում է միայն «մերկապարանոց մեղադրանքները»:

«Ցանկացած քննադատություն, որն առողջ է ու կառուցողական, մշտապես ընդունվում է Դատական դեպարտամենտում»,– վստահեցնում է նա:

Փաստաբանների հայտարարությունը

Մինչ գործադուլի մեկնարկը, փաստաբանները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

«Դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ` դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները կրկին առանց պատճառաբանության կամ շաբլոնային, ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձվում են:

Արդյունքում, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ տարբեր գործերով ընդունվում են միմյանց հակասող դատական ակտեր, ինչը խարխլում է իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը։

Թեև ՀՀ վճռաբեկ դատարանը Սահմանադրությամբ և օրենքով կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը և պետք է նպաստի իրավունքի զարգացմանը, սակայն գործնականում շարունակում է շեղվել այդ ուղուց:

Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու իրական չափանիշները և գործընթացը շարունակում են մնալ ստվերում և այս կամ այն վճռաբեկ բողոքի` վարույթ ընդունվելու կամ չընդունվելու հեռանկարը որևէ տրամաբանական վերլուծության ենթակա չէ»։