Ոստիկանությունը հերքում է, բայց ինչի՞ հիման վրա

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն
այն մասին, որ նոյեմբերի 5-ին ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը,
ով փորձում էր հեղափոխություն իրականացնել, նույն օրը երեկոյան ՀՀ ոստիկանության Երևանի
կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել անձամբ ՀՀ ոստիկանապետի և նրա առաջին տեղակալի կողմից, արագորեն տարածվեց մամուլում։
Ավելի ուշ Ոստիկանությունից պաշտոնապես հերքեցին այս հայտարարությունը՝ այն անվանելով
մերկապարանոց։

Շանթ Հարությունյանին և նրա հետ ձերբակալված Վարդան Վարդանյանին
բռնության ենթարկելու տեղեկությունները ճշտելու համար www.hra.am
–ը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժին։ Մեզ մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչի՞
հիման վրա է ոստիկանությունը հերքում տարածել և բացառել բռնության հանգամանքը, արդյո՞ք
բացատրություններ վերցվել են Շանթ Հարությունյանից, Վարդան Վարդանյանից, ՀՀ ոստիկանապետից
կամ նրա տեղակալից։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
պետ Աշոտ Ահարոնյանի հետ կարճատև զրույցը ներկայացնում ենք ստորև։

www.hra.am – Մենք կայքում
տեսանք ձեր հրապարակած հերքումը Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության վերաբերյալ։ Որևէ
քննություն կատարե՞լ է ոստիկանությունը հերքումը տարածելուց առաջ։

Աշոտ Ահարոնյան– Կատարվում է
քննություն ու ամեն ինչ կապված դեպքի հետ հարկ եղած դեպքում կհրապարակվի։

www.hra.am – Բացատրություն
վերցրե՞լ են Շանթ Հարությունյանից և Վարդան Վարդանյանից։

Աշոտ Ահարոնյան– Հարկ եղած դեպքում
կվերցնենք և անհրաժեշտության դեպքում մենք կհրապարակենք։

www.hra.am– Եթե դեռ բացատրություն չեք վերցրել, ինչի՞ հիման վրա եք հերքումը
տարածել։

Աշոտ Ահարոնյան– Հիմա դուք մեր
աշխատա՞նքն եք քննարկում։ Հիմա ընթանում է քննություն լրացուցիչ տեղեկությունների մասին
մենք կտեղեկացնենք։

Իսկ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի պետ Արմեն Մալխասյանը
մեզ հայտնեց, որ ամեն ինչ ասված է տարածած հաղորդագրության մեջ։ Կարելի է ենթադրել,
որ եթե հաղորդագրության մեջ չի նշվում, որ հայտարարության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում
և բացատրություններ են վերցվել կամ նշանակվել է ծառայողական քննություն, ապա նմանատիպ
գործողություններ չեն իրականացվել։

«Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հանցագործության
մասին անգամ բանավոր հաղորդման վերաբերյալ պետք է քննություն իրականացվի։ Տվյալ դեպքում
պաշտոնական հայտարարություն տարածելուց և հանցադեպը միանշանակ հերքելուց առաջ իրավասու
մարմինը առնվազն պետք է բացատրություններ վերցներ ենթադրյալ բռնության ենթարկվողներից
և ոստիկաններից՝ բռնության հանգամանքը հաստատելու կամ հերքելու համար»,–
www.hra.am –ին պարզաբանում
է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան Աննա Մելիքյանը։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ԱԺ
պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նոյեմբերի 6-ի երեկոյան տեսակցել է Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին։

«Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին և նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել: Անձամբ Վ.Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաև պետական պարգևների արժանացածի կրծքանշանը»,– գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որպես ԱԺ պատգամավոր, պահանջում է այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել: 

Նոյեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ
պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը՝ տարածված լուրերը անվանելով մերկապարանոց։

Հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության բաժնում բռնությունների ենթարկվելու փաստի վերաբերյալ ոչ մի բողոք չի եղել ո՛չ ձերբակալվածների կողմից, ո՛չ նրանց ընկերների ու բարեկամների, ո՛չ էլ ԶԼՄ–ների ու այնտեղ եղած պատգամավորների կողմից։ Շանթ Հարությունյանի հետ տեսակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Ոստիկանության հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչները, որոնց ոչ մի գանգատ չեն ներկայացրել ոստիկանության բաժանմունքի կամ ձերբակալման պահելու վայրից։

«Ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին: Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես…»,– ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նիկոլ Փաշինյանը նաև հաղորդում է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝
բռնության վերաբերյալ քննություն իրականացնելու միջնորդությամբ։

Հեղինակներ՝ Մարիամ Սարգսյան


Մերի Ալեքսանյան

Նիկոլ Փաշինյանի հաղորդումը ՀՔԾ–ին՝ ստորև