ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության խորհուրդն օրենքը կիրառում է կամայականորեն. ՄԻՊ զեկույց

Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայումս «ամենաարդյունավետ» լծակն է դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար։ Այս եզրակացության է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ իր արտահերթ զեկույցում։
| Արդարադատության խորհուրդն այն մարմինն է, որը նշանակում և ազատում է դատավորներին, խրախուսում կամ պատասխանատվության է ենթարկում նրանց, իջեցնում կամ բարձրացնում է դատավորների պաշտոնները։ ԱԽ–ն կազմված է 13 անդամից, խորհրդի նիստերը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը։ |
Պաշտպանի գնահատմամբ՝ ԱԽ–ն գործում է օրենքի բացահայտ խախտմամբ և երկակի ստանդարտներով։ Դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կամայականորեն կիրառելու պրակտիկան զեկույցում ցույց է տրվում Արդարադատության խորհրդի 2006-2013թթ. ընդունած որոշումների ուսումնասիրության արդյունքում։
| 2010-2013թթ. ընթացքում ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված 50 կարգապահական վարույթներից 32-ի դեպքում վարույթի հարուցման առիթ է դարձել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը կամ որոշումը, 8-ի դեպքում՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությունը, 10-ի դեպքում՝ փաստաբանի, քաղաքացու դիմումները կամ այլ առիթ։
|
ՀՀ դատական օրենսգրքի 153–րդ հոդվածի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը պայմանավորված չէ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու կամ վերադաս դատական ատյանում գործի՝ քննության փուլում գտնվելու հանգամանքներով։ Նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը պայմանավորվում է միայն տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացված լինելու հանգամանքով։Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը
ԱԽ որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում ԱԽ–ն հրաժարվել է կարգապահական վարույթ հարուցել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ գործը գնվում է Վճռաբեկ դատարանում։ Զեկույցում մեջբերվում է նման մի քանի գործ, և զուգահեռ ներկայացված են նաև այլ գործեր, որտեղ առկա է ճիշտ հակառակ պատկերը. առանձին գործերով ԱԽ կարգապահական հանձնաժողովը հարուցել է կարգապահական վարույթներ և կայացրել որոշումներ, երբ գործը դեռ գտնվել է նույն դատավորի վարույթում և առկա չի եղել գործն ըստ էության լուծող դատական ակտ կամ գտնվել է վերադաս դատական ատյանի վարույթում։
ԱԽ կարգապահական հանձնաժողովի 26.03.2010թ. թիվ N-Կ-2-06/2010 որոշմամբ՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Ղազարյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, երբ դեռ գործը գտնվել է այդ դատավորի վարույթում, և դատական ակտ կայացված չի եղել։ Վարույթի հարուցումն ունեցել է իր ուղղակի ազդեցությունը և օրեր անց՝ 30.03.2010թ. որոշմամբ դատավորը վերացրել է այն խնդրահարույց որոշումը, որի համար կարգապահական վարույթ էր հարուցվել իր դեմ։ ԱԽ 10.04.2010թ. թիվ ԱԽ-6-Ո-05 որոշմամբ դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
Մեկ այլ գործով՝ 24.07.2012թ. ԱԽ թիվ ԱԽ–14-Ո-18 որոշմամբ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մերանգուլյանը, երբ գործը դեռևս գտնվել է իր վարույթում (կասեցված վիճակում), և գործն ըստ էության լուծող դատական ակտ չի եղել։ Կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց հետո դատավորն ինքնաբացարկ է հայտնել։
Վերը նշված գործերով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսացել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումները։
Տարբեր տույժեր՝ նույնատիպ խախտման համար և հակառակը
Մյուս խնդիրը, ըստ ՄԻՊ արտահերթ զեկույցի, այն է, որ դատավորների կողմից ըստ էության նույնաբովանդակ խախտումներ թույլ տալու համար ԱԽ–ն, առանց հիմնավորման, կիրառել է կարգապահական տույժի տարբեր տեսակներ։
Դատավորի կողմից համաներման ակտի կիրառման կարգի խախտման համար ԱԽ–ն, 07.12.2012թ. թիվ ԱԽ-24-Ո-29 որոշմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Բաղդասարյանի նկատմամբ, որպես կարգապահական պատիժ, կիրառել է նախազգուշացումը։ Դատավորը չի կիրառել համաներման ակտը՝ թույլ տալով նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում։
Մեկ այլ գործով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Լ.Աթանյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության համաներման ակտը սխալ կիրառելու համար (համաներումը տվյալ գործով կիրառելի չի եղել)։ ԱԽ 10.02.2012թ. թիվ ԱԽ-1-Ո-7 որոշմամբ՝ նրան հայտարարվել է խիստ նկատողություն՝ զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25%–ից զրկելով։
Համաներման ակտը սխալ կիրառելու համար կարգապահական պատասխանատվության է ենթարկվել նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Մելքոնյանը (համաներումը տվյալ գործով կիրառելի չի եղել)։ Այս դեպքում ԱԽ–ի կողմից որպես պատժամիջոց ընտրվել է նկատողությունը՝ զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25%–ից զրկելով։
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ այս և մի քանի այլ գործերով կարգապահական տույժերի տեսակների ընտրության չափանիշները անհասկանալի են և չհիմնավորված։
ԱԽ 22.01.2009թ. թիվ ԱԽ-2-Ո-11 որոշմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ափինյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ կալանավորման և կալանքը գրավով փոխարինելու անհիմն որոշում կայացնելու համար։ Նրան հայտարարվել է նախազգուշացում։ Կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով։
Կալանքը գրավով փոխարինելու չհիմնավորված որոշում կայացնելու համար Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Մնացականյանի նկատմամբ ԱԽ 24.06.2011թ. թիվ ԱԽ-13-Ո-17 որոշմամբ կիրառվել է կարգապահական տույժի ամենախիստ տեսակը՝ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ ՀՀ նախագահին դիմելը։
ՀՀ դատական օրենսգրքի 157 հոդվածի համաձայն՝ պատասխանատվության այս տեսակը ենթակա է կիրառման միայն այն դեպքում, երբ դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ կամ պարբերական խախտման հետևանքով նա այլևս անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ։ Հավելենք, որ կալանքը գրավով փոխարինելու որոշումից գրեթե մեկ ամիս անց վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ԱԽ մեկ այլ՝ 22.04.2011թ. թիվ ԱԽ-8-Ո-11 որոշմամբ՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Արղամանյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին անհիմն որոշում կայացնելու համար։ Դատական նիստերին չմասնակցելու, իրեն մեղավոր չճանաչելու և մեղադրանքը չընդունելու հանգամանքների հիման վրա, որոնք մեղադրյալի իրավունքներն են, դատավորը եզրակացրել է, որ մեղադրյալը ազատության մեջ գտնվելու դեպքում կխուսափի քննությունից և դատարան ներկայացնելուց։
Արղամանյանին հայտարարվել է նկատողություն՝ 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25%–ից զրկելով։ Կալանքը անհիմն կիրառելու արդյունքում մեղադրյալը 2 ամիս 17 օր անհիմն պահվել է անազատության մեջ, սակայն պատասխանատվությունն ավելի մեղմ է եղել, քան Ս.Մնացականյանի կայացրած որոշման դեպքում, որի դեպքում որևէ անձ ապօրինի չի ազատազրկվել, և կալանքից ազատված անձը, ինչպես պարզվել է մեկ ամիս անց, առնչություն չի ունեցել իրեն վերագրվող հանցագործության հետ։
Զեկույցում նշվում է, որ ԱԽ–ն որդեգրել է ապօրինի քաղաքականություն՝ նույն դատավորի կողմից նույնանման խախտումներ թույլ տալու դեպքում կարգապահական վարույթ չհարուցել, եթե դատավորն արդեն իսկ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ Նման պատճառաբանությամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժելը սահմանված չէ ՀՀ դատական օրենսգրքով։
ՀՀ ԱԽ կարգապահական հանձնաժողովին ուղղված քաղաքացի Գ.Մարտիրոսյանի 10.04.2012թ դիմումի ուսումնասիրության արդյունքներով՝ հանձնաժողովը գտել է, որ չպետք է վարույթ հարուցի ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Հովսեփյանի նկատմամբ, քանի որ նա դիմումում նշված նույնանման խախտումների համար ԱԽ 30.09.2011թ. որոշմամբ արդեն իսկ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
Կարգապահական վարույթ չի հարուցվել նաև փաստաբան Տ.Մուրադյանի 14.02.2013թ դիմումի հիման վրա Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանի դեմ։ Պատճառաբանությունը նույնն է՝ Ռ.Ներսիսյանը դիմումում նշված նույնանման խախտման համար ԱԽ 31.01.2013թ. որոշմամբ արդեն իսկ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
Հավելենք, որ ըստ ՀՀ դատական օրենսգրքի՝ դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը՝
•նախազգուշացում,
•նկատողություն՝ զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25%–ից զրկելով,
•խիստ նկատողություն՝ զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25%–ից զրկելով,
•դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ ՀՀ նախագահին դիմում։
