Դիտորդական խմբի զեկույցի համաձայն՝ ՔԿՀ–ներում կա բռնություն և վատ վերաբերմունք

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբն արձանագրում է, որ ազատազրկվածների բողոքներն ավելի շատ վերաբերում են ոչ թե բանտի պահման պայմաններին, այլ իրենց նկատմամբ կայացված անարդար դատավճիռներին կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերին: Ուսումնասիրությունը նաև բացահայտել է, որ ազատազրկման վայրերում առկա է բռնություն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։

Վերջերս լույս է տեսել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2011-2012թթ. զեկույցը, որում ներկայացված են Քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները:

Ուսումնասիրությունն անդրադառնում է ՔԿՀ-ների գերբնակեցման, կոռուպցիոն ռիսկերի առկայության, սոցիալ-հոգեբանական ծառայությունների անարդյունավետության խնդրին, ՔԿՀ-ների աշխատակազմի ոչ բավարար մասնագիտական պատրաստվածությանը, հատուկ միջոցների և կարգապահական տուժերի կիրառման պրակտիկային, պայմանական վաղաժամկետ ազատմանը և այլ խնդիրների:

Առկա խնդիրների մասին նախնական տեղեկատվությունը խումբը ստացել է ազատազրկվածներից և նրանց հարազատներից։ Նշված ժամանակահատվածում գրանցվել է ավելի քան 169 ահազանգ, որոնցից 4-ը՝ կին ազատազրկվածներից և 1-ը՝ անչափահասից:

Դիտորդական խմբի 9 անդամների կողմից կատարվել են 26 պլանային և 61 հրատապ այցեր, որոնց ընթացքում հայնաբերվել և Արդարադատության նախարարությանն է ուղղվել իրավունքների խախտումների վերաբերյալ 21 հաշվետվություն, որից 16-ը՝ հրատապ:

Ուսումնասիրությունն իրականացվել է նախօրոք մշակված հարցաթերթիկներով։ Ազատազրկվածները հարցմանը մասնակցել են կամավոր, սակայն նրանցից ոմանք որոշ հարցերի հրաժարվել են պատասխանել, ինչը խոսում է անվստահության մասին:

Գերբնակեցում

Հասարակական դիտորդական խմբի ուշադրության կենտրոնում մշտապես եղել է ՔԿՀ-ների գերբնակեցվածության հարցը։

Դիտարկման ժամանակահատվածում ամենածանրաբեռնված քրեակատարողական հիմնարկը շարունակել է մնալ «Նուբարաշեն»–ը, որտեղ 2011թ. նոյեմբերի դրությամբ պահվել է 1180 անձ, մինչդեռ, ըստ լրակազմի, նախատեսված է 840 տեղ։ Հաջորդը «Կոշ» ՔԿՀ-ն է, որտեղ ազատազրկվածների թիվը նախատեսվածից 157–ով ավելի է եղել: Դիտորդական խումբը, համադրելով ՔԿՀ-ների բնակեցման ցուցանիշը և մահացությունների թիվը, եկել է այն եզրահանգման, որ գերբնակեցմանը զուգահեռ ՔԿՀ-ներում աճել են մահացության դեպքերը:

Հարկ է նշել, որ 2013թ. սեպտեմբերին ընդունված համաներման արդյունքում ավելի քան 600 դատապարտյալ ազատ արձակվեց, ինչը գոնե ժամանակավորապես կլուծի գերբնակեցման խնդիրը։

Պահման պայմաններ

ՔԿՀ-ների համար լուրջ խնդիր է սանիտարահիգիենիկ բավարար պայմանների բացակայությունը: Հատկապես մտահոգիչ է սանհանգույցում ջրի բացակայության խնդիրը։ Զեկույցում նշվում է, որ միայն 40% դեպքերում են խցերն ապահովված հոսող ջրով, իսկ 34% դեպքերում խցում հնարավոր չէ հոսող ջրով անգամ ձեռքերը լվանալ։

Պայմանական վաղաժամկետ ազատում

Ուսունասիրության արդյունքում Դիտորդական խմբի անդամները բացահայտել են, որ ազատազրկվածների բողոքներն ու դիմումները հիմնականում վերաբերում են ոչ թե իրենց պահման պայմաններին, այլ, օրինակ, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերին կամ իրենց նկատմամբ կայացված անարդար դատավճիռներին:

Դիտորդական խումբը փորձել է նաև պարզել դատապարտյալների և ՔԿՀ-ների աշխատակիցների վերաբերմունքը պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի նկատմամբ: Հարցված ազատազրկվածների 47.1%–ը նշել է, որ ներկայացվել է համապատասխան հանձնաժողովին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար: Դատապարտյալները հանձնաժողովերին ներկայացվում են միայն ուղղման դեպքում: Ուղղման հիմանական միջոցները դատապարտյալի հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքններն են և նրանց աշխատանքային, կրթական, մշակութային և մարզական զբաղվածության ապահովումը:

Դիտորդական խումբը եկել է այն եզրակացությանը, որ հանձնաժողովին ներկայացվում են հիմնականում այն դատապարտյալները, ովքեր լավատեղյակ են պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգերին։

Վատ վերաբերմունք և խոշտանգումներ

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ քրեակատարողական հիմնարկներում բռնությունն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը տարածում են գտնում, իսկ Արդարադատության նախարարությունը չունի դրանց կանխարգելման և ՔԿՀ-ի ներքին խնդիրների վերաբերյալ դիմումների ու բողոքների քննության արդյունավետ մեխանիզմներ:

Հարցմանը մասնակցած ազատազրկվածների մեծ մասն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է առողջական խնդիրներ և դիմել է բուժօգնություն ստանալու համար, այդ թվում՝ ֆիզիկական վնասվածքներով: Դիտորդական խումբը սա մտահոգիչ փաստ է համարել, քանի որ ՔԿՀ-ներում ֆիզիկական վնասվածքներ ստանալու գործոնը գրեթե բացակայում է:

Այս փաստը առիթ է տալիս ենթադրելու բռնության առկայության մասին: Մտահոգիչ է նաև այն, որ հարցվածների 20%-ից ավելին ասել են, որ ոստիկանությունում գտնվելու ընթացքում խոշտանգման և վատ վերաբերմունքի են ենթարկվել, իսկ հարցվածների մի մասը հրաժարվել է պատասխանել այդ հարցին:

Արտաքին աշխարհի հետ կապ

ՔԿՀ-ներ այցելությունների ընթացքում դիտորդական խումբը կալանավորների կողմից բազմիցս գանգատներ է լսել, որ աշխատակազմը շատ դեպեքերում չի վերցնում, իսկ վերցնելու դեպքում՝ ազատազրկվածների նամակները չի ուղարկում հասցեատիրոջը:

Ուսումնասիրության արդյունքում դիտորդական խումբը մշակել է առաջարկություններ, որոնցում ներառված են ՔԿՀ-ներում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները: Առաջարկությունները ներկայացվել են ՀՀ ԱՆ, որն էլ ներկայացրել է իր մեկնաբանությունները: Խմբի որոշ դիտողություններ, ինչպես օրինակ՝ ազատազրկվածների բողոքների քննության արդյունավետ մեխանիզմների բացակայությունը կամ ԱՆ և Քրեակատարողական վարչության հանդեպ ազատազրկվածների անվստահությունը, նախարարությունը համարել է չհիմնավորված: Նախարարության մեկնաբանությունները ևս զետեղվել են զեկույցում:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

Հեղինակը՝ Շուշաննա Սիրականյան