ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատազրկումն ավելի շատ նպաստում է կրկնահանցագործությանը, քան՝ կանխում այն
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետազոտությունը բացահայտել է, որ 2013թ.–ին արձանագրվել է 18-24 տարեկան անձանց կողմից կատարված հանցագործությունների աճ։ Մտահոգիչ է կանանց կողմից կատարվող հանցագործությունների թվի աճը: Պարզվել է, չնայած նախորդ տարիներին Հայաստանում գրանցված հանցագործությունների թվի աճին, կրկնահանցագործության ցուցանիշը նվազում է։ Հետազոտությունը պարզել է ՀՀ-ում կրկնահանցագործությանը նպաստող պատճառները և գործոնները։
2014 թվականի հունվար-մարտ ամիսներին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել ՀՀ-ում հանցագործություն կատարելու նախադրյալները և կրկնահանցագործության պատճառները:
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կիրառվող պատիժների և միջոցների ազդեցությունը՝ կրկնահանցագործությունը կանխարգելելու տեսանկյունից: Գնահատվել է ազատազրկման և ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների և միջոցների, այդ թվում՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու և պայմանական վաղաժամկետ ազատման ազդեցությունները կրկնահանցագործությունը կանխարգելելու, ինչպես նաև՝ հասարակությանը վերաինտեգրվելու տեսանկյունից: Ուսումնասիրվել է նաև մոտ ապագայում ներդրվող պրոբացիայի ծառայության հնարավոր դերը:
Հետազոտության իրականացման նպատակով հարցազրույցներ են անցկացվել 53 փորձագետների և 179 դատապարտված կամ նախկինում դատապարտված և հետազոտության անցկացման պահին հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող ու անազատության մեջ գտնվող անձանց հետ: Վերլուծվել են նաև պաշտոնական վիճակագրական տվյալներ:
2013 թվականին արձանագրվել է 18-24 տարեկան անձանց կողմից կատարված հանցագործությունների աճ: Բավական մտահոգիչ է նաև կանանց կողմից կատարվող հանցագործությունների թվի աճը: Միևնույն ժամանակ, զգալիորեն նվազել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը:
Պարզվել է նաև, որ չնայած նախորդ տարիներին Հայաստանում գրանցված հանցագործությունների թվի աճին, կրկնահանցագործության ցուցանիշը անշեղորեն նվազում է` կազմելով 2013 թվականին գրանցված հանցագործությունների 3,7%-ը, իսկ բացահայտվածների՝ 5,58%-ը:
2013 թվականին նախկինում դատապարտված անձանց կողմից կատարված հանցագործությունների 65%-ը կազմել են ոչ մեծ (50,22%) և միջին ծանրության (14,46%) հանցագործությունները:
Հետազոտության արդյունքում արձանագրվել են ՀՀ-ում կրկնահանցագործությանը նպաստող հետևյալ պատճառները և գործոնները՝
- սոցիալական անապահովությունը, որը հանդես է գալիս այլ գործոնների հետ համակցությամբ,
- ընտանեկան ոչ բարենպաստ պայմանները,
- ՔԿՀ-ում և դրանից դուրս դատապարտյալի միջավայրն ու շրջապատը, այդ թվում՝ հասարակության մեջ հանցավոր գաղափարախոսության (ենթամշակույթի) ներթափանցումը և տարածումը,
- պետական և հասարակական մարմինների ոչ բավարար աջակցությունն իրավախախտ անձանց, մասնավորապես՝ ուսումնական ծրագրերի կազմակերպման և զբաղվածության ապահովման ուղղությամբ,
- հանցագործությունների և կրկնահանցագործությունների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցառումների բացակայությունը:
Բացի այդ, կարևոր դեր են խաղում ընտանեկան վիճակը, անձնային որակները, հանցավոր ենթամշակույթում ներգրավվելը, հասարակության կողմից պիտակավորումը, թմրամոլությունն և խաղամոլությունը:
Թեև ՀՀ-ում հասարակության կողմից դատվածություն ունեցող անձանց պիտակավորումը լուրջ բացասական գործոն չի հանդիսանում, այն փաստը, որ գործատուները խուսափում են նման անձանցից, կարող է կրկնահանցագործության նախապայման հանդիսանալ:
Ազատազրկումը բացասական ազդեցություն է ունենում մարդու կյանքի բոլոր ոլորտներում
2013 թվականին դատարանների կողմից մեղավոր ճանաչված անձանց 78%-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազատազրկումը մարդու կյանքի բոլոր ոլորտներում բացասական ազդեցություն է ունենում: Այն ազդում է անձի և նրա ընտանիքի նյութական բարեկեցության և եկամտի վրա, նվազեցնում է աշխատանք ունենալու կամ պատիժը կրելուց հետո այն ձեռք բերելու հնարավորությունը։ Բացի այդ, բժշկական ոչ լիարժեք սպասարկման և քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հետևանքով առողջական վիճակի վատթարացման պատճառ կարող է դառնալ:
Ազատազրկման վայրերում ավելի մեծ է շրջապատի և միջավայրի բացասական ազդեցությունը: Հարցված անձինք մտահոգություն հայտնեցին, որ ազատազրկումն ավելի շուտ նպաստում է կրկնահանցագործությանը, քան՝ կանխում այն, քանի որ պատիժը կրելու ընթացքում ազատազրկվածները միմյանցից շատ բան են սովորում, տեղի է ունենում հանցավոր փորձի փոխանակում (այսպես կոչված դևիանտ (շեղվող) վարք որդեգրելու ազդեցություն):
Հայաստանի պայմաններում ազատազրկումը գլխավորապես ծառայում է անձին հասարակությունից մեկուսացնելու խնդրին, իսկ անձին ուղղելու ուղղությամբ արդյունավետ աշխատանքներ չեն իրականացվում: Պատճառը կադրերի պակասն է, համապատասխան մասնագիտական որակավորում չունենալը, ՔԿՀ-ների գերբեռնվածությունը:
Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ ազատազրկման հետ չկապված պատիժ կրելը ավելի մեղմ ազդեցություն է ունենում անձի և նրա ընկերների, հարազատների, հարևանների և ընտանիքի անդամների հետ շփման վրա: Այդ տեսակի պատժամիջոցները նպաստում են դատապարտված անձի ադեկվատ վերասոցիալականացմանը և կանխում են նրա ներգրավվելը հանցավոր ենթամշակույթի մեջ:
Հարցազրույցների ընթացքում բազմիցս ընդգծվել է այլընտրանքային պատժատեսակների ավելի լայն կիրառման անհրաժեշտությունը, հատկապես առաջին անգամ հանցանք կատարելու դեպքում, քանի որ դրանք դրական ազդեցություն են ունենում դաստիարակչական և նոր հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս այլընտրանքային պատիժ կրողների համար նախատեսված չեն սոցիալական աշխատողի և հոգեբանի աշխատանքներ, կարևորվեց նման մասնագետների աշխատանքը նաև այլընտրանքային պատիժ կրողների հետ։
Ընդգծվել է նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի ավելի հաճախակի կիրառման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով զանազան գործոններ:
Հետազոտությամբ հիմնավորվել է, որ մոտ ապագայում ստեղծվելիք պրոբացիայի ծառայությունը կարող է դրական ազդեցություն ունենալ կրկնահանցագործության կանխարգելման տեսանկյունից: Դատապարտյալի և նրա ընտանիքի հետ ավելի շատ աշխատանքներ պետք է իրականացվեն, ինչպես նաև՝ համապատասխան աջակցություն պետք է ցուցաբերվի, այդ թվում՝ կրթության և զբաղվածության ապահովման ուղղությամբ:
Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով՝