ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔՀԿ–ների դիտորդական խումբը ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրները

Պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործող համակարգը խնդրահարույց է և բարեփոխման կարիք ունի։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները։
Պայմանական վաղաժամկետ ազատման գործող համակարգը եռաստիճան է՝ համապատասխան ժամկետը լրանալուց հետո դատապարտյալը գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, վերջինս քննարկում է և որոշում է տվյալ դատապարտյալի պայմանական ազատման հարցը կա՛մ ներկայացնել անկախ հանձնաժողովին, կա՛մ չներկայացնել։ Ներկայացնելու դեպքում անկախ հանձնաժողովը քննարկում է և որոշում կա՛մ մերժել, կա՛մ միջնորդություն ներկայացնել դատարանին։ Պայմանական ազատման վերջնական որոշումը կայացնում է դատարանը։
Դիտորդական խմբի անդամները կարծում են, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պետք է միայն տա դատապարտյալի բնութագիրը, այլ ոչ թե որոշում կայացնի պայմանական վաղաժամկետ ազատման համար ներկայացված դիմումները փոխանցե՞լ անկախ հանձնաժողովին թե ոչ։ Խնդրահարույց է հատկապես այն, որ գործող համակարգում չկան հստակ չափորոշիչներ, թե ո՞ր դեպքերում պետք է ընթացք տալ դիմումին, իսկ ո՞ր դեպքերում՝ ոչ։
Դիմումները անկախ հանձնաժողովինփոխանցվում են ընտրողաբար, ասում է դիտորդական խմբի անդամ Արայիկ Զալյանը՝ հավելելով. «Քրեակատարողական հիմնարկներում կա դատապարտյալների հայտերը մերժելու ներքին բանավոր հրահանգ, որը վերաբերում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (104, 112, 113, 175, 176, 178, 258, 259, 266, 268 և այլն) նախատեսված հանցագործությունների համար: ՔԿՀ ղեկավարությունը մերժում է այս հոդվածներով դատապարտված անձանց դիմումները` չուղարկելով անգամ անկախ հանձնաժողովին»:
«Թե´ ՔԿՀ ղեկավարության, թե´ անկախ հանձնաժողովի համար բացակայում են կոնկրետ չափանիշները, որոնցով պետք է որոշվի դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն տալու հարցը»,– նշում է դիտորդական խմբի մյուս անդամը՝ Հասմիկ Հարությունյանը։
Ներկայացնելով նախորդ տարիներին պայմանական վաղաժամկետ ազատման դիմումների մերժումների վիճակագրությանը` դիտորդական խմբի անդամ Անի Վարդանյանն ասում է, որ թեև 2011-2013թթ. ընթացքում ավելացել է պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմող դատապարտյալների թիվը, սակայն նվազել է բավարարված դիմումների քանակը:
«2013թ.-ին 5468 դատապարտյալ դիմել է վաղաժամկետ արձակման համար, որոնցից անկախ հանձնաժողովին ներկայացվել են` 960-ը: Անկախ հանձնաժողովը հավանության է արժանացրել է 273 դիմում, իսկ դատարանում բավարարվել է դիմումներից` 261-ը։ Մինչդեռ 2011թ.-ին 5216 դիմումներից 895 ներկայացվել են անկախ հանձնաժողովին, իսկ վերջինն ընտրել է` 303-ը, որոնցից 291-ը բավարարել է դատարանը»:
Դիտորդական խմբի անդամները բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ արեցին համապատասխան առաջարկություններ։
