Նախագահը պատրաստ է օգտվել իր Սահմանադրական իրավունքից

Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով հնարավո՞ր է, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում հայտարարի: Այսօր լրագրողները Սարդարապատում նման հարց են ուղղել նախագահին, որին Ս. Սարգսյանը պատասխանել է այսպես.

«Վերջին անգամ համաներում եղել է 2006-ին: Եթե այս երեք տարիների ընթացքում հասարակությունում հասունացել է նոր համաներում հայտարարելու գաղափարը, ապա, իրոք, ես պատրաստ եմ օգտվել իմ Սահմանադրական իրավունքից: Ուստի կոչ եմ անում քաղաքական ուժերին, հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության մասին ու համաներման պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր և եթե արդյունքում պարզվի, որ իրոք, հասարակության մեջ նման ցանկություն կա, ես անմիջապես կօգտվեմ իմ Սահմանադրական իրավունքից, կդիմեմ Ազգային ժողով օրենք ընդունելու մասին»:

Նկատենք, որ առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով նախագահն իր ուղերձում ասել էր. «Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը շատ եռանդ ու ջանք էր գործադրում, որպեսզի արգելակի հայ հասարակության պառակտումը գաղափարական կամ դասակարգային հողի վրա։ Բայց, ցավոք, դա չհաջողվեց։ Քենի, ոխակալության և անհամերաշխության սերմերը տվեցին իրենց դառը պտուղները։

Լա՞վ ենք, արդյոք, սերտել այս պատգամը։ Ես ասում եմ ո՛չ, ցավոք, ո՛չ։ Հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում։ Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում ևս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուժողականությունը, տիրապետում են կրքերը։

Ինչ-որ պահի պետք է կանգ առնել։
Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից։
Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեծ տոն է։ Կրկին շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղ երկինք, երջանկություն, հաջողություն ու նոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր հայրենիքի և հանուն մեր ժողովրդի»

Panorama.am