Իրավապաշտպանը հայտնվել է կալանքի տակ

Ոստիկանության բաժանմունքում խոշտանգել են Արշալույս Հակոբյանին

Հունիսի 5-ին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից հինգ օր հետո, Կենտրոն համայնքի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանը, ով որպես դիտորդ ներգրավված է եղել ընտրական գործընթացում: Բերման ենթարկելիս ոստիկանները Արշալույս Հակոբյանին նախ ծեծի են ենթարկել ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին՝ մեքենայում, ապա Կենտրոն համայնքի ոստիկանապետի և փոխոստիկանապետի գործուն մասնակցությամբ բռնությունները շարունակվում է տեղ հասցնելուց հետո: 
Հունիսի 6-ին Արշալույս Հակոբյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Կենտրոն և Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը նույն օրը հնազանդորեն հիմք է ընդունում ոստիկանության ներկայացրած հիմնավորումները և իրավապաշտպանը հայտնվում է կալանքի տակ:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է իրավապաշտպան», հայտարարում է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը,- «Իշխանությունները մոռացել են դիտորդի անձեռնմխելիության մասին և այսօր դիտորդը հայտնվել է կալանքի տակ:»: 

Երեկ Արշալույս Հակոբյանին այցելել են Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը, ովքեր և հաստատել են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում իրավապաշտպանին խոշտանգնան ենթարկելու փաստը։ Այցելության պահին նրա մարմնի տարբեր մասերում առկա են եղել բռնության հետքերը։ Խմբի անդամ, Հեփլսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հավաստմամբ Արշալույս Հակոբյանը ենթարկվել է դաժան և արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունքի։ Իրավապաշտպանը համոզված է, որ այս անգամ ոստիկանության թիրախը իրավապաշտպան գործունեությունն է։

«Արշալույսին ծեծելիս ոստիկանապետն անձամբ է թքել նրա վրա՝ հայհոյելով կազմակերպության ղեկավարին ու նրանց ծավալած գործունեությունը։ Սա առանձնակի դաժանության դրսևորում է իրավապաշտպանության ու իրավապաշտպանի նկատմամբ։ Ոստիակնությունը հատուկ նպատակ է ունեցել նվաստացնել իրավապաշտպանին», հայտարարում է Սաքունցը։

Արշաալույս Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը իր պաշտպանյալի հետ հանդիպման օրը՝ հունիսի 6-ին, Կենտրոնի քննչական բաժնում նրան տեսել է բռնության ակնհայտ հետքերով. «Մարմնի տարբեր մասերում, այդ թվում և դեմքի վրա կապտուկներ կային: Գլխի վրա արյան հետքերով ծակված վերքեր կային:»: 

Արշալույս Հակոբյանի ձերբակալությունը անմիջականորեն կապված է ընտրությունների օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքի տեղամասերից մեկում տեղի ունեցած մի միջադեպի հետ, ինչի կապակցությամբ նա հանցագործության մասին հայտարարությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը: Նույն՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/23 տեղամասում է գտնվել նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ով Արշալույս Հակոբյանի հետ միասին հետևել է ընտրական գործընթացին: Դանիելյանի վկայությամբ այս տեղամասում մթնոլորտը լարված է եղել, սպառնալիքներ են հնչել Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց հասցեին: Արշալույս Հակոբյանը, ով մասնագիտությամբ լուսանկարիչ է, փորձել է լուսանկարել տեղի ունեցածը, սակայն հանձնաժողովի նախագահը և ուրիշներ նախ թույլ չեն տվել լուսանկարել, ապա սպառնալով պահանջել են հեռանալ տեղամասից: «Իրավիճակը չսրելու համար որոշեցինք լքել տեղամասը», պատմում է Միքայել Դանիելյանը: 

Մայիսի 5-ին ոստիականության Կենտրոնի բաժնից զանգահարում են Արշալույս Հակոբյանին և հրավիրում հարցաքննության, սակայն վերջինս խոստանում է ներկայանալ միայն ծանուցագիր ստանալուց հետո: Նույն օրը ծանուցագրով նրանց բնակարան են այցելում երկու ոստիկաններ և ծանուցագիրը հանձնելու ընթացքում վեճի բռնվում Արշալույս Հակոբյանի հետ: 37 ամյա Արշալույս Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության պահին ներկա են գտնվել նրա ընտանիքի անդամները՝ կինն ու ծնողները: Երբ ոստիկանները իբրև օգնություն օժանդակ ուժ են կանչել, ևս մեկ ոստիկանի, ամենևին հաշվի չեն առել երկու մանկահասակ երեխաների ( 2 տարեկան և 36 օրեկան) ներկայությունը:  

Միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունն իր կայքէջում տեղադրվել սեփական հաղորդագրությունը՝ յուրովի մեկնաբանելով տեղի ունեցածը : «Արշալույս Հ.-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր բնակարանում ծանուցագիրը ստանալու կտրոնի վրա ստորագրել է ոչ համապատասխան տեղում, իմնչի համար ոստիկանության ծառայողները նրան դիտողություն են արել, սակայն վերջինս հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին, ծխախոտի այրվող գլանակը նետել ոստիկանի վրա, ստեղծել քաշքշուկ և շարունակելով հայհոյանքները՝ բռունցքով հարվածել նրան և ապտակել մյուս ոստիկանին»: Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Ոստիկանների այցելության պահին Արշալույս Հակոբյանը քնած է եղել( Նախորդ օրը նշել էին որդու ծննդյան օրը և ուրեմն քիչ գինովցած է եղել): Ոստիկանները ներխուժել են ննջասենյակ և փորձել են տեղում ֆիքսել Արշալույս Հակոբյանի հարբած լինելու հանգամանքը։ Արշալույս Հակոբյանը նրանց դուրս է հրավիրել ննջասենյակից։ Իսկ ծանուցագրի վրա սխալ տեղում ստտորագրելու պատճառ է դարձել իրավապաշտպանի վատ տեսողությունը( այդ պահին առանց լինզաների է եղել)։ Ահա և ողջ պատմությունը։  

«Ես լավ ծանոթ եմ ոստիկանների աշխատելաոճին: Իմ պաշտպանյալն ընդամենը պահանջել է, որ իր հետ դու-ով չխոսեն և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն։ Այս հանգամանքն ակնհայտորեն հունից հանել է ոստիկաններին: նրանք չեն սիրում երբ իրենց ասում են ինչ անեն կամ ինչպես իրենց պահեն»,- արձանագրում է փաստաբան Գայանե Խաչատրյանը: 

Դժվար է պատկերացնել, որ այսօր Հայաստանում կգտնվի մեկը, ով ոստիկանության տարածած հաղորդագրությունը հալած յուղի տեղ կընդունի, թե իբր Հակոբյանն է բռնության հեղինակը, հատկապես 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ ընդդիմության համակիրներին զանգվածային բռնությունների ենթարկելուց հետո, սույն մեղադրանքով հարուցում էին քրեական գործեր հենց ծեծվածների նկատմամբ: Կարճ ժամանակ անց դատարաններում ի հայտ եկան կատարվող խայտառակությունները՝ կեղծիքն ու սուտը հասու դարձան բոլորին և այսօր ոստիկանության նկատմամբ անվստահությունը հասարակության մեջ խորանում է ու խորանում։: 

Արշալույս Հակոբյանի շահերի պաշտպանը հերքում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած իր պաշտպանյալին վերագրվող մեղադրանքները: Գայանե Խաչատրյանը պատրաստվում է վերաքննիչ դատարանում բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը իրավապաշտպանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ 

Հ.Գ. ՀՀ Ոստիականապետ Ալիկ Սարգսյանը պարբերաբար հայտարարություններ է անում, թե հանիրավի նսեմացվում է ոստիկանի կերպարն ու դերը և Ոստիկանությունն ամեն ինչ անում է բարձրացնելու ոստիկանի բարոյական կերպարը։ Վերը շարասրվածը այդ ուղղությամբ տարվող «աշխատանքներից» մեկն է։ Չենք զլանա ևս մեկ անգամ կոչով դիմել հարգարժան ոստիկանապետին։ «Մի խոշտանգեք սեփական քաղաքացիներին»։