Քննարկումներ համաներման շուրջ

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել միայն մեկ հարց՝ ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին առաջարկը, որն ընդունվել է 98 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Արտահերթ նիստին մասնակցել է 104 պատգամավոր։ ԱԺ նախագահն առաջարկել է նիստն անցկացնել առանց ընդմիջման՝ մինչև օրակարգը սպառելը։

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրել է համաներման ակտի նախագիծը, որը նախօրեին քննարկվել եւ դրական եզրակացություն էր ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում: Քննարկումների ընթացքում,   պատասխանելով ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, նախարարը հաստատել է շրջանառվող լուրերը, որ համաներումը  չի տարածվելու 7-ի գործով անցնող քաղբանտարկյալներից ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի վրա:

Վիկտոր Դալլաքյանը հարց է ուղղել նաև նախարարի նշած այն տեսակետի վերաբերյալ, թե մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների մասնակիցների 90 տոկոսի վրա համաներումը կտարածվի։ Պատգամավորը, մասնավորապես հնչեցրել է Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Սմբատ Այվազյանի և այլոց անուներ։ Ի պատասխան արդարադատության նախարարը ասել է, որ վերոնշյալ անունների հետ կապված որևէ խնդիր չկա՝ բացառությամբ Սասուն Միքայելյանի՝ ընդգծելով հոդվածը, որով նա մեղադրվում է։ «Մնացած բոլորի վրա համաներումը տարածվում է, իսկ թե ինչ չափով՝ դա արդեն պայմանավորված է պատժաչափով», ասել է Գևորգ Դանիելյանը։

Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին և ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, նախարարի խոսքով՝ «Այնպես, ինչպես նախատեսում է նախագիծը, եթե հետախուզման մեջ գտնվողները մինչեւ սահմանված ժամկետը՝ հուլիսի 31-ը, ներկայանան իրավապահ մարմիններին, ապա միանշանակ, նրանց վրա համաներում կտարածվի»։

«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտահոգություն է հայտնել, որ համաներումը չի տարածվելու բոլոր քաղբանտարկյալների վրա, մինչդեռ համաներում արտահայտելու անհրաժեշտությունն առաջացել է հենց մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված։։

Համաներման մասին արտահերթ ելույթով հանդես է եկել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ողջունել է համաներման նախաձեռնությունը՝ նշելով, որ ստեղծված քաղաքական իրավիճակում համաներումը երկար սպասված եւ արդարացված քայլ է.

«Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված հանցագործություն կատարած անձանց պատժաչափի մասին այս նախագծով առաջարկում եմ կրճատել 1/3-ով, եթե նրանց համար սահմանվել է 5 տարուց ավելի ազատազրկում: Առաջարկում եմ ՀՀ նախագահին այս հարցում եւս դրսեւորել մարդասիրական մոտեցում եւ այդ անձանց նկատմամբ նախատեսել պատժաչափի չկրած մասի ավելի մեծ կրճատում' ½-ով»:  ԱԺ նախագահը կարծիք է հայտնել նաև, թե համաներումը բոլորին չէ, որ կգոհացնի։

Ինչպես հայտնի է , ըստ ընթացակարգի ԱԺ պատգամավորները իրավասու են միայն առաջարկներ ներկայացնել, սակայն հանրապետության նախագահն է որոշելու ներառել դրանք համաներման նախագծում, թե ոչ։

Խորհրդարանի շենքի մոտ ԱԺ ընթացող նիստի կապակցությամբ հավաքվել են մի քանի տասնյակ մարդ, որոնք պահանջել են անհապաղ  ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: