«Իրավապաշտպանների վիճակը հասարակության մեջ ժողովրդավարության մակարդակի ինդիկատորն է»

Հունիսի 26-ին, Խոշտնագումների զոհերի աջակցության միջազգային օրը Երևանում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը(FIDH), որի կազմում են ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը, գործադիր տնօրեն պարոն Անտուան Բերնարը, արտաքին կապերի բաժնի տնօրեն տիկին Իզաբել Շեբան և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն տիկին Ալեքսանդրա Կուլաևան, Արմենիա Մարիոթ հյուրանոցում հանդիպել են հայաստանյան լրատվամիջոցների հետ։

Ասուլիսում ներկայացվել է «Իրավապաշտպանների պաշտպանության Օբսերվատորիայի 2008թ. Տարեկան զեկույցը»( որում զետեղված է Հայաստանին նվիրված գլուխ) և Արդարադատության իրականացումը Հայաստանում փաստաթուղթը։ Առաջին անգամն է, որ Հայաստանը հայտնվում է (FIDH) տարեկան զեկույցում։ «Սա նշանակում է, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը վատ է», հայտարարում են պատվիրակության անդամները։ Զեկույցն անդրադարձել է 2008թ-ի նախահգահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավճակին։ «2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը անցավ վերջին տարիների ընթացքում ամենաբռնի ճնշումների միջով»,- նշված է զեկույցում։

FIDH-ը եւ իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, հետեւել են 2008թ. մարտի 1-ի ոստիկանության եւ ընդդիմության բախումների գործերով ձերբակալված անձանց դատավարություններին, ինչը ներկայացվել է  «Արդար դատավարության իրավունքի իրականացումը ՀՀ-ում» փաստաթղթում։ Կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնել նախաքննության և դատաքննության ընթացքում վկաների նկատմամբ կիրառվող շարունակական հոգեբանական և ֆիզիկական ճնշումների կապակցությամբ ստացված ահազանգերի վերաբերյալ։

«Նման ապացույցների վրա հիմնվելով' Հայաստանի դատարանները ոտնահարում են ՀՀ միջազգային պարտավորությունները եւ նպաստում են  նման ապօրինի մեթոդների կիրառմանը»,- նշել է FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը: Զեկույցում նաև անդրադարձ կա  հետընտրական շրջանում լրատվամիջովների նկատմամբ «զգալի դե ֆակտո ճնշումների» վերաբերյալ։

Պատվիրակության անդամները իրենց մտահոգությունն են հայտնել անցյալ տարի մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում 10 ՀՀ քաղաքացիների չբացահայտված սպանությունների առնչությամբ։։

Պատասխանելով լրագրողների հարցերին Ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը, մասնավորապես, անդրադարձել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի կալանքի տակ գտնվելու խնդրին. «Իրավապաշտպանների վիճակը հասարակության մեջ ժողովրդավարության մակարդակի ինդիկատորն է, երբ որ իրավապաշտպանները վտանգի մեջ են հայտնվում, նշանակում է' ժողովրդավարության մակարդակը հասել է այնպիսի մի աստիճանի, երբ մարդը, ով պաշտպանում է մարդկանց և քաղաքացիների իրավունքները, դառնում է գոյություն ունեցող համակարգի թշնամին։ Երբ ես գտնվում եմ մի երկրում և տեղեկանում եմ, որ բանտում իրավապաշտպան է պահվում, անպայման այցելում եմ նրան», հայտարարել է տիկին Բելասենը, ով իր գործընկերների հետ այսօր այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող Արշալույս Հակոբյանին։. Ֆեդերացիայի նախագահը ընդգծել է նաև, «ամեն երկիր չէ, անշուշտ որ բանտեր այցելության հնարավորություն է ընձեռում»։ Նախորդ օրը, երբ պատվիրակությունը պաշտոնական մի շարք հանդիպումներ է ունեցել հայաստանյան իշխանութունների ներկայացուցիչների հետ, հնչեցրել են նաև իրավապաշտպանի կալանքի տակ գտնվելու հարցը։   

Ավելի քան 155 կազմակերպություն ընդգրկող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ժամանել է Հայաստան ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսը պատրաստելու համար, որը տեղի է ունենալու 2010 թ.-ի ապրիլի 4-7-ը: Այն առաջին անգամ է անցկացվելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Հայաստան են ժամանելու մոտ 110 երկրների իրավապաշտպաններ։