Ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի

Բելգիայի երիտասարդ քաղաքական գործիչները նամակ են հղել այդ երկրում Հայաստանի դեսպանատուն։

Այսօր, մոտ 40 եվրոպաբնակ երիտասարդների ստորագրությամբ հայտարարություն է տարածվել, որտեղ երիտասարդներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընդդիմադիր երիտասարդության դեմ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ:

«Դրա գագաթնակետը եղավ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը:

Շինծու մեղադրանքներ առաջ քաշելը, երբ տուժածը հանկարծ վերածվում է կասկածյալի, ապա' մեղադրյալի, բնորոշ է «երրորդ աշխարհի» ամենահետամնաց երկրներին: Ցավոք,հատկապես վերջին տարիներին, Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ անում են այդ երկրներից հետ չմնալու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Եվրոպաբնակ հայերը խստագույնս դատապարտում են ՀՀ իշխանությունների ապօրինի քայլերը, պահանջում են ՀՀ իշխանություններից անմիջապես դադարեցնել ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, « այլապես այս խնդիրը ստիպված կլինենք բարձրացնել եվրոպական ամենաբարձր ատյաններում, ինչը, վստահ ենք, Հայաստանում հաստատված ապօրինի ռեժիմին ամենևին ձեռնտու չէ»: