Ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի դիմաց ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում' ի պաշտպանություն «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի: Նրանց պահանջը մեկն է՝ «Արմանի կյանքը վտանգի տակ է, նրան պետք է անհապաղ ազատ արձակել կալանքից։»

Հավաքվածները պարզել էին Արման Բաբաջանյանի լուսանկարներով պաստառներ և վանկարկում էին «Ազատություն Արմանին»։ 

Ներկա պահին Արման Բաբաջանյանը գտնվում է դատապարտյալների քչեակատարողական հիմնարկ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո, ուր նրան տեղափոխել են հուլիսի 10-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում հետազոտելուց հետո։ Բաբաջանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Բժիշկները նրա գլխուղեղի վրա հայտաբերել են վտանգավոր ուռուցքատիպ գոյացություն, ինչը վիրահատական միջամտության կարիք ունի։

Բաբաջանյանը, սակայն, վերապահումով է մոտենում Հայաստանում իրեն վիրաբուժական միջամտության ենթարկելուն. և կարծիք է հայտնել, թե, ամեայն հավանականությամբ, ազատվելուց հետո (սեպտեմբերի 15-ին) դիմելու է արտասահմանյան բժիշկների օգնությանը
Սակայն նրա առողջական վիճակը օրեցօր վատթարանում է և նա կարիք ունի օր առաջ ազատվելու կալանքից։ Հուլիսի 31-ին տեղի է ունենալու «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին առընթեր անկախ հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ կլսվի Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակելու հարցը՝ ՀՀ նախագահի կողմից ստեղծված անկախ հանձնաժողովին ներկայացնելու համար։

Անցյալ շաբաթ ՔԿՀ-ում վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը այցելել էր Արման Բաբաջանյանին և հրատապ հաղորդագրություն ներկայացրել Արդարադատության նախարարին հարցը հանձնաժողովին ներկայացնելու համար։

«ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։ 1,5 ամիս հետո կլրանա նրա ազատազրկման ժամկետը։ Վաղաժամկետ ազատ արձակվելու հարցով համապատասխան հանձնաժողովին Բաբաջանյանը դիմել է մի քանի անգամ և մերժվել։

Անցյալ շաբաթ Արման Բաբաջանյանի հարցով Արդարադատության նախարարին էր դիմել նաև ԱԺ պատգամավոր(«ժառանգություն») Զարուհի Փոստանջյանը։ Պատգամավորի խոսքով, Բաբաջանյանը ազատազրկման ընթացքում չի ստացել ոչ մի տույժ, բնութագրվում է դրական, ինչն էլ կարող է նպաստել, որ նա ազատվի պատժի մնացած մասը կրելուց։

Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին հայտարարված համաներումը Արման Բաբաջանյանի վրա չտարածվեց։ Սա Արման Բաբաջանյանի ազատազրկման 3 տարիներին հայտարարված 2-րդ համաներումն էր։ Սակայն երկու դեպքում էլ նա համաներման հնարավորությունից չի օգտվել, թեեւ նրա հանցանքը համարվում է միջին ծանրության։ 
Հուլիսի 22-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ, պահանջելով «անհապաղ ազատ արձակել» Արման Բաբաջանյանին: 

«Հակառակ դեպքում հնարավոր վատ հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի վարչախմբի եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա», - նշված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Ժաննա Ալեքսանյան