«Վկաները սուտ ցուցմունքներ են տալիս»

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարաանում շարունակվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով վկաների հարցաքննությունը, որն առայժմ ընթանում է նրան առաջադրված մեղադրանքներից մեկի՝ 316 հոդվածի 1-ին մասի(ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելը) շուրջ։ Միջադեպը տեղի է ունեցել 2007թ. հոկտեմբերի 23-ին՝ Կորյուն- Աբովյան խաչմերուկում։ Այս դրվագով անցնող վկաները 19-են, որոնցից առայժմ հարցաքննվել են 4-ը։ Նախորդ նիստերից մեկում գործով տուժող ճանաչված Երևանի քաղաքային ոստիկանության աշխատակից Վազգեն Դաբաղյանն իր ցուցմունքում հայտնել ու պնդել էր, որ Նիկոլ Փաշինյանը հարվածել է իր ոտքերին։  Տուժողը ասել էր նաև, որ որևէ մարմնական վնասվածք չի ստացել և չի դիմել բուժօգնություն ստանալու համար։

«Քաշքշուք է սկսվել, խմբված մարդիկ սկսել են չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», որից հետո բարձրախոսը ձեռքին մոտեցել է Փաշինյանը և խփել իր աջ ոտքին։

Դատարանում հարցաքննված վկաներից երկուսը՝ Վազգեն Սերոբյանը և Կարեն Գրիգորյանը միջադեպը ներկայացնելիս ասում էին մի բան, իսկ փաստաբանների հարցերին պատասխանելիս մեկ այլ բան։ Մասնավորապես, վկա Կարեն Գրիգորյանը, ով հայտարարեց, թե Փաշինյանին ճանաչում է որպես թերթի խմբագիր, իր ցուցմունքում պնդում էր. թե տեսել է ինչպես են ցուցարարներն ու Փաշինյանը հարվածում ոստիկանների ոտքերին,սակայն փաստաբան Լուսինե Սահակյանի մանրամասն հարցաքնությունից նրա մտքերը խառնվեցին։Պաշտպանները մանրամասնություններ պահանջեցին՝ խնդրելով ավելի կոնկրետ նշել այն վայրը, որտեղից նա տեսել է այդ ամենը։ Վկայի պատմելուց հետո պարզ դարձավ, որ նա այդ տարածքից չէր կարող նկատել Փաշինյանի հարվածը: Ավելին, հարվածի հետ կապված և ոչ մի մանրամասնություն նա չէր հիշում, միայն անընդհատ կրկնում էր, որ տեսել է հարվածի պահը։ Հարցաքննությունն, ի վերջո նրան հունից հանեց այն աստիճան, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ստիպված էր նկատողություն և հանդարտության կոչ անել։ Այս վկային էր, որ Փաշինյանի պաշտպանները հարց ուղղեցին, թե, արդյո՞ք նա ոստիկանությանը չի աջակցում։ Չնայած  բացասական պատասխանին, պաշտպանները փորձեցին պարզել, թե այդ դեպքում ինչու են այդքան հաճախ վկային տեսել Կենտրոն ոստիկանության քննչական բաժնում։ Այս հարցին վկան դժվարացավ պատասխանել։

Վկա Գրիգորյանը նախաքննության ընթացքում հրավիրվել է նաև ԱԱԾ Փաշինյանի հետ առերես հարցաքննության։ Նա դատարանում պատմեց. «Հարցաքնությունը չստացվեց, որովհետեւ Փաշինյանը գոռում էր «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Հետո ինձ թուղթ տվեցին, որ չստացվեց ու ես ստորագրեցի»։

Իրավապաշտպան  Վարդան Հարությունյանը, ով մշտապես հետևում է Փաշինյանի դատավարությանը, վերը նշված դրվագի առնչությամբ «Կապիտալին» ասաց «Այդ վկանները նույնիսկ Փաշինյանին չեն էլ ճանաչել, դրա համար էլ նրանց տարել են ԱԱԾ' Փաշինյանին ցույց տալու համար: Դա է պատճառը, որ վկանների ցուցմունքները ծիծաղ են առաջացնում»:

Փաշինյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Լուսինե Սահակյանը համոզված է, որ վկաները սուտ ցուցմունքներ են տալիս։ «Մինչ այժմ հարցաքննված բոլոր վկաների, ինչպես նաեւ տուժողի ցուցմունքները չեն համընկում, ինչը խոսում է այն մասին, որ նրանք ակնհայտ սուտ ցուցմունքներ են տալիս: Այս քրեական գործերը ցույց են տվել, որ իրենք աշխատում են շատ վկաներ բերել դատարան, որ տպավորություն ստեղծվի, թե իրենք բազմաթիվ վկաներով հիմնավորել են մեղադրանքը, սակայն դուք էլ եք համոզվում, որ այս վկաներից շատերի ցուցմունքները որեւէ արժեք առհասարակ չեն ներկայացնում»։

Դատարանում հարցաքննված մյուս երկու վկաները՝ Ռիտա Եփրեմյանն ու Վարսենիկ Զուրաբյանը միջադեպի ժամի վերաբերյալ սխալ տեղեկություններ հայտնեցին։ Նրանք նշում էին ցերեկային ժամեր, այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել երեկոյան ժամ 19-ի սահմաններում։  Նրանք Փաշինյանին չէին ճանաչում և նրան միջադեպի օրը չէին տեսել։ Ընդամենը հավաքված մարդկանց մի բազմություն են տեսել և լսել աղմուկ։, բայց ոչ ավելին։  Վկա Ռիտա Եփրեմյանը հասկացել է, որ նրանք ցուցարարներ են, քանի որ ձեռքներին պարզած դրոշներ են ունեցել։

Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանի դատավարությանը հետևող միակ հեռուստաընկերությունը՝ Գյումրիի «Գալան» հեռուստաընկերությունն է, ով լուսաբանում է դատական գործընթացը եթերում։

Ժաննա Ալեքսանյան