Դատարանը լուծեց Փաշինյանի տեղեկանքի հարցը

ՀՀ վարչական դատարանը 'դատավոր Արծրունի Միրզոյանի նախագահությամբ հրապարակել է  «Հայկական ժամանակ»օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի վերաբերյալ վճիռը, որով  պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը տրամադրել Ն. Փաշինյանին' վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը: Այժմ արդեն թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի' որպես պատգամավորի թեկնածու առաջադրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա: Դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Վարչական դատարանի վճռի հրապարակումից հետո փաստաբան Լուսինե Սահակյանը ասաց. «Անկեղծ ասած, ես վաղուց Հայաստանի Հանրապետությունում օրինական դատական ակտ չէի սպասում»։Փաստաբանը չկարողացավ մեկնաբանել, թե ինչով էր պայմանավորված այս դատական ակտը.«բայց եթե Հայաստանում արդեն օրենքը սկսել է գործել եւ օրինական դատական ակտեր ենք մենք ակնալում, ապա հաջորդ դատական ակտը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի արդարացումը»։