ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արշալույս Հակոբյանն արդարացվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատավճիռ է կայացրել Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի գործով։
Մեղադրող կողմը հանդես է եկել քրեական գործը կարճելու միջնորդությամբ։ Հակոբյանի գործը շարունակվում էր անցած տարվա հուլիսից։ Թեև Արշալույս Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց և նա ազատ արձակվեց, սակայն քրեական գործը չէր կարճվում։ Մեղադրող կողմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել ժամանակ տրամադրել գործով քննությունը շարունակելու համար։ սակայն ինչպես այսօր պարզվեց մեղադրող կողմը այդ ժամանակը անարդյունավետ էր օգտագործել և ստիպված էր գործը կարճելու միջնորդությամբ հանդես գալ։
Հիշեցնենք, որ Նրան մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(իշխանության ներկայացուցչի նկատամբ բռնություն գործադրելը): Հակոբյանը ձերբակալվել էր 2009թ. հուլիսի սկզբին և 4 ամիս անցկացրել բանտում:
Հելսինկայն ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի կարծիքով այլ կերպ չէր կարող լինել, քանի որ դատական պրոցեսի ձգձգումից հոգնել էր նաև մեղադրող կողմը։
«Չէի հասկանում՝ ինչ էին պրպտում ու ման գալիս այսքան ժամանակ ,- ասաց նա,- Պիտի մի բան գտնեին, բայց չէին կարողանում, չէին իմանում՝ ոնց փակել տային գործը, ախր ամեն ինչ պարզ էր»։
