ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զարուհի Փոստանջյանն ընդդեմ դատախազության

Այսօր կենտրոն Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ՝շարունակվեց «ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցն ընդեմ դատախազության որոշման։
«Ազատամտություն» թերթում իր դեմքով մերկ կոլաժ եւ վիրավորական որակումներով հրապարակում տպագրելու համար տիկին Փոստանջյանը դիմել էր դատախազություն քրեական գործ հարուցելու եւ թերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանին, լրագրողներ՝ Կիմա եղիազարյանին եւ Լուսինե Կեսոյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով, սակայն դատախազությունը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրգործի հարուցումը մերժել էր։
Որոշումը տիկ. Փոստանջյանը բողոքարկել է դատարանում։
Զարուհի Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը դեռեւս նախորդ դատական նիստի ժամանակ փորձում էր տեղեկանալ, թե ինչ կլինի, եթե դատախազի մասնագիտական գործունեությունը լուսաբանելիս օգտագործվի նույն մեթոդը։ Սակայն դատախազ Սերգեյ Աբրահամյանը այդպես էլ որեւէ հստակ պատասխան չկարողացավ տալ։
«Իրենք ընդունում են, որ տիկին Փոստանջյանին վիրավորող կոլաժ եւ արտահայտություններ են եղել,բայց ասում են, որ դա քրեորեն պատժելի չէ, քանի որ այդ մարդիկ դրանով գնահատել են տիկին Փոստանջյանի մասնագիտական գործունեությունը։ Այսինքն, գտնում են, որ մեր երկրում մասնագիտական գործունեությունը գնահատելիս կարելի է դիմել ցանկացած արտահայտությունների, ինչի կապակցությամբ ես իրենց շնորհավորում եմ եւ խոստանում, որ իրենց մասնագիտական գործունեությունը գնահատելիս, մենք եւս որեւէ կերպ կաշկանդված չենք լինելու,- ասաց պրն Ալումյանը։
Փաստաբանի այս մոտեցումը դատախազ Աբրահամյանը գնահատեց որպես սպառնալիք։
Դատավոր Կարախանյանը լսեց կողմերին եւ մտավ խորհրդակցական սենյակ։ Վճիռը կհրապարակվի մարտի 26-ին։
Ռուզան Ավոյան
