ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նամակը փոխանցեցին երթով

Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուիչները երթով նամակը փոխանցեցին Եվրախորհրդի հայաստանյան ներկայացուցչություն: Երթը սկսվեց Սարյանի արձանի հարակից տարածքից, անցավ կենտրոնական փողոցներով , հասավ ԵԽ երեւանյան գրասենյակ ու եզրափակվեց Հյուսիսային պողոտայում:
Մեզ հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, թե ակնկալում են, որ իրենց առաջարկները լուրջ քննարկման կարժանանան: Կոնգրեսն առաջարկում է ազատ արձակել անազատության մեջ գտնվող իր համակիրներին, վերականգնել փաստահավաք խմբի գործունեությունը, վերաբացել Ա1+ հեռուստաընկերությունը, նաեւ բարեփոխել ընտրական ու հավաքների օրենսդրությունը:
Հիշեցնենք, Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովն իր զեկույցում մի շարք առաջարկներ էր ներկայացրել ու հիմնականում սոցիալ- տնտեսական ու իրավական բնույթի բարեփոխումներ առաջարկել: Հայաստանի հարցով համազեկուցողներն էլ հետաքրքրվել էին, թե ինչպես է Հայաստանի խորհրդարանը պատրաստվում կյանքի կոչել այդ բարեփոխումներն ու գործողությունների կոնկրետ ժամանակացույց էին պահանջել մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստը:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը կայանալու է այսօր:
Հայաստանյան պատվիրակության ղեկավարն արդեն առիթ ունեցել է տեղեկացնելու, թե փաստաթուղթը կազմվել ու ներկայացվելու է: Ներկայացվելիք ժամանակացույցում նախ նշվում է, որ մարտիմեկյան հանձնաժողովի առաջարկությունների մշտադիտարկումն իրականացնելու է պետաիրավական հարցերի հանձնաժողովը:
Ժամանակացույցով նաեւ առաջնահերթ են համարվում ոստիկանության համակարգի բարեփոխումները, ընտրական օրենսդրության բարելավումը, դատական համակարգի, ավելի ստույգ՝ քրեական դատավարության վերանայումը: Ժամանակային առումով փաստաթուղթը 2-3 տարվա ընթացքում իրագործվելիք գործողություններ ու քայլեր է նշում:
Խորհրդարանի մշակած ժամանակացույցին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուիչները ծանոթ չեն, բայց լուրջ վերապահումներ դրա նկատմամբ ունեն: ՀԱԿ- ը գործողությունների սեփական ժամանկացույցն է առաջարկում եւ այն «քաղաքական ճգնաժամից դուրս գալու քայլերի» ժամանակացույց անվանում:
«Մենք դեռ մարտի մեկին հայտարարեցինք այս ակցիայի մասին: Ներկայացրել ենք մեր այլընտրանքային ժամանակացույցը, քանի որ կարծում ենք, որ իշխանությունների կողմից առաջարկվող քայլերը բավարար չեն ճգնաժամը հաղթահարելու համար»:
Մինչ երթի մեկնարկը Սարյանի արձանի մոտ հավաքվածներին նաեւ պարզաբանել էր, թե այս ակցիան չի նշանակում ապավինել միջազգային կառույցների օգնությանը, այլ նշանակում է, որ Կոնգրեսը որպես ընդդիմություն, փորձում է օգտագործել բոլոր հնարավորությունները:
Լուսինե Մանուկյան
