Ձերբակալություններ` մահապատժի դեմ խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ

Փարիզ-ժնև, 2010թ. մարտի 23- Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան, որը հանդիսանում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության (OMCT) համատեղ ծրագիր, արտահայտում են իրենց խորը մտահոգությունը Ալես Բիլիացկիի՝ FIDH-ի փոխնախագահի և «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի երեք այլ անդամների կամայական ձերբակալության կապակցությամբ' մահապատժի դեմ խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ։

Այսօր պրն Ալես Բիլիացկին՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահը, «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի նախագահը ձերբակալվել է «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի երեք այլ անդամների՝ պրն Վալենտին Ստեֆանովիչի, տկն Իրինա Տոլստիկի և պրն Սերգեյ Սիսի Մինսկի նախագահական աշխատակազմի շենքի առջև նստացույցի ժամանակ։ Նրանք բողոքում էին Անդրե Ժուկի և Վասիլ Յուցեպչուկի նկատմամբ վերջերս իրականացված մահապատժի դեմ, մինչդեռ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը դիմել էր Բելառուսի Հանրապետության իշխանություններին՝ պահանջելով չիրականացնել պրն. Յուցեպչուկի նկատմամբ մահապատիժը մինչև հանձնաժողովը կքննարկի նրա բողոքը։

Ալես Բիլիացկին, Վալենտին Ստեֆանովիչը, Սերգեյ Սիսը, Իրինա Տոլստիկը տարվել են Մինսկի Լենինսկի ոստիկանություն, և նրանց մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիական օրենսգրքի 23 և 24 հոդվածների հիման վրա («հանրային միջոցառումների կազմակերպման ընթացակարգի խախտում»)։

Սերգեյ Սիսին երեկոյան ազատ են արձակել, մինչդեռ պրն Բիլիացկին, պրն Ստեֆանովիչը և տկն Տոլստիկը գիշերը մնացել են Մինսկի Լենինսկի ոստիկանությունում։

Օբսերվատորիան դատապարտում է Ալես Բիլիացկու, Վալենտին Ստեֆանովիչի և Իրինա Տոլստիկի կալանավորումը, որը ողղված է բացառապես նրանց իրավապաշտպանական գործունեության դեմ, մասնավորապես  ի կատար ածված մահապատժի դեմ նրանց կողմից անցկացված խաղաղ բողոքի ակցիայի համար։ Օբսերվատորիան կոչ է անում Բելառուսի իշխանություններին նրանց ազատ արձակել և երաշխավորել նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը։

Օբսերվատորիան նաև կոչ է անում Բելառուսի իշխանություններին վերջ դնել բռնություններին ինչպես վերը նշված, այնպես էլ Բելառուսում գործող բոլոր իրավապաշտպանների դեմ, ներառյալ նաև դատական հետապնդումները։  Գործել ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ինչպես նաև Բելառուսի կողմից վավերացված մարդու իրավունքների մասին այլ միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերի համաձայն։