ՀՀ Սահամանադրությանը հակասող ճանաչվեց

Սահմանադրական դատարանը քննելով, ընդդիմադիրներ Կարապետ Ռուբինյանի և Արամ Սարգսյանի դիմումները, Հայաստանի Սահմանադրությանը հակասող և անվավեր  ճանաչեց  քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի համաձայն գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործութունը ապացուցված չլինելու արդյունքում։

Սահմանադրական դատարանը  որոշումը կայացրեց երեկ՝գրավոր ընթացակարգով քննելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանի և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դիմումները։

2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո ընդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել պետական իշխանությունը յուրացնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքներով։ Երկուսի նկատմամբ էլ 2008-ի դեկտեմբերին քրեական հետապնդումը դադարեցվել էր ապացույցների անբավարարության հիմքով՝ կիրառելով Քրեական դատավարության մասին օրենքի 35-րդ հոդվածի երկրորդ մասը։

Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի մեկնաբանությամբ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթում տեղ գտած ձևակերպումները «միջամտություն են անմեղության կանխավարկածի իրավունքին»։

«Եթե կան ապացույցներ, նշանակում է կա մեղք, եթե չկան ապացույցներ, նշանակում է՝ չկա մեղք, և այլ ձևակերպում, թե նրանց մասնակցությունը կատարված հանցագործությանը ապացուցված չէ՝ խախտում է անմեղության կանխավարկածը», - պարզաբանում է Արտակ Զեյնալյանը։

Փաստաբանն ասաց նաև, որ դիմելու են Վճռաբեկ դատարան' պահանջելով վերանայել այն բողոքները, որոնցով ուժի մեջ էին թողնվել այդ անձանց նկատմամբ գործի կարճման հիմքերը։