ՍԴ-ն մերժեց Փաշինյանի դիմումը

Սահմանադրական դատարանը ապրիլի 23-ին մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Աժ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումը' թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Հրավիրված նիստը տևեց  ոչ ավելի, ոչ պակաս  մեկ րոպե, և ՍԴ անդամները հեռացան խորհրդակցական սենյակ' որոշում կայացնելու: Նույնքան արագ էլ հրապարակեցին որոշումը, ըստ որի անփոփոխ  մնաց ընտրատարածքային հանձնաժողովի հունվարի 14-ի որոշումը, այն է' հունվարի 10-ի ընտրություններն անցել են առանց խախտումների, ինչի արդյունքում ԱԺ պատգամավոր է դարձել «Ազգային միաբանության» թեկնածու Արա Սիմոնյանը:

Դատարանի որոշման հրապարակմանը ներկա չէին ո'չ դիմամատուն, ո'չ էլ նրա ներկայացուցիչները: Նրանք հրաժարվել էին դեռևս նախորդ նիստի ժամանակ' պատճառաբանելով, որ առանց ԱԺ պատգամավորության թեկնածուի՝ ազատազրկման վայրում գտնվող Նիկոլ Փաշինյանի մասնակցության, հնարավոր չէ գործի բազմակողմանի քննություն:

 «Ինչպես ընտրությունների ընթացքում չապահովվեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, այնպես էլ դատարանն ինքը խուսափեց Նիկոլի մասնակցությունն ապահովելուց: Երբ դատարանը չի ապահովում Նիկոլի մասնակցությունը, իր լիազոր ներկայացուցիչը չի կարող գործընթացը շարունակել»,- ասաց ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանը:

Թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը որոշումը հրապարակելուց հետո ասաց, որ այն սպասելի էր իրենց համար:

«Հայտնաբերված խախտումները այնպիսին չէին, որ կարողանային որոշումը չեղյալ ճանաչել», - ասաց նա:

Փաշինյանի ներկայացուցիչները, սակայն, շարունակում են պնդել, որ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրություններն անցել են բռնությամբ և ուղեկցվել բազմաթիվ ընտրախախտումներով: