ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծի շուրջ

Մայիսի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում առկա վիճահարույց և տարակարծիք մեկնաբանությունների արժանացած դրույթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք այլ շահագրգիռ անձիք:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ընդգծեց իր համար մտահոգության տեղիք տվող դրույթները, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին փոխանցեց օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը:
Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց մտահոգող դրույթների մասին մոտ երկու տասնյակ հարցադրումներ: Վերջիններիս հիմնականում պատասխանում էին Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որոնք ընդունեցին որոշ հարցադրումների իրավացիությունը, որոշների վերաբերյալ հայտնեցին իրենց անհամաձայնությունը և ներկայացրին պարզաբանումներ:
Ըստ Ներսես Երիցյանի հնչեցված բոլոր խնդիրներն ու հարցադրումները արձանագրվել են և առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում դրանց վերաբերյալ կտրվեն համապատասխան սպառիչ մեկնաբանություններ:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջարկեցին բոլոր մտահոգող հիմնախնդիրների վերաբերյալ կազմել հարցաշար և գրավոր տեսքով ներկայացնել օրինագծի հեղինակներին: Էկոնոմիկայի նախարարը նշված առաջարկին դրական արձագանքեց և խոստացավ ներկայացնել իրենց դիրքորոշումը առաջիկա քննարկումներին, որոնց մասնակցության պատրաստակամություն հայտնեց նաև Պաշտպանը:
