ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը մտահոգված է հայաստանյան արդարադատությամբ եւ քրեակատարողական հիմնարկների վիճակով
Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբն ավարտեց իր առաքելությունը: ՀՀ Կառավարության հրավերով ժամանած պատվիրակության առաքելությունն էր դիտարկում կատարել՝ արդյո՞ք պահպանվում է միջազգային իրավունքը ձերբակալման, կալանավորման եւ դատական գործընթացի ժամանակ, եւ ըստ այդմ' հանձնարարականներ ներկայացնել ՀՀ Կառավարությանը:
Փաստահավաք առաքելության ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի, ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային կապերի մշտական հանձնաժողովի նախագահի, Արդարադատության եւ Պաշտպանության փոխնախարարների, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ՀՀ Ոստիկանության շտաբի պետի, Մարդու իրավունքների պաշտպանի, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների այլ ներկայացուցիչների, ինչպես նաեւ նախկին կալանավորվածների հետ:
Աշխատանային խումբն այցելել է «Նուբարաշեն», «Արթիկ», «Գորիս», «Վարդաշեն», «Երեւան-Կենտրոն», Աբովյանի կանանց եւ անչափահասների քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաեւ ձերբակալված անձանց պահելու վայրեր, միգրանտների ընդունման կենտրոն եւ հոգեբուժական հաստատություններ:
«Հանդիպել ենք նաեւ 2008 թվականի մարտյան դեպքերի կապակցությամբ ազատազրկված 13 անձանցից 4-ին: Մենք դիտավորյալ ոչ մի կարծիք չենք հայտնում այդ ձերբակալությունների բնույթի վերաբերյալ, քանի որ բավարար չափով տվյալներ չունենք: Մեր ունեցած փաստաթղթում նրանց հետապնդում են քրեական գործով: Ի դեպ, նրանցից ոչ մեկը պայմաններից չի գանգատվում»,- ասաց աշխատանքային խմբի նախագահ Էլ Հաջի Մալիկ Սոուն:
Նրա խոսքերով՝ խումբը մի շարք մտահոգիչ երեւույթներ է արձանագրել:
«Մտահոգիչ են այն հսկայական լիազորությունները, որ տրված են ոստիկանությանը եւ դատախազությանը: Նման պրակտիկան չի համապատասխանում միջազգային օրենսդրությանը: Դա մեծ չարաշահումների, բռնությունների, վատ վերաբերմունքի, խոշտանգումների աղբյուր է, որոնք գոյություն ունեն, մասնավորապես, ոստիկանությունում»,- ասաց նա:
Աշխատանքային խմբին մտահոգող հիմնական հարցերից մեկը դատական համակարգի ներքին անկախության բացակայությունն է: Խմբի նախագահի խոսքերով՝ «դատական իշխանության վրա իշխում են քննիչները եւ դատախազները», որոնց որոշումները գործնականում դատավորները մշտապես կրկնում են:
«Դրա հետեւանքն են այնպիսի երեւույթները, ինչպիսիք ազատազրկված մարդկանց մեծ թիվն է, խափանման այլընտրանքային միջոցների կիրառման՝ օրինակ՝ գրավով ազատ արձակման ինստիտուտի բացակայությունը, ինչպես նաեւ դատական որոշումներում պատճառաբանական մասի բացակայությունը եւ փաստաբանների փաստարկները հաշվի չառնելը»,- ասաց Էլ Հաջի Մալիկ Սոուն:
Նա նշեց նաեւ, որ պայմանական վաղակետ ազատում շատ քիչ է կիրառվում, քանի որ վաղակետ ազատման դիմումները հիմնականում մերժվում են:
Որոշ քրեակատարողական հիմնարկներում աշխատանքային խումբը հայտնաբերել է գերբնակեցվածություն, սանիտարահիգիենիկ վատ պայմաններ, բուժսպասարկման նվազագույն մակարդակ եւ բավարար օդափոխության բացակայություն:
Աշխատանքային խումբը նաեւ դրական տեղաշարժեր է արձանագրել, մասնավորապես, միջազգային օրենքին համապատասխանեցնելու ուղղությամբ Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների, ինչպես նաեւ դատապարտված կամ կալանավորված անձանց՝ իրենց ընտանիքի անդամներին երկարատեւ տեսակցելու հնարավորության առումով, ինչին, ըստ նախագահի, ոչ մի երկրում չի հանդիպել:
Հ.Գ. Զեկույցը հարապարկելուց հետո Կառավարությանը 2 տարի ժամկետ կտրվի հանձնարարականներին համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
Աննա Բարսեղյան
