Խախտվել է անմեղության կանխավարկածի իրավունքը

Նոյեմբերի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ։ 

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը բացահայտել էր, որ Նուբարաշենի հատուկ դպրոցի տնօրենը իր սաների նկատմամբ պարբերաբար կիրառել է սեռական ոտնձգություններ։ Էրեբունու քննչական բաժնում Մ.Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սկզբում զրպարտության, ապա՝ սուտ մատնության հոդվածով։
Գործը կարճվել է, և Մարիամի նկատմամբ կիրառված կալանքի միջոցը հանվել է հատուկ դպրոցի տնօրենի մեղավորությունը ապացուցվելուց հետո։
Հայցադիմումի մեջ նշված է, որ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը 21.08.2009թ.-ին մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարել է, որ Մարիամ Սուխուդյանը անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասներին դրդել պատժելի արարքների։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում նույնպես խախտել է Մ.Սուխուդյանի՝ անմեղության կանխավարկածի իրավունքը՝ նրան անվանելով «հանցագործ»։
Մարիամ Սուխուդյանին դատարանում ներկայացնում էր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Նա նշեց, որ հայտարարությունները, որոնք արվել են Ալիկ Սարգսյանի և Սայաթ Շիրինյանի կողմից, եղել են հրապարակային, դրանցում խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը, որի հետևանքով նրան հասցվել է բարոյական վնաս։
Փաստաբանը նաև նշեց, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, որին միացել է նաև ՀՀ-ն, անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման դեպքում նախատեսված է բարոյական վնասի փոխհատուցում։ Փաստաբանի խոսքերով՝ թեև ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում բարոյական վնասի փոխհատուցում, սակայն միջազգային փաստաթղթերը, տվյալ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ունի ավելի բարձր իրավաբանական ուժ։
Պատասխանող կողմը՝ ի դեմս Ոստիկանության իրավական պաշտպանության բաժնի պետի տեղակալ Գայանե Գասպարյանի, ներկայացրեց Ոստիկանության դիրքորոշումը։ Նրա խոսքերով՝ հայցը անհիմն է, քանի որ Ոստիկանապետի հայտարարությունը չի եղել կատեգորիկ, այլ կրել է նախնական բնույթ և արվել է վերապահումներով։ Ըստ Գ.Գասպարյանի՝ դա են ապացուցում ոստիկանապետի օգտագործած «այս պահի դրությամբ», «նախաքննությունը ավարտված չէ, թույլ տվեք, որ ավարտվի» և նման այլ արտահայտությունները։
Իսկ Սայաթ Շիրինյանի հարցազրույցը, ըստ պատասխանող կողմի ներկայացուցչի, եղել է ընդամենը հեռախոսազրույց լրագրողի հետ, որը ժամանակ Սայաթ Շիրինյանը կարծիք է հայտնել ոչ թե Մարիամ Սուխուդյանի, այլ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջագրերի վերաբերյալ։ Գ.Գասպարյանի խոսքերով՝ դա եղել է ոչ թե Ոստիկանության պաշտոնական տեսակետը, այլ իր մասնավոր կարծիքը։
Դատարանը լսեց նախապատրաստական փուլի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, կողմերի վրա դրեց ապացուցման պարտականություն։ Դատական հաջորդ նիստը՝ դատաքննությունը, կկայանա դեկտեմբերի 15-ին, ժամը 11։30-ին։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am