«Աջակցություն պրոբացիային» ցանցի և արդարադատության նախարարության միջև համատեղ գործողությունների իրականացման պայմանավորվածություններ ձեռք բերվեցին

Փետրվարի 27-ին «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի (Ցանց) անդամները հանդիպում ունեցան արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանի հետ:

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվել և հզորացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:

Միևնույն ժամանակ  «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցն իրականացնում է ԿԵՀ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պրոբացիայի ծառայության՝ Ցանցի կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքը, պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին առնչվող խնդիրներ, ինչպես նաև Ցանցի և արդարադատության նախարարության համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

Մասնավորապես, Ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը մեկ անգամ ևս նշեց պրոբացիայի ծառայության շահառուների և ծառայողների հետ անմիջական հարաբերվելու կարևորությունը։ Պրոբացիայի ծառայությունը, որպես համայնքահեն կառույց, կարիք ունի քաղաքացիական հասարակության աջակցության։ Մշտադիտարկման արդյունքները տեսանելի կդարձնեն հնարավոր համագործակցության եզրերը, ոլորտում առակ բացերը և հեռանկարները։

Փոխնախարար Ս. Քրմոյանը ողջունեց մշտադիտարկում իրակակացնելու գաղափարը, միևնույն ժամանակ կարևորելով պրոբացիայի շահառուների անձնական տվյալների պաշտպանությունը։

Փոխնախարարը Ցանցին պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմների կատարելագործման ոլորտում համագործակցելու կոչ արեց։

Հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ ուղղված հետագա համատեղ գործողությունների իրականացմանը։

                                                                                                                       

                                    

«Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` իր գործընկերներ «Աստղացոլք» ՀԿ-ի,  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով  գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:   
Ծրագրի բյուջեն կազմում է 25 միլիոն ՀՀ դրամ, որից 22,5 միլիոն դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից:   Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: