Որոշում.«ԳԱԼԱ»-ն պետք է ապամոնտաժի հեռարձակման սարքավորումները

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը պարտավորեցնել է 1-ամսյա ժամկետում հեռուստաաշտարակի վրայից  ապամոնտաժել իր հեռարձակող սարքավորումները' անփոփոխ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Վերաքննիչը որոշումը կայացրել է ապրիլի 26-ին:

Հիշեցնենք, Շիրակի մարզում հեռարձակող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը 2008թ. նախագահական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում լուսաբանում էր նաև ընդդիմության հանրահավաքները և գործունեությունը: Այդ ժամանակահատվածից սկսած հեռուստաընկերությունը խնդիրների առաջ է կանգնում, ինչը մեկնաբանվում է` որպես քաղաքական վրեժխնդրություն:

Արդեն երեք տարի է սահմանափակվում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործունեությունը, նախ 2008 թ-ին փորձ արվեց փակել «ԳԱԼԱ»-ն' մոտ 27 միլիոն դրամ տուգանք սահմանելով հեռուստաընկերության նկատմամբ: Արդյունքում հասարակական ակտիվիստների միջոցով կազմակերպվեց հեռուստամարաթոն-դրամահավաք, որի արդյունքում հավաքվեց անհրաժեշտ 26,5 մլն դրամ գումարը:

Հետո' 2010թ.-ի դեկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում «ԳԱԼԱ»-ին տրվեց 14 միավոր, ինչը նշանակում է` 2015 թվականից «ԳԱԼԱ»-ն զրկվելու է լիցենզիայից:

Այս որոշումներին հաջորդեցին դատական քաշքշուկները: Հեռուստաաշտարակը, որ գտնվում է Գյումրու Վազգեն Սարգսյան 6/1 հասցեում 2007 թ-ին սեփականաշնորհվել է Գյումրու քաղաքապետարանի կողմից, որն էլ պահանջել է ազատել հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ին պատկանող սարքավորումներից:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ի պատասխան «Ժառանգության» ներկայացուցիչների հորդորներին հայտարարել է, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ գնալու է մինչև վերջ»:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ընդառաջ գնալով քաղաքապետարանի պահանջին, դեռեւս 2008-ի ապրիլի 14-ին  պարտավորեցնել էր 1-ամսյա ժամկետում հեռուստաաշտարակի վրայից  ապամոնտաժել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հեռարձակող սարքավորումները: Վերաքննիչ դատարանը մնացել էր նույն դիրքորոշմանը, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանն այնուհետ բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ  շարունակելու է իր իրավունքի պաշտպանության համար դիմել դատական ավելի բարձր ատյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարան, նաեւ' Եվրոպական դատարան:

2008 թ.-ին քննված մեկ այլ՝ հարկային ստուգումներին եւ հեռուստաընկերությանը պարտադրված տուգանքին առնչվող գործով, «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը դեռեւս 2009 թ. մարտի 13-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am