NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարը պետք է դարձնել արդյունավետ
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն' ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման, ապօրինի ծառահատումներ կատարած անձանց, անտառտնտեսությունների աշխատակիցների գործողություններին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու ու միատեսակ իրավակիրառ պրակտիկա ապահովելու, ոլորտում իրավախախտումները ժամանակին արձանագրելու և իրավապահ մարմիններին ուղարկելու վերաբերյալ:
Խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Նա շեշտել է, որ ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարը պետք է դարձնել արդյունավետ և այդ ուղղությամբ մշտական, հետևողական ու շարունակական միջոցառումներ պետք է իրականացնել: Ա. Թամազյանը ներկաներին տեղեկացրել է, որ նախատեսվում է հիշյալ ոլորտում խստացնել պատժողական քաղաքականությունը, և այդ կապակցությամբ ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագիծ:
Ըստ Ա. Թամազյանի' անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հայտնաբերված խախտումների կապակցությամբ ձեռնարկված միջոցների, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու, պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու, հանցակազմ պարունակող իրավախախտումների մասին նյութերն իրավապահ մարմիններին ժամանակին ուղարկելու, արձանագրված իրավախախտումներին պատշաճ ձևով ընթացք չտալու դեպքերի առկայության, չբացահայտված ապօրինի անտառահատումների փաստերով պետությանը պատճառված վնասի, վարչական տույժերի նշանակման և դրանց գանձման, իրավախախտման գործիքների, միջոցների, առգրավված անտառանյութի տնօրինման վերաբերյալ հարցադրումներին:
Միաժամանակ մարզերի դատախազներին հանձնարարվել է ապօրինի ծառահատումների, ոլորտի վերաբերյալ օրենսդրության խախտումների բոլոր դեպքերը հաշվառել' համագործակցելով իրավասու մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ, ինչպես նաև միատեսակ իրավակիրառ պրակտիկա ապահովելու նպատակով հատուկ քննարկման առարկա դարձնել ապօրինի ծառահատումներ կատարած անձանց, անտառտնտեսությունների աշխատակիցների արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցերը:
Նիստին մասնակցել են նախագահի վերահսկողական ծառայության, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության, մարզերի և մարզերի դատախազությունների պետական շահերի պաշտպանության ոլորտը սպասարկող դատախազները:
Աղբյուրը՝ www.genproc.am
