Միջնորդությունը մերժված է. դատարանը չընդունեց Խալաֆյանի կյանքի իրավունքի խախտման փաստերը

Այսօր՝ մայիսի 17-ին, Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում սպանված Վահան Խալաֆյանի գործով դատարավությունը:

Այսօր կողմերը ներկայացրեցին իրենց միջնորդությունները:

Խալաֆյանի իրավահաջորդի պաշտպան Արտակ Զեյնալյանը ներկայացրեց իր միջնորդությունը, այն է' վերասահմանել վերաքննության կարգը, կատարել քննչական փորձարարություն, դատարան հրավիրել և կրկին հարցաքննել վկաներ Կամո Միրումյանին, Սամվել Տոնոյանին՝ ըստ պահանջի մեջ նշված հաջորդականության:

Զեյնալյանը միջնորդեց ճանաչել Վահան Խալաֆյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության և կյանքի իրավունքների խախտման փաստերը, ինչպես նաև' խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից ազատ լինելու իրավունքի խախտման փաստը:

Դատարանը խորհրդակցելով մերժեց Արտակ Զեյնալյանի միջնորդությունները:

Գործով գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն իր հերթին միջնորդեց հարցաքննել մի քանի վկաների, այդ թվում՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի 4 աշխատակիցների:  Վերաքննիչ դատարանն այս միջնորդությունը կքննարկի հաջորդ նիստի ընթացքում՝ մայիսի 26-ին:

Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը' www.hra.am