NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄԻՊ–ն ունի եռօրյա ժամկետում պատասխան ստանալու առավելություն

«Մենք հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ դատավորը անկախ է իրեն զգում օրենքից, և նույն դատական համակարգում կա որոշակի անպատժելիության մթնոլորտ»,- իր մտահոգությունը կիսեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Արդար դատաքննության իրավունք» թեմայով ֆորումում։
Մարդու իրավունքների պաշտպանը 2011 թ. հունվարի 1-ից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում տալու լիազորություն ունի: Դատական ակտի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում, ինչպես շատ այլ պետական մարմիններ և անձինք, պաշտպանը ևս իրավունք ունի հաղորդում տալ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Պաշտպանը մյուսների համեմատ ունի մեկ իրավական առավելություն. եթե հաղորդում ստացած մարմինը կարող է երբեմն առանց քննության վերադարձնել այն, ապա պաշտպանի հաղորդումը նա պարտավոր է քննարկել և ընդունված որոշման մասին հայտնել եռօրյա ժամկետում:
ՄԻՊ գրասենյակին ուղղված դիմումների մոտ 40 %-ը բողոքներ են դատարաններից և դատարաններից պաշտպանելու խնդրանքներ, ինչին միջամտելու իրավասություն պաշտպանը չունի. «Ես իրավունք ունեմ պահանջել և ստանալ միայն ավարտված գործերի վերաբերյալ նյութերը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում կարող եմ տալ դատական ակտի կայացումից հետո' մեկ տարվա ընթացքում»,-պարզաբանեց Կ. Անդրեասյանը:
«Արդար դատաքննության իրավունք» ֆորումը տեղի ունեցավ մայիսի 18-ին, որը կազմակերպել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը' «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
