NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օրինազանց դատավորներին պետք է «զսպել»

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը խիստ մտահոգված է դատավորների ապօրինի գործունեությամբ: Նա համոզված է, որ բոլորը' թե դատավորները, թե դատախազները, թե փաստաբանները վախենում են լրատվամիջոցներից և մամուլի միջոցով պետք է պայքարել ու զսպել ապօրինությունները:
«Կարծես ամեն ինչ արվում է, բայց իրադրությունը չի փոխվում: Փոփոխում են օրենքները, բայց խնդիրը լուծում չի ստանում: Նույն դատավորն իրար հակասող որոշումներ է կայացնում, ու մենք արդեն չգիտենք՝ ինչպես պայքարել: Մնում է հանրային պարսավանքի միջոցով զսպենք նրանց»,-իր մտահոգությունը կիսեց Ռուբեն Սահակյանը «Արդար դատաքննության իրավունք» թեմայով ֆորումում, որը կազմակերպել էին Փաստաբանների պալատն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Փաստաբանները դժգոհեցին դատավորների՝ նախադեպային որոշումներն անտեսելու, դատախազների և քննիչների հետ շփումների ու նույնատիպ իրադրություններում իրարամերժ որոշումներ կայացնելու համար:
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը կախարդական փայտիկով նրանց ասում է' մենք մեկին կպատժենք, կհանգստացնենք հասարակությանը, թե տեսեք մենք պայքարում ենք ապօրինությունների դեմ, բայց դուք շարունակեք աշխատել նույն ապօրինի ոճով»,-ասաց Ռուբեն Սահակյանը:
Դատական դեպարտամենտի առաջին քարտուղար Նորա Կարապետյանը նշեց, որ դատական համակարգը չի կարող մեխանիզմներ ունենալ հետևելու յուրաքանչյուր նիստի և խնդրեց խախտումների մասին տեղեկացնել. «Եթե փաստաբաններն ականատես են լինում, որ դատախազները հանդիպում են դատավորներին՝ խնդրում եմ անպայման դրա մասին տեղեկացրեք: Մինչև ձեր արձագանքը դատական համակարգը չի ստանում, այդ խնդիրը լուծում չի կարող ստանալ»։
Ֆորումին ներկա փաստաբաններն նշեցին, որ ցանկության դեպքում բոլոր ապօրինությունների մասին էլ հնարավոր է իմանալ, քանի որ դատարաններում տեսաձայնագրող համակարգ կա, որն ամեն ինչ արձանագրում է. ընդամենը պետք է ուշադիր լինել և ցանկություն ունենալ տեսնելու ապօրինությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անիրավ, անարդար դատավորներին համարում է մեր հասարակության թշնամիներն ու ամենամեծ վնասարարները. «Այսօր իրավական կանխատեսելիություն և իրավական որոշակիություն չկա. մի գործով մեկ ատյանը ընդունում է ինչ-որ որոշում, նմանատիպ այլ գործով մեկ այլ ատյանը ընդունում է բոլորովին այլ որոշում: Նույն ատյանում, նույն դատավորի մոտ նույնաբովանդակ գործերով որոշումները կարող են տարբեր լինել: Դատական համակարգը հաշվի չի առնում նախադեպերը, ինչը պատճառաբանվում է դատարանի ունեցած հայեցողության լայն շրջանակով կամ կոնկրետ գործի հանգամանքներով»:
Կ. Անդրեասյանն իր աջակցությունը հայտնեց Փաստաբանների պալատին՝ խոստանալով իր իրավասությունների շրջանակում օգտակար լինել հնարավորինս շտկելու իրավիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը 2011 թ. հունվարի 1-ից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում տալու լիազորություն ունի և հաղորդում ստացած մարմինը պարտավոր է քննարկել և ընդունված որոշման մասին հայտնել եռօրյա ժամկետում:
Փաստաբան Կարեն Մեժլումյանի կարծիքով՝ դատավորները բաց չեն երկխոսության համար և եթե չկա երկխոսություն, այլ բան չի մնում, քան նրանց ապօրինի որոշումները հրապարակային դարձնելը:
Ռ. Սահակյանը հնչեցնելով անուններ՝ կոչ արեց համատեղ պայքարել նրանց դեմ. «Գուցե նամակ ուղարկենք նրանց ծնողներին, կանանց, երեխաներին և ասենք' հորդորեք ձեր հարազատներին չխախտել օրենքը: Գուցե հարևաններին հորդորենք, որ վաղը տնից դուրս գալիս, մինչ նա կնստի իր մեքենան, մոտեցեք ու ասեք' ողորմած, ինչու ես խախտում օրենքը, չէ որ դու ինձանից տասնապատիկ ավելի աշխատավարձ ես ստանում: Ինչո՞վ ես դու ինձանից ավելի լավ' քո արյունը կապո՞ւյտ է: Քո արյունը սև է, որ դու այդպես ես գործում, դու մարդատյաց ես»:
Ֆորումի ընթացքում կազմվեց փաստաբանների, լրատվամիջոցների և հասակական կազմակերպությունների ներկայացուցիչների խումբ, ովքեր պատրաստ են ներկայացնել դատավորների ապօրինի որոշումներ, քննարկել դրանք, բարձրաձայնել դրանց մասին լրատմամիջոցներով և պարսավանքի արժանացնել օրենքը չկիրառողներին։
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
