NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդար վճռի ակնկալիք. «Երկիր» օրաթերթի դեմ դատաքննությունն ավարտվեց
Այսօր ավարտվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի' «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացրած զրպարտության և վիրավորանքի հայցի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» օրաթերթին' իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: «Երկիր»-ի «131 դեմք ու դիմակ» խորագիրը ներկայացնում է ԱԺ 131 պատգամավորներին. այս տարվա հունվարի 13-ի համարի հերթական հոդվածը ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին էր:
Պատգամավորի կարծիքով՝ «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող» արտահայտությունները վիրավորական են, իսկ պնդումները, թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան տանում-բերում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի» արտահայտությունները «զրպարտություն» է ։
Դատական նիստում պատգամավորի փաստաբան Վահե Հովսեփյանն ամբողջությամբ պնդեց հայցը' պահանջելով պարտավորեցնել «Երկիր» թերթին հրապարակել պատգամավորի պատասխանը, ինչպես նաև՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար որպես փոխհատուցում վճարել 3 միլիոն 568 հազար դրամ: ԱԺ պատգամավորի ներկայացուցիչը բազմիցս կրկնում է, որ եթե օրենքով նախատեսված լիներ առավելագույնը 10 մլն դրամի փոխհատուցում, ապա նրանք կպահանջեին առավելագույնը։
«Դատաքննությունն անցավ նորմալ, ես ակնկալում եմ, որ հայցը կբավարարվի»,- ասաց փաստաբան Վահե Հովսեփյանը։
«Երկիր» թերթի ներկայացուցիչները ևս ամբողջությամբ պնդեցին իրենց պատասխանը' Արզաքանցյանի պահանջները որակելով հիմնազուրկ:
«Ես կարծում եմ՝ դատաքնննությունը նորմալ անցավ, ներակայցվեց այն, ինչ պետք է ներկայացվեր։ Հույս ունեմ, որ կկայացավի արդար վճիռ՝ հաշվի առնելով ներկայացված հանգամանքները։ Տվյալ հրապարակման մեջ ես դժվարանում եմ գտնել վիրավորանք կամ զրպարտության տարրեր. դա հայցվորի սուբյեկտիվ մոտեցումն ու ընկալումն է»,- իր կարծիքը կիսեց «Երկիրի» ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Դատավոր Ռ. Ափինյանը վճիռը կհրապարակի հունիսի 8-ին:
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
