NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համաներման նախագծի քվեարկությունը՝ վաղը
Այսօր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Աժ որոշման նախագիծը: Նախարարը նշել է, որ համաներումը Հայաստանի Նախագահի բարի կամքի դրսևորում է, հումանիստական քայլ: «Սա բնավ չի նշանակում զգոնության թուլացում: Ավելին, ապագայի հանդեպ մեր ունեցած մտահոգությունները մեզ պարտադրում են լինել էլ ավելի անհանդուրժող օրինախախտումների հանդեպ»,- հայտարարել է արդարադատության նախարարը: Նա տեղեկացրել է, որ համաներման արդյունքում 396 դատապարտյալ ազատ կարձակվի, 379 անձանց պատժաչափիի վրա այն կտարածվի մասնակիորեն: Այս թվերը դեռևս ենթակա են փոփոխման. պատճառված նյութական վնասի փոխհատուցման դեպքում համաներումը կկիրառվի նաև 348 անձանց վրա, ինչպես նաև, նախնական կալանքի տակ գտնվողներին ընդգրկելով, նրանց թիվը կավելանա ևս 20 տոկոսով:
Համաներման այս որոշումը կվերաբերվի մինչև սույն թվականի մայիսի 1-ը հանցագործություն կատարած անձանց, իսկ որոշման պահանջները կկատարվեն մինչև սեպտեմբերի 21-ը:
Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում սա 9-րդ համաներումն է և իր ծավալներով ու հոդվածների ընդգրկվածությամբ տարբերվում է նախորդներից, մասնավորապես վերջին' 2009 թ.-ին կիրառված համաներումից: Եթե որոշ դեպքերում այս համաներումը կընդգրկի նոր հոդվածներ, ապա կաշառակերությունը, ինչպես նաև՝ ընտրական իրավունքի դեմ կատարված հանցագործությունը, որպես պետական քաղաքականություն, չեն ենթարկվի համաներման: Խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Նախագահի համաներման առաջարկը' տալով դրական եզրակացություն:
Նախագծի քվեարկությունը կկազմակերպվի վաղը՝ մայիսի 26-ին, երբ կներկայացվի փաստաթղթի վերջնական տարբերակը:
Աղբյուրը՝ www.hra.am
