Պահանջում է քրեական հետապնդում սկսել դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջում է սկսել քրեական հետապնդում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարքի' անձին ազատությունից ապօրինի զրկելու համար:

23.05.2011 թվականին ՀՀ Աժ-ի կողմից ընդունվել է և 25.05.2011 թվականից ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 37-րդ հոդվածի համապատասխան' ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել: Տիգրան Փոստանջյանին, ով արդեն 16-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, մեղադրանք է առաջադրվել հենց այդ' 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով։

«Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, ում վարույթում է գտնվում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, պարտավոր էր անհապաղ դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և որոշում կայացնել Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին»,–ասված է Զարուհի Փոստանջյանի հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան, ժամը 9.00-ին, Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին' պահանջելով դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդումը և որոշում կայացնել անհապաղ ազատ արձակել նրան:

«Չդադարեցնելով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և որոշում չկայացնելով Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին' Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարք' «Ազատությունից ապօրինի զրկելը»: Հիմք ընդունելով վերոգրյալը' պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու համար և սկսել քրեական հետապնդում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարքի' անձին ազատությունից ապօրինի զրկելու համար»,– ասված է հաղորդագրությունում:

Մայիսի 27–ին Զարուհի Փոստանջյանը իր եղբոր հացադուլի մասին նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին և «Հայկական կարմիր խաչ» ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2011 թվականի մայիսի 11-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ՀՀ քաղաքացի Տիգրան Փոստանջյանը: Մինչ օրս նա դուրս է մնացել բժշկական պատշաճ վերահսկողությունից: Խնդրում եմ վերոնշյալ տեղեկատվությունը ընդունել ի գիտություն և միջոցներ ձեռնարկել` հացադուլավորին բժշկական պատշաճ վերահսկողությամբ ապահովելու ուղղությամբ»։